Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան հաթաթա է տալիս Ֆրանսիային` մոռանալով «Պեժո» եւ «Ռենո» գործարանների մասին:

Դեկտեմբեր 24,2011 15:49

Այսօր «Տեսակետ» ակումբում թուրքագետ Արտակ Շաքարյանը մի անեկդոտ պատմեց` Ֆրանսիայի ընդունած Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի հետ կապված. «Մի 70 տարեկան ծերունի գնում է բժշկի մոտ, ասում է երեխա եմ սպասում, բժիշկն ասում է` հնարավոր չի, արտադրական ֆունկցիա չկա, բայց քեզ մի բան պատմեմ, ես գնացել էի արջի որսի` հրացանի տեղը սուր փայտ էի տարել, հենց արջը մոտեցավ, փայտս հանեցի` կրակեցի եւ արջը մեռավ: Ծերունին ասում է` հնարավոր չի, ես 50 տարվա որսորդ եմ, հաստատ կողքից մի որսորդ կրակել է: Բժիշկն էլ բացականչում է` աաայ, մոտենում ենք հարցի քննարկմանը: Հիմա Ֆրանսիայի օրինագիծը պաշտոնական Երեւանի հրացանից չէր, պարզապես համընկավ եւ այդ արջին մեր փոխարեն սպանեցին»: Ըստ Արտակ Շաքարյանի, Ֆրանսիայում արդեն հասունացել էր հակաթուրքական ալիքը, եւ օրինագծի ընդունումը սպասելի էր:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի խոսքերով` դա Թուրքիայի քաղաքական կրախն էր, բայց պետք է նկատի ունենալ, որ այս պահին պարզապես Ֆրանսիայի եւ Հայաստանի շահերը համընկան:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` օրինագիծը Թուրքիայում ինչպե՞ս ընկալվեց եւ կանխատեսումներ կա՞ն, թե նրանց հաջորդ քայլը ո՞րը կլինի` պատասխանեց «Թուրքիայում հիստերիան սկսվել էր մինչեւ օրինագծի ընդունումը, երբ հայտնի էր, որ պետք է քննարկվի նախագիծը, այս անգամ էլ իր ամբողջ զինանոցով փորձում էր կանխել օրինագծի ընդունումը, օգտագործվեցին բոլոր գործիքները` շանտաժը, սպառնալիքները, տնտեսական սանկցիաներ կիրառելու սպառնալիքները, Թուրքիան փորձեց ինչ հնարավոր էր: Եվրոպական երկրների փորձագետների կողմից ցեղասպանությունը պետականորեն ուրանալու իրենց քաղաքականությունը աբսուրդ է թվում, որովհետեւ պատմական փաստի վերաբերյալ այդքան գումար, ռեսուրս վատնել` չի ընկալվում արեւմտյան արժեքներ դավանող երկրներում: Այս օրինագծի ընդունումից հետո մենք հասկացանք, որ Թուրքիան այլեւս հայկական խնդրի իր զինանոցը սպառել է, ոչ մի նոր բան չեղավ` դեսպանին հետ կանչելը, սպառնալիքները դրանք արդեն դեժավյույի էֆեկտ է ստեղծում, իր լծակները նույնն են»:

Թուրքագետը կարծում է, որ տնտեսական սանկցիաների հարցում Թուրքիան սխալ հաշվարկ է արել, որովհետեւ դա ավելի շատ հենց իրենց վրա կանդրադառնա, որովհետեւ ֆրանսիական «Պեժոյի», «Ռենոյի» գործարանները, որոնք Թուրքիայում են, կարող են փակվել եւ բավականին կտուժեն թուրգ բիզնեսմենները, աշխատողները. «Ֆրանսիայի նման երկրի հետ նման տոնով խոսելը հնարավոր չէ, իսկ իրենք հաթաթա են տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031