Լրահոս
Օրվա լրահոսը

Անբարեխիղճ կապանցիների պատճառով այս տարի քաղաքում տոնական տարածքները քիչ կլինեն

Դեկտեմբեր 26,2011 14:02

Երեկ երեկոյան Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում հանդիսավոր արարողությամբ վառվեցին մարզկենտրոնի գլխավոր տոնածառի լույսերը: Ավանդույթի համաձայն՝ քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառում էր քաղաքապետը, փոքրիկ մի կապանցու օգնությամբ: Այս անգամ քաղաքապետը միայնակ վառեց տոնածառի ու հրապարակի լույսերը:

Տոնածառի բարձրությունը 15 մետր է: «Բնական եղեւնու ճյուղերով ենք կառուցել այն, նախնական պայմանավորվածություն կար բնապահպանների ու անտառտնտեսության հետ, որպեսզի ճյուղերը հատվեին հատուկ տարածքից եւ բնությանը շատ վնասներ չհասցվեին: Եթե անցած տարի ե’ւ հորիզոնական, ե’ւ ուղղահայաց լույսերով էր զարդարված տոնածառը, ապա այս տարի միայն հորիզոնական լույսեր են վառվում, իսկ ուղղահայաց լույսերով զարդարված է մշակույթի կենտրոնի հրապարակը , որոնք բոլորը միանում են տոնածառին: 2011թ.-ին մշակույթի հրապարակից դեպի մարզպետարան ընկած հատվածն էլ էինք ամանորյա լույսերով զարդարել, բայց որոշ անքաղաքավարի բնակիչներ վնասեցին 2011 լույսերից 600-ի լամպերը: Ուստի որոշեցինք այս տարի այդ հատվածը լույսեր չանցկացնենք, քանի որ մեր պահակն ի վիճակի չէ հսկել այդ տարածքը», – ասում է մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արմենակ Հայրապետյանը:

Գլխավոր տոնածառի լույսի ներքո մանուկները հնարավորություն ունեցան շփվելու եւ նկարվելու Ձմեռ պապերի հետ: Արմենակ Հայրապետյանը ուրախալի ձեռքբերումներից է համարում, որ հովանավորների միջոցով մշակույթի կենտրոնն արդեն ունի Ձմեռ պապի ու Ձյունանուշի նոր զգեստներ, դրանք կփոխարինեն խորհրդային տարիներից ի վեր օգտագործվող կարկատված ու բազմիցս նորոգված Ձմեռ պապի հագուստին եւ Ձյունանուշի համար ամեն տարի վճարովի ձեռքբերվող հարսի շորերին:

Սրանից բացի, այս տարի հեքիաթի յոթ հերոսի՝ մեղու, թիթեռ, արջ, աղվես, գայլ եւ այլն, հագուստներ էլ են նվիրել մշակույթի կենտրոնին եւ, որ ամենակարեւորն է՝ յուրահատուկ կլինի դահլիճի ձեւավորումը, որը 1977թ.-ից մինչեւ օրս, կազմակերպիչների խոսքով, նման ձեւավորում չէր ունեցել:

Տոնածառի լուսավորմանը հաջորդող միջոցառումը դեկտեմբերի 29-ին է` տարվա ամփոփիչ հանդիսավոր նիստ ու ամանորյա տոնական համերգ, գլխավոր միջոցառումը նոյեմբերի 31-ին, երեկոյան ժամը 18-ից կշարունակվի կեսգիշերից հետո` ամանորյա հրավառությամբ ու պարահանդեսային ուրախ միջոցառման անցկացմամբ: Ավարտական հանդիսությունը՝ հունվարի 13-ին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031