Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի Կրթության հարցերի հանձնաժողովը վաղը, երկուշաբթի, 2011թ. դեկտեմբերի 26-ին, տեղական ժամով առավոտյան ժամը 10-ին (Երեւանի ժամով՝ 12։00-ին) քննարկելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։ Ակնկալվում է, որ քննարկումը կտեւի մոտ մեկուկես ժամ։
Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամները ներկա են լինելու Կնեսետի հանձնաժողովի նիստին։
Հատկանշական է «Ջերուզալեմ Փոստ» օրաթերթի դեկտեմբերի 24-ի «Հայկական հիշատակ» վերնագրով խմբագրականը, որը եզրակացնում. «Էրդողան կոպիտ վարք ունի ոչ միայն Իսրայելի նկատմամբ: Չկա որևէ պատճառ անվիճելի պատմական ճշմարտությամբ չհակազդել նրա մեղադրանքներին: Սկսելու համար ինչո՞ւ վերջ չտանք Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած դաժանությունների վերաբերյալ Կնեսետի բանաձևի ընդունման դեմ պայքարելու պարսավելի սովորությանը: Մենք կարող ենք քննարկել (և բանաձև ընդունել) 1890 թվականին Թուրքիայի կողմից իրականացված առաջին հայկական կոտորածը (100,000-200,000 զոհ), դրան հաջորդած 1915 թվականի մեգա եղեռնը, երբ միլիոնից ավել քաղաքացիական հայեր արյան բաղնիքում կոտորվեցին կամ արտաքսվեցին Սիրիայի ուղղությամբ, առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի հարավ-արևելքում մորթված տասյնակ հազարավոր ասորիներ խնդիրը, 20-րդ դարի ընթացքում և դրանից հետո շարունակվող էթնիկական զտումները, օդային ռմբակոծությունները և այլ գործողությունները, որոնք անկախության ձգտող և արժանի հազարավոր քրդերի կյանք խլեցին, և վերջապես 1974-ին հյուսիսային Կիպրոս ներխուժումն ու շարունակվող բռնազավթումը (որը միջազգային հանրությանը չի հուզում)»:
ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի մամուլի հաղորդագրություն