Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Ղազինյան. «Ծրագրերը շատ են, ոգեւորությունը` մեծ»

Դեկտեմբեր 25,2011 21:15

2012 թվականին կլրանա Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանության բացման 20 տարին: 1992 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում բացված դեսպանատունն առաջինն էր Հայաստանի նորանկախ Հանրապետության համար:

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Լոնդոնի հեղինակավոր թաղամասերից մեկում` High Street Kensington-ում, եւ զբաղեցնում է երկու փոքրիկ սենյակ` բրիտանահայ համայնքին պատկանող «Հայ տուն»  կոչվող շենքում: Հենց այստեղ էլ կայացավ մեր զրույցը այս տարի սեպտեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանով Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Կարինե Ղազինյանի հետ:

Տիկին Ղազինյանը նշեց, որ մտադիր է մեծ հանդիսավորությամբ նշել անկախ Հայաստանի դիվանագիտության համար կարեւորագույն այդ տարեդարձը: Սակայն դա տիկին դեսպանի` 2012-ի համար պլանավորած աշխատանքների ցանկում ընդամենը մի`թեկուզ շատ կարեւոր, կետն է:

Ցանկը, որքան հասկացա տիկին դեսպանի հետ զրույցից, անսպառ է. «Եթե Եվրամիության մյուս ազդեցիկ երկրների` Ֆրանսիայի կամ Գերմանիայի հետ Հայաստանի հարաբերությունները բավականին զարգացած են, ապա նույնը դժվար է ասել Միացյալ Թագավորության մասին: Որպես նոր դեսպան իմ առջեւ խնդիր եմ դրել ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, ինչը նշանակում է նաեւ տնտեսական համագործակցություն, կրթամշակութային կապեր եւ այլն: Մինչեւ Լոնդոն գալս, երբ դեռ արտաքին գործոց փոխնախարարն էի, Լոնդոնում երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ եղան քաղաքական խորհրդակցություններ, մյուս տարի մենք կշարունակենք այդ խորհրդակցությունները, որոնք խիստ կարեւոր են:

Բացի այդ` երկար ժամանակ է, որ Միացյալ թագավորության արտաքին գործերի նախարարությունից որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չի այցելել Հայաստան, կարծում եմ, որ շատ կարեւոր է կազմակերպել նման այց, եւ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն եմ ձեռք բերել, որ 2012-ի գարնանը Մեծ Բրիտանիայի Եվրոպայի գծով պետնախարար Դեվիդ Լիդինգթոնը կայցելի Երեւան`իր հետ բերելով գործարարների մի խումբ: Ընդհանրապես, ես շատ կարեւորում եմ տնտեսական դիվանագիտությունը, եւ հիմա արդեն աշխատանքներ են տարվում City of London-ի հետ` նման կապերն ամրապնդելու համար:Ծրագրերս շատ-շատ են, պարզ է, որ բոլորը հնարավոր չէ իրականացնել մի տարում, բայց պիտի աշխատենք:

Ընդհանրապես բարդ տարի է Բրիտանիայի համար, քանի որ օլիմպիական տարի է`2012-ին համաշխարհային ամառային օլիմպիադան անցկացվելու է այստեղ, բացի այդ` թագուհու գահակալության 60-ամյակն է, ադամանդյա հոբելյանն է:

Մեզ համար էլ է շատ հագեցած տարի լինելու: Ինչպես արդեն ասացի` անկախ Հայաստանի առաջին դեսպանության 20-ամյակն է, որը ես կուզենայի նշել մեծ հանդիսավորությամբ: Նաեւ հայ գրատպության 500-ամյակն է, որը կարծում եմ բոլոր դեսպանություններում կնշվի, այստեղ էլ մտածում ենք հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել:

Այս տարի Լոնդոնում լինելու է նաեւ շեքսպիրյան օլիմպիադան, աշխարհի երեսունյոթ երկրներ ներկայացնելու են Շեքսպիրի պիեսներն իրենց լեզուներով եւ Հայաստանին բաժին է ընկել «Արքա Ջոնը», որը մայիսի 16-ին եւ 17-ին շեքսպիրյան «Գլոբ» թատրոնում ներկայացնելու է Սունդուկյանի թատրոնը»:

 Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լոնդոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031