Այսօր լրագրողները Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հիշեցրեցին, որ դեկտեմբերի 1-ին ինչ-որ մարդիկ կրակել էին Արմավիրի Ջանֆիդա գյուղում ապրող ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա, օրեր անց պատգամավորը հայտարարեց. «Ճշտել ենք: Խմած լակոտներ են եղել: Բայց տան վրա չեն կրակել: Փողոցում են կրակել, իսկ իմ տունը գտնվում է կենտրոնական ճանապարհի վրա: Լակոտները հարբած մտել են գյուղ ու կրակել: Հարբել են, եկել իրենց գլխու խելքները տվել է, կրակել են էլի»:
Միջադեպից հետո լուրեր եղան, թե սա ՀՀԿ-ԲՀԿ լարվածության դրսեւորում է: Ռուստամ Գասպարյանը հայտարարել էր, որ նման բան չկա: Հանրապետական Աշոտ Ղահրամանյանը կրկնեց ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի ասածը. «Երկու կուսակցությունների միջեւ լարվածություն, համենայնդեպս մեր մարզում, չկա: Իմ տեղակալներից մեկը՝ Արայիկ Աղաբաբյանը՝ ԲՀԿ-ից է, նորմալ աշխատանքային հարաբերություններ են: Իսկ կրակոցների մասին ասեմ, որ այդ փողոցի վրա, բացի Ռուստամ Գասպարյանից, շատ մարդիկ են ապրում:
Արմավիրում կրակոցները հաճախ չեն: Եթե մեկը խուլիգանություն է արել ու կրակել է՝ չի նշանակում կուսակցությունների մեջ ինչ-որ լարվածություն կա: Ես դա այդպես չեմ տեսնում: Այդ կրակոցները Ռուստամ Գասպարյանի հետ որեւէ կապ չունեն»:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ