Այսօր Երեւանում լրագրողների հետ հանդպիման ժամանակ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ իր պաշտոնավարման օրվանից՝ 2006 թվականի դեկտեմբերից, մարզում իրականացվել է 16,5 միլիարդ դրամի ներդրում. ամենաշատը՝ գյուղատնտեսությունում՝ 8,8 միլիարդ, ամենաքիչը՝ բնապահպանությունում՝ 3,7 միլիոն:
Թե ինչու է բնապահպանությունն ամենաքիչ ուշադրությանն արժանացել, մարզպետը չասաց: Լրագրողներն էլ նկատեցին, որ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին Արմավիր մարզկենտրոնում այգու հաշվին շինարարություն են անում. առաջինը՝ բանկի մասնաճյուղ է կառուցում, երկրորդը՝ եկեղեցի: Մարզպետը պատասխանեց, որ բանկի կառուցման նախագիծը քաղաքի գլխավոր հատակագծի մաս է ու հաստատվել է իրենից առաջ, ինքը կարողացել է մի 2-3 տարի ձգձգել, թույլ չտալ, որ այն կառուցվի:
16,5 միլիարդը պետական ծրագրեր են ու ով էլ լիներ մարզպետ սա արվելու էր… «Չեմ կարծում»,- մեր հարցը կանխեց մարզպետը: Մենք էլ հարցրինք՝ մարզում իրականացված ծրագրերը ձեր անձո՞վ են պայմանավորված: «Միայն «Հայաստանի մանուկներ» հիմադրամով 11 միլիոն դոլարի ներդրում է եղել Դալարիկ, Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Մյասնիկյան եւ այլ համայնքներում: 6 դպրոց է նորոգվել, մեկ առողջապահական կենտրոն, մշակույթի կենտրոն եւ ծրագիրը շարունակական է: Եթե ես չլինեի մարզպետը չգիտեմ ինչ չափով կարվեր»,– պատասխանեց Աշոտ Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն աշխատում է նախկին Բաղրամյանի շրջանի գյուղերում, որոնց մի մասը հիմա Արմավիրի, մյուսը՝ Արագածոտնի մարզերում է: Հիմնադրամն աշխատում է ուղիղ համայնքների հետ ու ով էլ լինի մարզպետը՝ աշխատելու է:
Կարդացեք նաև
Մարզի 97 համայնքները սեփական բյուջեներից մոտ 2,4 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր են արել:
Այսօր Երեւանում մարզպետն ասաց, որ սեփական եկամուտների հավաքագրումը հասցրել են 100 տոկոսի, սակայն դեկտեմբերի 15-ին՝ Արմավիրում մարզի խորհրդի նիստում, մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը, հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 88,4 տոկոս, հավաքագրման մակարդակը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,3 տոկոսով:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ