Հաշված օրեր են մնացել Ամանորին, իսկ Ձմեռ պապիկին ուղղված նամակների թիվն օրեցօր ավելանում է: Դերասանների ցանկություններն աչքի են ընկնում իրենց անկեղծությամբ:
Լիկա Էլբակյանը Ձմեռ պապիկից տուն է խնդրել, և ինչպես ինքն է ասում` ուզում է հավատալ, որ իր ցանկությունն անպայման իրականանալու է:
Դերասան և հաղորդավար Հովհաննես Ազոյանն էլ ցանկանում է ուժ` ապրելու համար:
Կամերային երաժշտական պետական թատրոնի և «Բանակում» սերիալի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Ձմեռ պապիկից նոր դեղ է խնդրել` բոլոր անբուժելի հիվանդությունների համար. «Ուզում եմ մարդիկ առողջ լինեն», – ասում է նա:
«Հույս, հավատ, սեր», – սա էլ Վիգեն Ստեփանյանի ցանկությունն է, բոլորին մաղթում է հաջողություններով լի տարի:
Պատանի հանդիսատեսի թատրոնի և «Անուրջներ» հեռուստասերիալի դերասանուհի Մարիամ Շահինյանն էլ Բալի կղզու տասնօրյա ուղեգիր է խնդրում, և ավելացնում` «Տեսնենք կբերի, թե` ոչ»:
Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը Ձմեռ պապիկից անհոգ մանկություն է խնդրել` աշխարհի բոլոր բալիկների համար:
Հենրիկ Մալյանի անվան թատրոնի և «Քաղցր կյանք» հեռուստասերիալի դերասան Սամվել Թոփալյանն էլ անկեղծանում է. «Այս տարի ամաչում եմ Ձմեռ պապիկից որևէ բան խնդրել»: Ամաչելու պատճառն այդպես էլ մեզ չասաց 🙂 :
Տիգրանուհի Թասլակյան