Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարիբեկ Սուքիասյան. «Տանը գումարներ պահելը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում»:

Դեկտեմբեր 26,2011 11:37

«Առավոտի» հարցազրույցը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի  հետ

Պարոն Սուքիասյան, ինչպիսի՞ն էր ավարտվող 2011 թ. Հայաստանի բանկային սեկտորի համար:

– Նախ պետք է նշեմ, որ դեռ վերջնականապես հաղթահարված չեն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները, ավելին, խոսվում է նույնիսկ ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության մասին, եւ այդ գործընթացներն, իհարկե, անհետեւանք չեն կարող լինել մեր երկրի տնտեսության եւ, մասնավորապես, բանկային սեկտորի համար: Ավելացնենք նաեւ զուտ մեր տեղական բացասական գործոնները: Առաջին հերթին կնշեի մեծ չափերի հասնող արտագաղթը, որը նեղացնում է առեւտրատնտեսական բազան, նպաստում է «ուղեղների արտահոսքին», ավելացնեմ նաեւ կոռուպցիան, մանր եւ միջին բիզնեսի ծանր վիճակը եւ այլն: Կարճ ասած, տնտեսության իրական հատվածում դրական տեղաշարժեր չեն նկատվում: Եւ այս պայմաններում շատ մեծ արդյունքներ ակնկալել Հայաստանի բանկային համակարգից արդարացի չէր լինի: Այնուամենայնիվ, մեր առեւտրային բանկերի ջանքերի շնորհիվ այս տարի եւս ավելանում էին բանկային ծառայություններն ու պրոդուկտները, բարձրանում էր դրանց որակը:

Կարելի է համաձայնվել, որ մեր երկրի բանկերը արագ զարգանում են, նաեւ վստահելի են երկրի բնակչության համար: Սակայն, բանկային վարկերի տոկոսադրույքները մնում են բավականին բարձր, ինչն, իր հերթին, բացասական է անդրադառնում երկրի տնտեսական զարգացման վրա:

– Բազմիցս խոսվել է վարկերի «թանկ» լինելու պատճառների մասին, փորձեմ եւս մեկ անգամ շատ մատչելի բացատրել այդ հանգամանքը: Վարկային ռեսուրսների մեծ մասը մեզ տրամադրում են միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնք հաշվարկում են վարկավորման տոկոսն ըստ տասնյակ չափորոշիչների՝ տվյալ երկրի ֆինանսատնտեսական վարկանիշը, իրավիճակը տվյալ տարածաշրջանում, ներգրավվածությունը կոնֆլիկտներում, կոռուպցիայի, մակարդակը, երկրի զարգացման ինդեքսը եւ այլն: Եւ առաջացող ռիսկերի համաձայն որոշում են տրամադրվող վարկերի տոկոսները: Հայաստանի բանկերը եւս ստիպված են հաշվի առնել բոլոր ռիսկերը, որպեսզի կարողանան կատարել իրենց պարտականություններն այդ վարկավորող կազմակերպությունների եւ սեփական ավանդատուների առջեւ: Այստեղից էլ առաջանում են վարկավորման բարձր տոկոսները:

Մենք, անշուշտ, քաջ գիտակցում ենք, որ գործարարներին առաջարկվող «թանկ փողերը» մի կողմից չեն նպաստում տնտեսության դինամիկ զարգացմանը, մյուս կողմից, վարկերի մարման հետ կապված նոր ռիսկեր են պարունակում: Կարծում եմ, հասկանալի է, որ բանկերը նույնպես շահագրգռված են, որպեսզի վարկավորումն էժանանա:

Բացի Ձեր կողմից նշված երկարաժամկետ գործոններից, ո՞ր գործոնը կարող է ազդել վարկերի էժանացմանը:

– Այդպիսի գործոնները բազմաթիվ են, նշեմ, ըստ իս, կարեւորներից մեկը: Այո, բանկերի հանդեպ հասարակության վստահությունը մեծանում է, սակայն այսօր էլ բնակչության ձեռքում մեծ քանակի գումարներ կան, որոնք, ինչպես ասում են, պահվում են «բարձի տակ»: Եթե այդ գումարները սկսեն աշխատել բանկային համակարգում, ապա համոզված եմ, դա կնպաստի վարկերի էժանացմանը:

Ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, որ բանկային համակարգը կայուն է, ավանդները երաշխավորված են պետության կողմից, տանը գումարներ պահելը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում:

Առիթից օգտվելով` կուզենայի մեր ժողովրդին շնորհավորել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել հաջողություն, երջանկություն և արժանապատիվ ապրելակերպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031