Ե՞ րբևէ մտածել եք, որ օրերից մի օր կարող է սեփական երկրի նախագահի հետ նույն ինքնաթիռով մեկնեք ճամփորդության: Ո՞չ: 20-ամյա Ռոզա Աբրահամյանը եւս չէր մտածում՝ անգամ ամենացանկալի երազում: Սակայն, դեկտեմբերի 12-15-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհին աշխատանքային այցով մեկնեց Իտալիա և Վատիկան: Եթե Նախագահի համար այցը աշխատանքային էր, ապա Ռոզայի համար՝ չանաճողական. «Ինքնաթիռից իջնելուն պես՝ զգացի Իտալիայի հոտը, յուրահատուկ բույր ուներ այդ երկիրը: Հետո երբ ուշքի եկա, լսեցի իտալացի վարորդի ձայնը, ում մենքենայով հասանք հյուրանոց»: Ռոզան այս ճամփորդության համար մասնակցել էր մրցույթի, որ հայտարարել էր «Մեդիմաքս» լրատվական գործակալությունը: Պետք էր գրել շարադրություն «Հայաստանը ես եմ» վերնագրով. «Ընկերուհիս ասաց, որ նման մրցույթ կա. մի բան գրեմ-ուղարկեմ: Ես էլ տուն գնալուց հետո, գրեցի իմ ու ընկերուհուս այդ օրվա մասին: Հետո կայքում տեսա, որ ներկայացված նյութերից շատերում հեղինակները ավելի գեղարվեստական բաներ են գրել: Սկսեցի ես էլ էտպես գրել, ճոխ խոսքերով և այլն: Գրեցի-ջնջեցի, գրեցի-ջնջեցի: Վերջում ոչ մեկը դուրս չեկավ, ու որոշեցի առաջին գրածս էլ ուղարկել»: Պարզ, հասարակ, բայց խոր ասելիքով նյութի հեղինակը գրել շատ չի սիրում, սակայն գրելուց էլ լավ է գրում. փաստում են նրա դպրոցական շարադրությունները, որոնց տակ միշտ 5 թվանշանն է եղել. «Բայց մրցույթի ուղարկած շարադրությունս այդքան էլ ինձ դուրս չէր գալիս: Չէի մտածում, որ կհաղթեմ, չնայած շատ էի ուզում»: Ռոզան հաղթանակի մասին իմացավ հեռախոսով, իսկ մոտ մեկ ամիս անց կապեց ճամպրուկներն ու գնաց Զվարթնոց օդանավակայան՝ Հայաստանի թիվ 1 ինքնթիռով թռչելու Իտալիա. «Գնացինք օդանավակայան: Ես ու հայրս էինք: Մտանք VIP սրահ, այնտեղ մեր նախարարներ էին, որոնք պետք է մեկնեին նախագահի հետ: Նստեցինք ինքնաթիռ: Ես առաջին անգամ էի նստում, մտածեցի՝ կվախենամ, բայց լավ թռանք: Ինքնաթիռում քաղաքապետի դիմաց էի նստած, բայց իրար հետ չենք խոսել: Առաջինը ծանոթացել եմ Մերի Հարությունյանի հետ՝ նախագահականի հասարակայնության հետ կապերի վարչության պետի, այնուհետև՝ լրագրողների: Նրանք շատ շփվող էին, հիմնականում նրանց հետ էի լինում»: Ռոզան Վատիկանում անձամբ հանդիպել ու սեղմել է Հռոմի պապի ձեռքը, իսկ մեր երկրի նախագահի հետ երկար չեն հասցրել զրուցել. «Ինքնաթիռում եկավ, հարցրեց՝ ո՞նց է թռիչքը: Հետո Սուրբ Ղազար կղզում՝ ճաշկերույթի ժամանակ, երբ միաբաններից մեկը հատուկ խմեց իմ կենացը, նախագահն իր մոտ կանչեց, շնորհավորեց: Մաղթեց, որ նույն հաջողությունով շարունակեմ մյուս աշխատանքներս»: Ճամփորդության ընթացքում Ռոզան հասցրել է ուսումնասիրել թե´ իտալական մշակույթը, թե´ իտալացիներին. «Ճիշտ են ասում, որ իտալացիներն ու հայերը նման են իրար: Այնտեղ չէի կարողանում տարբերել, ինձ թվում էր, որ բոլորը հայ են, բայց խոսում են իտալերեն: Խառնվածքով, դիմագծերով շատ նման են: Նայում էի իտալացու, ասում էի՝ ջան հայ է: Միայն իտալերեն խոսելուց էի հասկանում, որ սխալվել եմ»: Ուսանողուհին Սուրբ Ղազար կղզում հանդիպել է նաև Իտալիայում ապրող ընկերուհուն. «Սոցիալական կայքերից մեկում էինք ծանոթացել մի քանի տարի առաջ: Անցյալ տարի ինքն էր եկել Հայաստան, ու երբ ճանապարհում էի իրեն, ասացի՝ հաջորդը ես եմ գալու, բայց չգիտեի, որ այսքան շուտ կլինի»: Ռոզայի հետ զրույցի ընթացքում հարցրի, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանը ապագայում. «Շատ եմ ուզում երկու Հայաստանները՝ Արևմտյանն ու Արևելյանը միացած տեսնել, Արարատը՝ մեզ մոտ: Եվ հույսս, ոչ թե ապագայի, այլ մեզ վրա եմ դնում, մենք պետք է հետ բերենք: Շատ երիտասարդներ ունենք, որ սովորում են ու քեֆդ բերում է: Նրանց պետք է ամեն ձևով Հայաստանում պահել, որպեսզի կարողանանք ունենալ այն Հայաստանը, որ յուրաքանչյուրս էլ կցանկանայինք»: Ռոզա չնթաքցրեց ու ասաց նաև, որ այսօր երիտասարդները շատ «թամբալ են». «Մեր տարիքի երիտասարդները թամբալ են, մեկն էլ ես: Ուղեղ ունեն, բայց չեն օգտագործում: Օրինակ՝ եթե ես շատ ծույլ չլինեի, հիմա ավելի շատ բաների հասած կլինեի. ժամանակին չզբաղվեցի ու հիմա անգլերեն չգիտեմ»: Ապագա տնտեսագետը միշտ հավատեցել է սեփական ուժերին ու գիտի, որ կարող է հաղթահարել ծուլությունն ու հասնել իր նպատակներին, իսկ դրանք շատ-շատ են. «Միշտ երազել եմ Կենտրոնական բանկում աշխատել: Դեռ դպրոցում էի սովորում, երբ մեզ տարան Հայաստանի կենտրոնական բանկ: Ես նստել էի բանկի նախագահի աթոռին ու այդ օրվանից երազում եմ աշխատել այնտեղ»: Ռոզան եկող տարի կավարտի համլասարանի բակալավրն ու կընդունվի նաև մագիստրատուրա. լավ է սովորում, քանի որ պետք է ոչ միայն իր երազանքները կատարի, այլ նաեւ՝ մայրիկի. «Մամաս միշտ ցանկանում էր, որ ես գիտնական դառնամ, երևի ապիրանտուրա էլ կսովորեմ, որ գոնե գիտական աստիճան ունենամ»: Այս տարի ուսանողուհին Ձմեռ պապից խնդրել է այն, ինչն Ամանորի գիշերը նաև մտքում պահելու է՝ որպես երազանք. «Աշխատանք եմ ուզել Ձմեռ պապիկից. լավ կլինի Կենտրոնական բանկում (ծիծաղում է. հեղ.)»: Ռոզան պատմեց, որ բացի դաս սովորելուց ու արկածային գրքեր կարդալուց՝ սիրում է նաև նկարել, իսկ Հայաստանի նախագահի պաշտոնում իրեն չի պատկերացնում, քանի որ լարվածությունը, պատասխանատվությունը շատ է. «Իմ աչքով տեսա մեր նախագահի աշխատանքը ու ինձ որ հաստատ չեմ պատկերացնում այդ պաշտոնում»: Զրույցի վերջում Ռոզան հիշեց, որ վերջերս իր սենյակի դարակներից մեկից գտել է մի նոթատետր, որում տարիներ առաջ հարցեր էր գրել, որոնց պետք է պատասխանի կյանքի ընթացքում. «Հարցերից առաջինի պատասխանն արդեն ունեմ. Հայաստանից դուրս առաջին անգամ ո՞ւր կմեկնեմ: Իտալիա»: 20-ամյա Ռոզա Աբրահամյանի նոթատետրի հարցերը բավականին շատ են, ինքն էլ դեռ շատ երիտասարդ. այնպես որ. «Ոչ մի հարց չպետք է անպատասխան թողնեմ, ամեն ինչ պետք է հասցնեմ»: