Հազարավոր մարդիկ այսօր հավաքվել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում` Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնելու նպատակով: Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել է, որ Ակադեմիկոս Սախարովի պողոտայում անցկացվող հանրահավաքին ավելի քան 20 հազար մարդ է մասնակցում, մինչդեռ ընդդիմադիր «Սոլիդարնոստ» շարժման ներկայացուցիչ Ալեկսանդր Ռիկինը նշել է, որ հանրահավաքին շուրջ 40 հազար մարդ է մասնակցում: Ռուսական լրատվական գործակալությունները հաղորդում են Ակադեմիկոս Սախորովի պողոտային հարող տարածքում ոստիկանների կուտակումների մասին:
Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը չէր հասնում մեկ տասնյակի, գերակշռում էին ոստիկանները եւ լրագրողները:
Կարդացեք նաև
Այս անգամ էլ դեսպանատունը հսկող ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցներն արգելում էին Երեւանի քաղաքապետարանից դեպի դեսպանատուն հասնել եւ մեկ տասնյակի հասնող երիտասարդներին հավաքվել դեսպանատան դիմաց: Վերջիններս էլ իրենց ակցիան անցկացրին քիչ հեռու՝ Զաքյան փողոցի խաչմերուկի հարող տարածքում:
Երիտասարդները ներկայացրին Ռուսաստանի ընտրությունները՝ բեմականացված տարբերակով. ընտրախցիկի դերում՝ փողոցի վրա գտնվող հին տաքսաֆոնն էր, իսկ որպես ընտրատուփ ծառայում էր աղբով լցված փողոցային աղբամանը: Նրանք ցույց տվեցին նաեւ, թե ինչպես են կեղծվել ՌԴ Պետդումայի ընտրությունները՝ այլընտրանքային կուսակցություններին՝ համարել անվավեր, իսկ «Միակին»՝ վավեր:
«Նախաձեռնությունը ֆեյսբուքյան էր, չկար որեւէ կազմակերպություն, պարզապես ուզում էինք ցույց տալ մեր համերաշխությունը Ռուսաստանում ընդդիմության հետ եւ ինչ-որ կերպ ցանկանում հիշեցնել մեր ժողովրդին, որ մեզ մոտ նույն ընտրություններն ու կեղծիքներն են»,- Aravot.am-ին ասաց ակցիայի մասնակից Իվչենկո Անտոնը:
«Եթե հարյուր հազար մարդ դուրս է գալիս փողոց, որպեսզի ցույց տան, որ իրենք համաձայն չեն ընտրության արդյունքների հետ, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ»,- ասաց Դանիել Դանիելյանը՝ կարծիք հայտնելով, թե հարցն այն չէ, թե մարդն ում է ընտրել, կարեւորն այն է, որ իր քվեն չեն հաշվել:
«Եթե սա չավարտվի իշխանափոխությամբ կամ հեղափոխությամբ կամ Ռուսաստանի էական ժողովրդավարացմամբ, համենայն դեպս Ռուսաստանի իշխանությունները հստակ կգիտակցեն, որ տոտալ անպատժելիությունն ավարտված է: Սահմանափակվել է իշխանությունների «բեսպրեդելը»,- մեզ հետ զրույցում ասաց պիկետի մասնակից Դանիել Իոաննիսյանը:
[/video][/video]
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ