Կարդացեք նաև
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 03.00–ի սահմաններում, 21-ամյա Արամ Ավետիսյանը, վարելով «Մերսեդես բենց» մակնիշի 59 LP 555 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընդհարվել բետոնե քարերին և մոտ 10 մետր գլորվել։ Գլորվելուց հետո մեքենան գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով Ա. Ավետիսյանն ու ավտոմեքենայում գտնվող ուղևոր 19-ամյա Նարեկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը։ Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ վարորդն աշխատում է Նաիրի Զարյան 22 հասցեում գործող ավտոլվացման կետում՝ որպես ավտոլվացող։ «Մերսեդես»–ի տերն ավտոմեքենան թողել է նշված ավտոլվացման կետում, որպեսզի այն լվացվի, սակայն եղել է այն, ինչ որ եղել է։ Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի