«Սերը վստահության վրա պետք է հիմնված լինի, իսկ եթե վստահություն կա, ուրեմն պայմանագրի կարիք չկա: Եվ հետո, եթե մարդիկ մտածում են ամուսնական պայմանագրի մասին, ուրեմն արդեն տրամադրվել են, որ հետագայում բաժանվելու են»:
22-ամյա Արմենի կարծիքի հետ համաձայն են շատ հայ երիտասարդներ: Հավերժական սիրո, վստահության և անմնացորդ նվիրվածության մասին իդեոլոգիաները, որոնք «գերիշխում» են ամուսնության սկզբնական շրջանում, շատ արագ իրենց տեղը զիջում են օրենքներին, երբ ի հայտ են գալիս կենցաղային խնդիրներն ու վեճերը: Եվ ամուսնական պայմանագրի առկայությունը, որը սկզբում ավելորդություն էր թվում, դառնում է անհրաժեշտություն:
Ի տարբերություն տղաների, ովքեր ամուսնական պայմանագիրը ձեւականություն են համարում, աղջիկներն ավելի իրատես են: 25-ամյա Անահիտ Գրիգորյանը նշում է, որ ամուսնական պայմանագիրը ապահովագրության պես մի բան է. «Երբեք չես իմանա, թե հետագայում ինչպես կդասավորվի կյանքդ, դրա համար հենց սկզբից պետք է ամեն ինչի մասին մտածել: Հատկապես հիմա, երբ ամուսնալուծությունների թիվը մեծացել է, մեծացել է նաև ամուսնական պայմանագրի կարեւորությունը»:
Ամուսնական պայմանագիրը երկկողմ գործարք է, որը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման: Ընդ որում` ամուսինները կարող են պայմանագիրը կնքել ինչպես ամուսնությունից առաջ, այնպես էլ ամուսնության ընթացքում:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է այն հիմնական չափորոշիչները, որոնց պետք է բավարարի ամուսնական պայմանագիրը, սական, թե ինչպես է բաշխվում ամուսինների միջև գույքը, ինչպես է լուծվում խնամքի հետ կապված հարցերը, ալիմենտային պարտավորությունները և այլն, դրանք յուրաքանչյուր զույգի խնդիրն է և նրանք պետք է որոշեն: «Ընտանեկան օրենսգիրքը պարզապես կարող է ուղղորդել, թե ամուսինները որ հարցերում չեն կարող դուրս գալ սահմանված շրջանակներից: Մինչդեռ այդ շրջանակներում գործելու տեսակետից ամուսինները ազատ են և կարող են սահմանել իրենց ցանկացած կետերը: Բայց հակասել ընտանեկան օրենսգրքի իմպերատիվ դրույթներին չի թույլատրվում»:
Այսպիսով, եթե օրենքը նախատեսում է համատեղ ունեցվածքի հավասար բաժանում, ապա ամուսնական պայմանագիրը հնարավորություն է տալիս նշելու, թե կոնկրետ որ գույքը ում է պատկանելու: Մյուս կողմից այն չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, կարգավորել ամուսինների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ` ներառել այնպիսի պայմաններ, որոնք հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին:
Չնայած օրենքի առկայությանը` ամուսնական պայմանագրերը պրակտիկայում շատ քիչ են կնքվել: Հոգեբան Հռիփսիմե Բալայանը նշում է, որ պատճառը պատասխանատվության մեջ է. «Մեր օրերում երիտասարդությունը ապրում է ներկայով և վայելում է այսօրվա օրը: Ոչ բոլորն են մտածում ապագայի մասին, իսկ ամուսնական կյանքում բարդությունները միանշանակ շատ են: Դա նախ պետք է գիտակցել և հոգեբանորեն պատրաստվել, ինչին ոչ բոլոր երիտասարդներն են պատրաստ»:
Հերմինե Աղաջանյան