Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանն Aravot.am–ի հարցին ի պատասխան` ինչո՞վ է, գոնե առաջին հայացքից, տարբերվում Մեծ Բրիտանիայում դիվանագիտական աշխատանքը` իր մյուս դիվանագիտական աշխատանքներից (հիշեցնենք, որ տիկին Ղազինյանը եղել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը նաեւ Ռումինիայում եւ Գերմանիայում), նախ կատակեց. «Ոչ մի տեղ հավատարմագրերս հանձնելուց իմ հետեւից կառքով չէին եկել (ծիծաղում է-Մ.Բ.): Այստեղ ընդունված է այդպես` դեսպանի հավատարմագրերի հանձնման օրը կառքով նրան դեպի թագուհու պալատն է ուղեկցում մարշալը, ապա նույն կառքով էլ հետ են բերում դեսպանատուն:
Իսկ եթե` լուրջ, ապա ասեմ, որ Բրիտանիան իսկապես տարբերվում է մայրացամաքային Եվրոպայից, եւ այս վերջին տնտեսական զարգացումները` եվրագոտու հետ կապված, կրկին ցույց տվեցին, որ Միացյալ Թագավորությունը կարծես ինչ-որ մի կերպ մեկուսացրել է իրեն մնացյալ Եվրամիությունից: Բացի դա, օրինակ, Գերմանիայում ես զգացի, որ պաշտոնական Բեռլինը շատ մոտ է ընդունում թե Արեւելյան Եվրոպան, թե մեր հարավկովկասյան տարածաշրջանը: Իսկ այստեղ, գոնե իմ առաջին տպավորությամբ, նույն հետաքրքրվածությունը չեմ տեսնում: Այն տպավորությունն ունեմ, որ մենք իրենց դեռ շատ ավելի կարող ենք հետաքրքրել, պետք է ուղղակի ուղիներ գտնել դրա համար: Բեռլինում հենց սկզբից զգալի էր, որ նրանք այս մեծ աշխարհի մեր անկյունով իսկապես հետաքրքրված են, Ֆրանսիայի մասին էլ չեմ խոսում, բայց Բրիտանիան...»:
Իսկ դժվար չէ՞ աշխատել մի երկրում, որը Ադրբեջանի հանդեպ յուրահատուկ ջերմ վերաբերմունք ունի: Այս հարցին դեսպանը պատասխանեց.«Ադրբեջանի հետ Միացյալ Թագավորության մտերմության պատճառը, բոլորիս է հայտնի, գազի եւ նավթի առկայությունն է, British Petrolium-ի ներկայությունը Բաքվում: Դա լրիվ հասկանալի է, նրանք չեն էլ թաքցնում, որ ունեն հսկայական հետաքրքրություններ Ադրբեջանում, բայց ես միշտ նշում եմ, որ Հայաստանում նույնպես հնարավոր է գտնել նման հետաքրքրություններ, համագործակցության եզրեր, որոնք երկու կողմին էլ կմղեն տնտեսական երկխոսությունը զարգացնելուն»:
Ի՞նչ ոլորտներում եք տեսնում նման համագործակցության հնարավորություն` մեր այս հարցին դեսպանը պատասխանեց.«Օրինակ` դեղագործական, քիմիական, ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառներում… Օրերս եմ հանդիպել IT ոլորտով զբաղվող մի ընկերության հետ`Future Horizons, որն ամեն տարի այդ ոլորտին նվիրված մեծ ֆորում է անցկացնում տարբեր եվրոպական երկրներում, եւ նախատեսում է այս տարի հոկտեմբերին այդ ֆորումն անել Երեւանում: Ընկերության ղեկավարի հետ հանդիպմանը ներկա էինք ես եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանական զույգը: Մենք Future Horizons-ի ղեկավարին հավաստիացրեցինք, որ ամեն ինչ կանենք այդ ֆորումի անցկացման հարցում օգնելու համար: ԽՍՀՄ նախկին երկրներից ոչ մեկում դեռ չի եղել նման ֆորում, առաջինը կլինի Հայաստանում»:
Կարդացեք նաև
Գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի քարոզչական պատերազմների համար մեծ դաշտ է: Այս կապակցությամբ հետաքրքրվեցինք տիկին դեսպանից` մտնելո՞ւ է նման քարոզչական կռիվների մեջ, թե՞ հեռու է մնալու: «Ես կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է հակազդենք ադրբեջանական քարոզչական գրոհին, այլ նախահարձակ լինենք: Վերջերս մեկից իմացա, որ Ադրբեջանը King’s College հայտնի ուսումնական հաստատությանը պատմությունն աղավաղած եւ խեղաթյուրած գրքեր է նվիրել, ես հանդիպեցի քոլեջի ղեկավարությանը, եւ ինքս քոլեջի գրադարանին նվիրեցի մեր ճարտարապետությունն ու արվեստը ներկայացնող չորս շքեղ գիրք-ալբոմներ: Ռեկտորին ասացի, որ տեղյակ ենք, որ Ադրբեջանից նման գրքեր ունեք, եւ ես կուզեի, որ բալանսավորված լիներ, ունենաք նաեւ Հայաստանից նման գրքեր: Ինքը շատ շնորհակալ եղավ: Նաեւ ասացի, որ կարեւորում եմ մեր բուհերի միջեւ համագործակցությունը, ասաց, որ ուրախ կլինի: Տարեսկզբին մեր կրթության եւ գիտության նախարարը գալու է Լոնդոն` Եվրոպայի կրթության նախարարների համաժողովին, կուզեի նախարարի եւ King’s College-ի ղեկավարության հանդիպումը կազմակերպել, գուցե ինչ-որ համագործակցություն լինի»,-պատասխանեց նա:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լոնդոն