Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասված հանդիպման անսպասելի ավարտը

Դեկտեմբեր 25,2011 16:57

«Տեսնես ո՞ր մի երջանիկի համար է երգում: Երանի ինձ համար էլ մի օր սերենադ երգեն»:

  Առավոտյան` ժամը 6-ին, երկու շենքերի միջև կանգնած մեքենայից լսվող սերենադը շատերին էր արթնացրել և 7-րդ հարկի պատուհանից գաղտագողի ունկընդրող Գայանեի պես շատերն  էին երանի տալիս սերենադի երջանիկ հասցեատիրոջը: Բայց Գայանեի մտքով անգամ չէր անցնում, որ ի տարբերություն մյուսների, ինքն իրեն է երանի տալիս:

«Շատ էի տպավորվել: Կյանքում առաջին անգամ էի էդպիսի բան իրականում տեսնում: Ոնց որ հեքիաթ լիներ: Էնպես էի ուզում տեսնել երգողին, բայց անձրեւ էր գալիս, դրա համար էլ մեքենայի միջից էր երգում, դուռը բաց էր, բայց մթնշաղ էր, 7-րդ հարկից բան չէր երեւում»,-պատմում է Գայանեն և ժպտալով հիշում, որ երգից հետո այդպես էլ չի կարողացել քնել: Իսկ առավոտյան ԵՊՀ-ի 2-րդ կուրսի ուսանողուհին դռան առաջ փոքրիկ ծաղկեփունջ է հայտնաբերել:

«Գրություն չկար, բայց ես վստահ էի, որ դա սերենադի հետ կապ ունի: Շփոթվել էի, անընդհատ հիշում էի ձայնը, նայում էի ծաղկեփնջին ու ժպտում: Ոնց որ խենթ լինեի: Այդպես էլ ողջ օրը ժպտալով անցկացրեցի: Դասի ժամանակ էլ նկատողություն ստացա, բայց այդ պահին ոչ մի բանի մասին չէի անհանգստանում. աչքիս առաջ լուսաբացի տեսարանն էր»:

Գայանեն պատմում է, որ գաղտնի երկրպագուի արարքը հետաքրքրություն էր առաջացրել, և նա նույնիսկ կերպար էր հորինել ձայնին համապատասխան: Սակայն առաջին հանդիպումը  հիասթափեցրել էր աղջկան: «Անհամբեր սպասում էի, ուզում էի տեսնել այն մարդուն, ով կարողացել էր այդքան մեծ հետաքրքրություն առաջացնել ինձ մոտ, բայց մի քանի օր ոչ մի արտառոց բան չնկատեցի: Արդեն մտածում էի, որ ուղղակի շփոթվել են, որ ծաղկեփունջը ինձ համար չէր, բայց սխալվում էի»,-պատմում է Գայանեն:

Խորհրդավոր սերենադից մի քանի օր հետո գաղտնի երկրպագում անակնկալի էր բերել աղջկան: Լսարանի մուտքի մոտ ծաղկեփունջը ձեռքին մոտեցել էր Գայանեին և խնդրել մի քանի րոպե տրամադրել իրեն: Բայց  այդ մի քանի րոպեն բավական էր եղել Գայանեի համար, որպեսզի նրա ստեղծած ռոմանիկ կերպարը անհետանար: «Նույն ձայնն էր, մեղմ ու գրավիչ, բայց այն կերպարը, որը ես հորինել էի չէր համապատասխանում նրան:  Հայացքը շատ սառն էր ու վանող: Երեւի իմ բացասկան պատասխանը ինձ ավելի տխրեցրեց, քան նրան: Այդ պահին միայն մի բան էի մտածում`  երանի այդպես էլ չգար»:

Հերմինե Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031