Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հակահայկական ալիք կբարձրանա. թուրքագետ

Դեկտեմբեր 26,2011 16:18

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից օրերս ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին արձագանքելով՝ Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում բացասական գնահատական էր տվել օրինագծին եւ կարծիք հայտնել, որ օրինագիծը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Քոփթաշը նշել էր, որ օրինագծի ընդունումից հետո Թուրքիայում սկիզբ է առել հակահայկական և հակաթուրքական հերթական հիսթերիա: Քոփթաշը հայտնել էր, որ օրինագծի ընդունումը կբարդացնի սոցիալական երկխոսությունը: «Դա նոր խաղաքարտ կտա ազգայնականներին և նրանց, ովքեր մերժում են անցյալը: Եվ եթե Ֆրանսիան է սահմանափակում խոսքի ազատությունը, ապա Թուրքիայում հաստատ նման քայլ անելու արդարացում կգտնեն»,- ասել էր «Ակոսի» խմբագիրը: Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանին խնդրեցինք մեկնաբանել «Ակոսի» խմբագրի այս հայտարարությունը եւ հարցրինք, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Թուրքիայի հայերի համար օրինագծի ընդունումը: «Իսկապես Թուրքիայում կարող է նոր հակահայկական ալիք բարձրանալ, եւ դա շատ հավանական է, բայց մյուս կողմից բնութագրել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագիծը որպես ազատ արտահայտման իրավունքի սահմանափակում, իմ կարծիքով դա կոպտագույն սխալ է: Մարդկության պատմության մեջ կան այնպիսի երեւույթներ, որոնց ժխտումը հանցագործություն է: Հրեաների ցեղասպանությունը՝ հոլոքոստը, շատ երկրներում քրեականացված է: Նույն Ֆրանսիայում դեռ 20 տարի առաջ՝ 1990 թվականին ընդունվել է օրենք, որը քրեականացրել է հրեական ցեղասպանության՝ հոլոքոստի ժխտումը: Այնպես որ խառնել երկու տարբեր երեւույթներ՝ այսինքն ծանրագույն հանցագործությունը կեղծելու, ժխտելու սահմանափակումը ազատ արտահայտման իրավունքի սահմանափակման հետ, սխալ է»,- պատասխանեց Ռ. Սաֆրաստյանը եւ բերեց սեփական օրինակը. «2000-2001 թվականներին, երբ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, այդ ժամանակ ես Ստամբուլում էի, եւ վախը հայերի մոտ շատ մեծ էր, որովհետեւ ճնշումը շատ կտրուկ ուժեղացել էր նրանց վրա: Եվ նրանք վախենում էին, որ կարող են կրկնվել 1955 թվականի սեպտեմբերի դեպքերը Ստամբուլում, երբ քաղաքական նկատառումներից ելնելով՝ իշխանությունները կազմակերպեցին հիմնականում հույների եւ հայերի էթնիկական զտումներ: Մտավախություն կար, որ նմանատիպ զտումներ կարող են տեղի ունենալ: Հիմա էլ կարծում եմ, այս մի քանի ամսվա ընթացքում, մինչեւ Սենատն ընդունի համապատասխան օրենքը՝ այս շրջանը շատ ծանր կլինի հայերի համար»: Մեկնաբանելով թուրք-ֆրանսիական հարաբերությունների հնարավոր վատթարացումը՝ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ այդ հարաբերությունների վատթարացումից կտուժի առաջին հերթին Թուրքիան, քանի որ նա տնտեսապես կախված է Ֆրանսիայից. «Ակնհայտ է, որ Թուրքիան հայտնվել է իր պատրաստած ծուղակում, որովհետեւ ինչ էլ, որ անի, ինչ պատժամիջոցներ էլ որ մտցնի Ֆրանսիայի դեմ, դրանք մի կողմից ծիծաղ կարող են առաջացնել եւ տեսնում ենք դրա օրինակը՝ Թուրքիայում դեմոկրատական կուսակցության ղեկավարը ծիծաղաշարժ համարեց այն պատժամիջոցները, որ նախատեսում է Թուրքիան: Մյուս կողմից իրական վնասը կլինի Թուրքիայինը, որովհետեւ գիտենք, որ ֆրանսիական կապիտալը մեծ դիրքեր ունի ներքին շուկայում իր ներդրումներով: Եվ Թուրքիայի ավտոմոբիլային շուկայի 20 տոկոսը գտնվում է ֆրանսիական ընկերությունների հսկողության տակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031