Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզը հանրապետականացվու՞մ է

Դեկտեմբեր 24,2011 20:06

Դեռևս 4 տարի առաջ, երբ Շիրակի մարզպետը  դաշնակցական Ռոմիկ Մանուկյանն էր, քաղաքական գործիչները, այս մարզի մասին խոսելիս, օգտագործում էին դաշնակցականացված տերմինը: Ռոմիկ Մանուկյանը, մարզում հիվանդանոցի ու դպրոցի տնօրեն, անգամ  դասատու ու բժիշկ չէր թողել, որ իր կուսակցության շարքերը չընդգրկեր: Նրա պաշտոնաթող լինելուց հետո, մարզպետ Լիդա Նանյանը իր պաշտոնավարման առաջին իսկ վայրկյանից «դաշնակաթափ» արեց մարզը: Իսկ ինչպե՞ս է վարվում նորանշակ մարզպետ, անկուսակցական Աշոտ Գիզիրյանը, ո՞ր կուսակցությունն է մարզում իշխում, այսօր այս մասին հարցրեցինք  ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկին` Գյումրու ՀՀՇ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանին:

«Շիրակն այսօր պիտի անվանեք հանրապետականացված մարզ, պլան է դրված` մարզում ավելացնել հանրապետականների թվաքանակը: Օրինակ` անցած մեկ տարվա ընթացքում` 2011թ.-ին Շիրակի մարզի 51 դպրոցի տնօրեններ ոչ կամավոր դարձել են հանրապետական կուսակցության անդամ, իսկ մինչ այդ 42-ն էին, այսինքն ստացվում է, որ 167 տնօրեններից 93-ը հանրապետական կուսակցության անդամ եմ: Սա դեռ ամենը չէ. եթե 1 տարի առաջ մարզի 119 համայնքապետերից 50-ն էին հանրապետական, այս տարի ևս 11-ին համոզել կամ վախեցրել են`դարձնելով հանրապետական: Ցուցանիշ են սարքում, որ ու՞մ ներկայացնեն, ասեն հանրապետական կուսակցությունը այս մարզում էդքան հեղինակություն ու հարգանք ունի՞:Սա, ի վերջո, փոքր քաղաք է, տեսնում ենք, լսում ենք , թե ում ինչպես են համոզում ու ինչ լծակներ են օգտագործում», -ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, հանրապետական դարձողներն այդ մարդիկ են, որոնք մշտապես հարմարվում են փոփոխվող մարզպետների քաղաքական ճաշակին. Ռոմիկ Մանուկյանի ժամանակ դաշնակցական էին, Աշոտ Գիզիրյանի ժամանակ հանրապետական, Ֆելիքս Փիրումյանի օրոք էլ` ռամկավար: Մեր այն հարցին` եթե բոլորը հանրապետականացվում են, բա «Օրինաց երկրի» ղեկավար Արթուր Բաղդասարյանն ու՞մ հետ է հանդիպում, հենց նա գալիս է՝ դահլիճները լիքը լցվում են, պարոն Գրիգորյանն ասաց. «ՕԵԿ-ն  այս մարզում իր մասին ամեն ինչ վաղուց ասել, վերջացրել է, Արթուր Բաղդասարյանը ինքն իրեն բացահայտել է  ամբողջովին և վերջնականապես,  իսկ դահլիճներում մարդ հավաքելը դեկորացիա է, իրենց գործելաոճն է` կամերայով նկարվել ու հեռուստաեթերով, տեսաժապավեն պտտացնելով` ցուցադրվել»:

Կուսակցականաշինությունից զատ,  ի՞նչ  գնահատական կտա ՀՀՇ ղեկավարը Շիրակի մարզպետ, իրենց նախկին մտերիմ Աշոտ Գիզիրյանին, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու մարզից ընտրված ԱԺ պատգամավորների աշխատանքին: «Նրանք աշխատում են այնքանով, որքանով մսխում են արտաքին պետական պարտք վերցրած գումարները, աշխատում են այնքանով, որքանով մեր մարզում լվանում են վարկային միջոցները. դրանց մի մասով ճանապարհներ են ասֆալտապատում, իսկ մյուսով հատուկ հաղորդաշար են կազմակերպում ու ծառայեցնում են Սերժ Սարգսյանի ու հանրապետական կուսակցության գովքը անելուն, թե հանրապետական կուսակցությունը ի՞նչ կապ ունի ասֆալտի հետ: Կես բերան չեն ակնարկում, որ դա արտաքին պետական պարտք է և վերջին հաշվով դուրս է գալու հարկատուներից, իսկ հարկատուները ոչ թե օլիգարխներն են, այլ առաջին հերթին շարքային, միջին խավը, իհարկե, եթե այդպիսի խավ դեռ գոյություն ունի»,- ասում է Մուրադ Գրիգորյանը` հարցնելով, թե ու՞մ  համար է ասֆալտի գովքը, եթե Շիրակի մարզը դատարկվում է, ու՞մ համար է դպրոցաշինությունը, երբ աշակերտությունն է պակասում, գյուղերում մարդ չի ծնվում, երբ հայ կինը գերադասում է Թուրքիա գնալ ու մարմնավաճառությամբ զբաղվել, բայց հայրենիքում չի մնում: Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորների մասին էլ մեր զրուցակիցը ոչինչ չուներ ասելու: «Բոլորին էլ շատ թե քիչ ճանաչում եմ, ի՞նչ ասեմ, երբ աշխատանք չեմ տեսնում, ԱԺ-ն  վաղուց օրենսդիր մարմին չէ, գործադիր իշխանության կցորդ է , նրանք էլ երեսպաշտ բերագործներ են»,- բնութագրում է   ՀՀՇ-ականը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031