Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Միայն իմպիչմենթով խելացի ընտրողին փողոց չես հանի»

Դեկտեմբեր 26,2011 14:27

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Անահիտ Բախշյանն ամփոփեցին տարին: Լրագրողների հարցին` ո՞րն է ձեր ամենամեծ ձեռքբերումը` ողջ տարվա ընթացքում` Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ Ազատության հրապարակում 15 օրվա ներկայությունն էր. «Որպես բողոքի մի արտառոց ձեւ` մեզ շատ բան տվեց, երբ վերադարձանք խորհրդարան` հասկացանք, թե որքան մեծ իմունիտետ էինք ձեռք բերել ԱԺ-ի՝ հասարակությանը բարեկեցիկ դարձնող, հասարակությանը առաջ տանող, Ստամբուլը եւ Բաքուն արյան ծով դարձնող էդ բոլոր ելույթների դեմ: Խորհրդարան վերադառնալուց հետո հասկացանք, թե դա ինչ իրականություն է եւ որն է իրական կյանքը»: Անահիտ Բախշյանը շատ արագ ճշտում մտցրեց. «Սխալ են ընկալելու, չգիտե՞ս լրագրողներին: Չկարծեք թե նախորդ 3.5 տարիներին «Ժառանգությունը» կտրված էր մեր ժողովրդից, պիտի խորհրդարանից դուրս գար, որ գլխի ընկներ»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր ասուլիսում Կոնգրեսից հեռացողներին «հոգնածներ» ու «հիասթափվածներ» էր կոչել: Aravot.am-ի հարցին` «Ժառանգությունից» հոգնածներ ու հիասթափվածներ չկա՞ն` Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, կողմնակից չեմ նման բաժանման, որովհետեւ անգամ կյանքում` կլինի դա ամուսնություն թե ինչ, գոնե կարելի է այդ ապահարզանն էլ քաղաքակիրթ ձեւով իրականացնել: Ոչ թե «Ժառանգությունից» հիասթափվածների խնդիր կա, ուղղակի կա ընդհանուր բոլոր քաղաքական ուժերից, քաղաքական կյանքից, պայքարից հիասթափված լինելու խնդիր: «Ժառանգությունն» իր անդամների ու համակիրների առումով որեւէ կորուստ չի արձանագրել այս տարվա ընթացքում»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` հնարավո՞ր է ընտրություններից առաջ «Իմպիչմենթ» պահանջող ուժերը մասնակցեն մի ցուցակով, ինչին պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա լավ գաղափար է: Դա հավասարազոր է ասել` եկեք քանդենք ամեն ինչ` չասելով, թե ինչ ենք ստեղծում: Եկեք սրանց քշենք, հետո տեսենք ինչ ենք անում, էդպես խելացի ընտրողին փողոց չես հանի եւ ընտրապայքարի մեջ չես մտցնի: Ես անձամբ չեմ տեսնում, որ առաջիկա ընտրափուլում ընդդիմության հաղթանակը լինելու է այդ բանաձեւով, կարծում եմ` դա դեպի պարտության տանող կարճ ճանապարհ է: Եթե մենք ընտրողին ասելու ենք` կապ չունի, թե մեկս ուզում է Ղարաբաղը Ադրբեջանին տալ, մեկս չի ուզում, ուղղակի սրանց քշում ենք` դու էդպես չես կարող մարդկանց հանել պայքարի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031