Այսօր Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետ Արտակ Շաքարյանից հետաքրքրվեցինք, թե Թուրքիայում եւ առհասարակ Սփյուռքում մեր ներքին խնդիրներին ինչպե՞ս են արձագանքում, եւ , օրինակ, այն,որ Սյունիքի մարզպետը օրը ցերեկով կին է ծեծում` չե՞ն խոսում մեր ագրեսիայի մասին: Ըստ նրա, «Նման տարբեր միջադեպերը Սփյուռքում մեծ հիասթափություն են առաջացնում: Սուրեն Խաչատրյանի դեպքը, կարծում եմ, փոքր է եւ Սփյուռք չի հասնում, բայց կան շատ ավելի մեծ միջադեպեր, որոնք հասնում են ու ցավ են առաջացնում: Լավ է, որ Սփյուռքը ցեղասպանության հարցը առաջ է տանում ոչ թե Երեւանի հայերի համար, այլ դա իր սեփական խնդիրն է, ներքին հոգեբանական խնդիրն է: Մեր երկրի ներքին խնդիրների պատճառով տարբեր մարաթոններին արդեն շատ քիչ գումար է գալիս Հայաստան: Համապատասխան շատ պաշտոնյաներ ասում են, որ այդքան հայություն ունեցող Հայաստանին փոխանցվող այդքան գումարը ծիծաղելի է եւ ամոթ է: Որովհետեւ սփյուռքահայը վստահ չի, որ այդ փողերը տեղ են հասնում, դրա համար էլ ինքը փող ուղարկելու հարցում ավելի զուսպ է»:
Ըստ Արտակ Շաքարյանի` «Ընդհանրապես միջազգային դիվանագիտության մեջ ընդունված է inside out սկզբունքը` այսինքն` ներսից դուրս: Դու ներսից պիտի լինես ուժեղ, հզոր, որ արտաքին աշխարհում էլ ուժեղանաս: Մինչեւ Հայաստանը չկարգավորի իր ներքին խնդիրները, ժողովրդագրական վիճակը, արտաքին փոքր հաղթանակները չի կարող վայելել, մինչեւ ներքին խնդիրները չհաղթահարենք` արտաքին երկարատեւ հաղթանակներ չենք ունենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ