Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռ պապիկ. իրականությու՞ն, թե՞` հեքիաթային կերպար

Դեկտեմբեր 25,2011 17:38

«Ո՞նց, Ձմեռ պապիկ չկա՞», – այսպես արձանգանքեց մեր հարցին դիզայներ Ֆաինա Հարությունյանը: «Առավոտ երիտասարդականին» նա ասաց, որ հենց մեզ հետ զրույցի ընթացքում իմացավ, որ Ձմեռ պապ չկա: Թեեւ դեռ հավատում է նրա գոյությանը, սակայն նամակ չի գրում, ասում է. «Նա գիտի` ես ինչ եմ ուզում»: Նրանից ամեն տարի էլ նվերներ ստացել է, իսկ թե ինչ նվերներ էին դրանք, նա մեզ չասաց, ասում է` գաղտնիք է: Գալիք 2012 թ.  ուզում է լինել երջանիկ ու հաջողակ, սիրել և սիրվել, ինչպես նաև` շրջապատված լինել իսկական ընկերներով:

Մասնագիտությամբ լրագրող 21 – ամյա Մարինե Ավետիսյանը նույնպես հավատում է Ձմեռ պապիկին, միշտ նամակ է գրում և ցանկանում , որ բոլորն էլ իր պես հավատան հրաշքների: Նամակը երբեմն դնում է տոնածառի տակ, երբեմն էլ մայրիկի կամ հայրիկի բարձի տակ, նրանք էլ խոստանում են, որ անպայման կփոխանցեն Ձմեռ պապիկին: Նվերներ միշտ էլ ստանում է, հատկապես շատ է ուրախանում, երբ հենց նամակում գրած իր նվերն է ստանում: Ամանորյա արարողություններից ամենաշատը սիրում է տոնածառը զարդարելը. «Հինգից վեց ժամ միայն տրամադրում եմ տոնածառը զարդարելուն, շատ եմ սիրում այդ արարողությունը, այդ ժամանակ ինձ զգում եմ ինչպես 7 տարեկանում», – ասում է նա:

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը չի հիշում, թե երբ է իմացել, որ Ձմեռ պապիկ չկա, կարծում է տարիների ընթացքում է ինքնաբերաբար հասկացել: Թեև հիշում է, որ մեծ ոգևորությամբ է սպասել, թե երբ է Ձմեռ պապիկը զանգը տալու ու դռան մոտ նվեր թողնելու: «Ծնողներս ամեն ինչ անում էին, որպեսզի ես հավատամ: Նույնիսկ մի անգամ ոտնահետքեր էին թողել մուտքի մոտ, որ ես մտածեմ, թե նա եկել ու գնացել է» , – պատմում է երգչուհին: Ձմեռ պապիկին նամակ չի գրում, սակայն երբ նոր տարին մոտենում է հաճախ ասում է.  «Այս տարի Ձմեռ պապիկից այս ինչ բանն եմ խնդրելու»: Ամանորի գիշերն էլ անպայման երազանք է պահում:

«Երբ երրորդ դասարանում  էի սովորում, Ձմեռ պապիկն ինձ փուչիկ ու այլ նվերներ էր բերել, սակայն եղբայրս իմ փուչիկը պայթեցրեց, և ես լաց եղա, մայրս էլ ասաց եթե չլացեմ` ինքն ինձ համար նորից նույն փուչիկից կգնի», – պատմում է մատենագետ Անուշ Գալստյանը: «Այդ ժամանակ գլխի ընկա, որ Ձմեռ պապիկ իրականում չկա, բայց ձեւացրեցի, թե ոչինչ չգիտեմ»: Ի տարբերություն շատ այլ երեխաների` Անուշն այդ լուրն իմանալով շատ է ուրախանում, բայց ոչ թե այն փաստի համար, որ Ձմեռ պապիկ չկա, այլ նրա համար, որ ինքն արդեն իրականությունը գիտի, քանի որ ինչպես ասում է` ընկերուհիները հաճախ էին հավատացնում, որ չկա: Ձմեռ պապիկին այդ օրից ի վեր չի հավատում, ասում է «Պետք է ավելի խենթ լինեմ, քան կամ, որ հիմա էլ հավատամ»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031