Թենիսի Հայաստանի չեմպիոն Անի Ամիրաղյանն այսօր Տյումենում ընթացող «Սիբիրի գավաթ» միջազգային մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այս անգամ նա, ցուցադրեց բացառիկ կամք, գրեթե անհույս պարտիան շահեց Սաբինա Կուրբանովայից:
Հայ աղջնակը դեռ առավոտյան կորտ էր մտել բարձր ջերմությունով, ինչն ավելի զգալ տվեց երկրորդ հանդիպման առաջին սեթում, որում Անին պարտվեց 3:6 հաշվով: Երկրորդ սեթի սկիզբն ավելի անհաջող էր. այս անգամ նա զիջում էր 1:5: Սակայն կատարվեց անհավանականը. 6 անընդմեջ գեյմ անելով՝ Ամիրաղյանը հավասարեցրեց հաշիվը: Իսկ վճռորոշ սեթում հայ մարզուհու առավելությունն ավելի քան համոզիչ էր՝ 6:1:
Վաղը Անի Ամիրաղյանը որակավորման փուլի վերջին՝ վճռորոշ հանդիպումը պետք է ունենա: Մրցակիցը Եկատերինա Սեմյոնովան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ