Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հացի, կաթնամթերքի ու մսամթերքի թանկացումներն ազդում են անապահով խավի վրա

Դեկտեմբեր 26,2011 13:35

Կարտոֆիլ, հացամթերք, մսամթերք, կաթնամթերք. սրանք պարենային զամբյուղում մեծ տեսակարար կշիռ ունեցող այն սննդատեսակներն են, որոնք նախորդ տարվա սեպտեմբերից սկսած մոտ 7-10 %-ով թանկացել են: «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտ­րոն» հ/կ-ի եւ Օքսֆամ ՄԲ Հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարենային ապրանքների գների գնաճն առավելապես ազդում է հենց սոցիալապես անապահով խավի վրա` պայմանավորված պարենային ապրանքների թանկացմամբ, ինչն, ըստ նույն աղբյուրի, Հայաստանում հաճախ պայմանավորված է լինում արտաքին գործոններով:

Սակայն որոշ ապրանքների գծով, մասնավորապես՝ բանջարեղենի, մսամթերթի եւ կաթնամթերքի դեպքում որոշիչը տեղական արտադրության ծավալներն են: Հետազոտությունը ցույց է տվել, որ հացի գինը բարձրացել է, քանի որ Ռուսաստանը սահմանափակել է ցորենի արտահանումը (2010 թվականի օգոսոտոսի 15-ից մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը): Արդյունքում, հացը 2011 թվականի հունվար-նոյեմ­բերին, նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ, թանկացել է 9.3 տոկոսով:

Ինչ վերաբերում է մսամթերքին, մասնավորապես՝ տավարի մսին, ապա ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թան­կացումը պայմանավորված էր հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխա­քանակի դեռ 2009-ից նկատվող անկմամբ` 7.1 տոկոս 2009-ին եւ 2.4 տոկոս` 2010-ին: Մսամթերքի թանկացման պարագայում դերակատարում ունեն նաեւ վերավաճառողները, որոնք ձգտում են ցածր գներով ձեռք բերել գյուղացիներից եւ թանկ վերավաճառել քաղաքում:

Կաթնամթերքի գների վրա, ընդհանուր առմամբ, մեծ ազդեցություն ունի տեղական արտադրության կաթի գինը: Սակայն գրանցվել են դեպքեր, երբ, չնայած կաթի գնի անկմանը՝ խանութներում կաթնամթերքի գներն աճել են:

Կարտոֆիլի շուկայական գնի թանկացումը հիմնականում պայմանավորվում է 2010-ին կարտոֆիլի բերքի մոտ 19 տոկոս կրճատմամբ: Արդյունքում, կարտոֆիլը 2010-ին 2009-ի համեմատ թանկացել է շուրջ 56 տոկոսով, իսկ արդեն 2011-ի նոյեմբերին գրանցվել է տարեսկզբի համեմատ 5 տոկոս գների անկում:
«Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտ­րոն» հ/կ-ի եւ Օքսֆամ ՄԲ Հայաստանյան գրասենյակի մասնագետների կարծիքով, կարեւոր է երկրում փոխարժեքի շարունակական արժեզրկման ապահովումը, ինչը թույլ կտա ապահովել ներքին արտադրության մրցունակության աճ. «Քաղաքականության հիմնական խնդիրը դառնում է ներքին արտադրության ընդլայնումը, որի լուծման արդյունավետ գործիքները եւ նախադրյալներն ակնհայտ չեն: Դրամավարկային կարգավորումը եւ արտաքին առեւտրի կարգավորումը պետք է լրացնեն ներքին տնտեսության խթանման քաղաքականության ծրագրերին»:

Աղբյուր՝ Օքսֆամ ՄԲ Հայաստանյան գրասենյակը եւ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031