Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են «սաղացնել» ձիու, սատկած խոճկորի եւ սառեցված-հետ բերված միս (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2011 16:26

«Գումի» եւ Կոմիտասի շուկաներում հայտնաբերվել է ձիու եւ սատկած կենդանու միս: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը, ավելացնելով, որ «Գումի» շուկայի ձի վաճառողի տաղավարի հետնամասում գտել են ձիու ամբողջական մարմինը. այն դեպքում, երբ այդ միսը վաճառվել է տավարի մսի փոխարեն: Ըստ նրա, բացի այդ, «Գումի» շուկայում հայտնաբերվել է նաեւ սատկած խոճկորի միս, որի համար տվյալ տաղավարը տուգանվել է 400 000 դրամով. «Ստուգումների ընթացքում խախտումները բավական շատ են եղել, որոնց թվում՝ առանց փաստաթղթերի ուղեկցման վաճառվող միսը, վաճառքի համար հակահիգիենիկ ոչ սառնարանային պայմանները: Այդ ամենի համար տուգանքի գումարը 2 միլիոն դրամից ավելի է կազմել»:

Բաբկեն Պիպոյանի խոսքերով, եթե քաղաքացին չցանկանա, որ իրեն բացօթյա տարածքում միս վաճառեն` խախտելով պահպանման կանոնները, ապա դա չի վաճառվի. «Հիմա ցուրտ է, եւ օդի սառնության պատճառով, շատ ներողություն, մարդկանց քթից արտադրություն է գալիս, տարբեր մարդիկ դրսում վաճառվող միսը վերցնում են ու հոտ քաշում եւ չեն գնում, իսկ մյուսը գնում է եւ տանում իր տուն: Զզվելի է ուղղակի, այդպես չի կարելի: Դրա համար պետք է վերացնել սննդամթերքների բացօթյա վաճառքը»:

Խոսելով սառեցված հետ բերված միսը թարմի տեղ «սաղացնելու» մասին, նա ասաց, որ գնորդները կողմնորոշվելու եւ տարբերակելու համար կարող են մսավաճառներին խնդրել, որ նա մատով սեղմի միսը. «Թարմ միսն արագ է հետ գալիս եւ վերականգնվում: Ներկրված մսերը, ի տարբերություն նախորդ ուսումնասիրության, այս անգամ սերտիֆիկատ ունեցել են, իսկ անվտանգության տեսակետից արդեն իսկ դրանք ստուգվում են ներմուծվելիս»:

Անդրադառնալով կաթնամթերքի շուկայի ստուգումներին, նա ասաց, որ դեռեւս 2 ամիս առաջ էին այդ շուկայում ստուգումները սկսել, որոնք հիմա վերջնական փուլում են, վարույթներն ավարտվել են ու մոտ օրերս արդյունքները կներկայացվեն:

Այն հարցին, թե ինչո՞ւ է թույլատրվում գործարար Սամվել Ալեքսանյանի օղիների վաճառքը, այն դեպքում, երբ դրանից շատ թունավորումներ են լինում, պարոն Պիպոյանը պատասխանեց. «Այս շուկայում մենք 6 ամիս առաջ ենք ուսումնասիրություն կատարել, սակայն խնդիրը հայտնի է` Հայաստանում կան օղիներ, որոնք արտաքուստ միմյանց շատ նման են: Բնական է, որ 700 եւ 3000 դրամանոց օղիներ խմելուց հետո ինքնազգացողությունը պետք է տարբեր լինի»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031