«Տոն նշելը պատմական ներկայի ու անցյալի միջեւ կապը պահելն է»,- ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Այսօր «Հենարան» ակումբում կազմակերպվել էր հանդիպում լրագրողների հետ: Թեման էր` «Ի՞նչ դնել սեղանին, ավանգարդի և ազգային ավանդույթների զուգակցումը»: Ազգագրագետը խորհուրդ է տալիս` այնպես անել, որ ավանգարդի եւ ազգայինի զուգակցումը չվերածվի գավառականության: Ըստ նրա, հասարակության մեջ կա փնտրտուք՝ էվոլյուցիայի հետեւանքով վերացված արժեքների վերականգնման ուղղությամբ:
Բարեբեր եւ ծիսական գործողություններ. Նոր տարվա նշվելը , ըստ մասնագետի, կապված է եղել հենց սրանց հետ: Խոսելով ուտեստների մասին, ազգագրագետն ասում է. «Մենք այսօր ուշադրություն չենք դարձնում ուտեստ երեւույթին: Ամանորյա սեղանին պետք է դրվեն հատիկավոր ու պատիճավոր ուտելիքներ, տարեհաց, խնձոր, նուռ, ընդեղեն»: Անցյալում մսեղեն չի եղել` համենայն դեպս ծննդյան օրերին, քանի-որ դա համընկնում էր պասի շրջանի հետ:
«Առավոտին» տիկին Խառատյանն ասաց, որ հայկական Նոր տարին Ձմեռ պապ էլ չի ունեցել, սակայն այդ հասկացությունը հաջող մուտք է գործել մեր մտածելակերպ:
Հանդիպմանը նա լրագրողներին եւ հասարակությանը մաղթեց՝ խաղաղություն, հոգու ներդաշնակություն:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Կարդացեք նաև