Այսօր «Հայելի» ակումբում «Ամանորը հոգեւոր, կենցաղային եւ ավանդական հիմքով» թեմայով ասուլիսին, լրագրողների հետ հանդիպեցին Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, «Աշխարհը ձեր խոհանոցում» գրքի հեղինակ, բանաստեղծուհի Սոնիա Թաշչյանը, ազգագրագետ Գոհար Ստեփանյանը:
«Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը ցանկացավ, որ ասուլիսը սկսվի հոգեւոր կերպով եւ Ամանորը նույնպես հոգեւոր մեկնարկ ստանա:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց. «Մարդն ինքնին կրոնական միստիկ էակ է, նրա կյանքը ժամանակավոր բնույթ ունի այս ամենի ներքո: Ամանորը կրոնական զգացմունքների արտահայտումներից մեկն է, մենք քրիստոնյա լինելով նշում ենք Ամանորը, որը ավանդաբար շարունակվում է եւ տոնվում: Եկեղեցում նույնպես նշվում է Ամանորը, դեկտեմբերի 31-ին, ժամը 24-ին աղոթքի արարողություն է կատարվում, իսկ առավոտյան՝ պատարագ»:
Տեր Հակոբը հավելեց, որ Ամանորը հեթանոսական տոն է . «Մեր կյանքի կարեւոր կանգառներից մեկը Սուրբ Ծնունդն է: Քրիստոսի աստղի ուղղորդությամբ է շարունակվում մեր կյանքը: Կարեւոր է ամեն տոն նշելիս սեղանը պատրաստել եւ զարդարել հոգեւոր կերպով, մենք դրանով նաեւ մեր քրիստոնեական զգացմունքներն ենք արտահայտում: Մեր ընտանիքներն ավելի ամուր կլինեն, եթե համերաշխ այցելեն եկեղեցի եւ Աստծուց շնորհակալություն հայտնեն նախորդ եւ գալիք տարվա համար»:
Կարդացեք նաև
Բանաստեղծուհի Սոնիա Թաշչյանը հիշում է, որ Ամանորին իր տատիկը պատրաստում էր հնդկահավ, ղափամա, պասուց տոլմա, տարեհաց, ավելուկով եւ լոբով աղցաններ, սրանք էին համարվում հին հայկական ամանորյա կերակուրները: «Նոր Տարին ուրախություն է տալիս, հին ժամանակներում մարդիկ մոռանում էին նախորդ տարվա խռովություններն ու անհաշտությունները, տարին սկսում էին նոր ուրախ տրամադրությամբ, եւ բնավ կարեւոր չէր սեղանի առատությունն ու ճոխությունը: Բուդը, որը գրեթե բոլոր հայկական ընտանիքներում դարձել է սովորություն, հայկական չէ, այն ուղղակի տհաճ է: Հնդկահավն ու ձուկը ավելի սազական են ամանորյա սեղանին»,- նշում է բանաստեղծուհի Սոնիա Թաշչյանը:
Ազգագրագետ Գոհար Ստեփանյանը ասուլիսի վերջում հավելեց. «Եկեք առօրյա կյանքում ժուժկալ լինենք, բայց տոնական օրերին ստեղծենք տոնական մթնոլորտ: Ամանորի հետ կապված ճոխ սեղանների մրցավազք կա, բայց ավանդականի ձգտումը թող համեստ առատությունը լինի, եւ ոչ թե պարտքերն ու հոգսերը: Կարելի է մրգերի եւ չրեղենների տարբեր տեսակներ դնել սեղանին, տոնածառը զարդարել յուրօրինակ ձեւով եւ ընտանիքի տաք մթնոլորտում նշել տոնը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ