Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱԴԱՐՁ

Դեկտեմբեր 24,2011 13:31

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներեքերորդ

ԱՆԴՐԱԴԱՐՁ

Մոսկվայի Գորկու ինստիտուտի իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյան էն կինն է, որի մասին ոչ թե Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գագոյի առիթով պիտի գրեի, այլ Գագոյից, բոլորից ու ամեն ինչից անկախ՝ ոչ միայն էն պատճառով, որ Բրիկսինա Տանյան չափազանց տաղանդավոր ու չափազանց հետաքրքիր անձնավորություն է,  այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ Բրիկսինա Տանյայի հետ երկու տարի Մոսկվայում լիարժեք ընկերություն եմ արել, եւ չնայած էս վեպիս շրջանակներում մի քանի անգամ էլ եմ  իրեն անդրադարձել՝ անկախ իր նախկին ամուսին Պավլիկից ու իմ համադասարանցի Գագոյից, այդուհանդերձ, նախորդ անդրադարձներս էլ են այլոց ու կողմնակի հանգամանքների հետ կապված եղել. եթե հիշում եք, առաջին անգամ Բրիկսինա Տանյային անդրադարձա Վրաստանում Մայակովսկու մրցանակն ստանալուս կապակցությամբ, այնուհետեւ՝ Մոսկվայի Գորկու ինստիտուտի մեր կուրսի ավագ Եմելյան Սոկոլովի  առիթով, ինչպես նաեւ՝ Պոտյոմկինա Նինայի հետ կապված, եւ չնայած Բրիկսինա Տատյանան արժանի է միանգամայն առանձին ու առանձնակի ուշադրության, եւ չնայած դեռեւս Բրիկսինա Տատյանային առանձին ու առանձնակի չեմ անդրադարձել, հուսով եմ՝ իր մասին արդեն ահագին բան գիտեք ու իր մասին արդեն ահագին պատկերացում ունեք, եւ իր առիթով հիմա վերստին մտածում եմ, որ ես շարունակ հիմնական բաները մի կողմ թողած՝ երկրորդական բաներից եմ խոսում ու շաղակրատում, եւ երկրորդական ասելով՝ առաջին հերթին բջջային հեռախոսի հետ կապված բարդույթներս նկատի ունեմ, ու արդեն ինքս էլ եմ զգում, որ բջջայինի թեման չափից ավելի չարչրկեցի ու չարաշահեցի. էլ չեմ ասում, որ, մինչ էդ թեման չարչրկվում ու չարաշահում էի, էդ ընթացքում ավելի ու ավելի կապվեցի էդ բջջային կոչեցյալին, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ մեր քաղաքում բոլորը բջջայինները գրպաններում ֆռֆռում են, եւ էդ ֆռֆռացողներից որեւէ մեկին որեւէ բան ասելու համար ստիպված եմ լինում մեր տնական ու սովորական հեռախոսով կապվել էդ ֆռֆռացողների բջջայիններին, եւ եթե էսքանից հետո էլ բջջային չեմ պահում, դրա իրական պատճառը ոչ թե սովորույթի ուժն է, այլ մշտական վախս՝ էլեկտրական ու էլեկտրոնային երեւույթներից ու սարքավորումներից, որովհետեւ  ձեռքս ինչ  էլեկտրական սարքավորման դիպչում է, էդ սարքավորումը տեղում փչանում է, եւ, դրանից էլ բացի, բջջային հեռախոս չեմ պահում, որպեսզի առավոտներն ինձ չզանգեն ու չկտրեն իմ հիմնական գործից՝ որ էս վեպն է, եւ չնայած պոտենցիալ խանգարողները մեր տան հեռախոսին զանգելով էլ կարող են ինձ կտրել իմ էս հիմնական գործից, փաստորեն չեն կտրում, որովհետեւ բջջային հեռախոս ունեցողները ոչ միայն տնական ու սովորական հեռախոսներով զանգելուց են հետ վարժվել, այլեւ իրենց բջջայիններով մեր սովորականներին զանգելուց էլ են հետ վարժվել, եւ վերջապես ու վերջնականապես բջջայինի թեման փակելով՝ ուզում եմ ավելացնել, որ չնայած էս հիմնական գործս գրիչով եմ անում, էս ընթացքում նաեւ համակարգչի՛ անհրաժեշտությունն եմ զգացել, ընդ որում՝ բազմիցս եմ զգացել, եւ համակարգչի անհրաժեշտությունը զգալով ու հասկանալով՝ փոքր աղջկաս խնդրեցի, որ մտնի ինտերնետ, ու տեսնենք՝ ինչ կա Տատյանա Բրիկսինա անվան ու ազգանվան հետ կապված, եւ երբ փոքրս Տատյանա Բրիկսինա գրելով՝ Տանյայի բաժինը մտավ, էնտեղ Տանյայի կենսագրության հետ կապված որեւէ հետաքրքիր բան չգտա. ընդամենը ծննդյան, դպրոցն ու ինստիտուտն ավարտելու տարեթվերն էին, ինչպես նաեւ՝ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներն ավարտելու տարեթիվը՝ 1985-ը, ինչպես նաեւ՝ հրատարակած գրքերի անուններն ու տարեթվերը, նաեւ նշված էր, որ ներկայումս Տատյանա Բրիկսինան Ռուսաստանի Գրողների միության Վոլգոգրադի բաժանմունքի նախագահն է. այսինքն, էս պահի դրությամբ, մոսկովյան իմ համակուրսեցի Տանյա Բրիկսինան Վոլգոգրադում Լեւոն Անանյան է աշխատում. այդքան բան. եւ իր որբության մասին, մեծահարուստ Պավլիկի հետ ամուսնության ու ամուսնալուծության մասին՝ ոչ մի խոսք. այսինքն, ինտերնետ մտնելով՝ դուք Բրիկսինա Տանյայի մասին կարող եք էնքան բան իմանալ՝ ինչքան բան որ Անանյան Լեւոնի մասին գիտեք, ու էս ասածս էլ է գալիս հաստատելու, որ մարդկանց ու երեւույթների մասին ինտերնետով հնարավոր չի ամեն ինչ իմանալ, ու էս ասածս էլ իր հերթին նշանակում է, որ գեղարվեստական գրականությունն ընդհանրապես ու էս վեպս մասնավորապես նույնիսկ մեր էս համակարգչային ու բջջային ժամանակաշրջանում ավելորդ չեն, եւ եթե էս վեպս չլիներ, դուք շատ ու շատ մարդկանց մասին շատ ու շատ բաներ չպիտի իմանայիք՝ ներառյալ իմ համակուրսեցի բանաստեղծուհի Բրիկսինա Տանյայի մասին, որովհետեւ նույնիսկ ամենահզոր համակարգչով ինտերնետ սողոսկելով՝ դուք ընդամենը կարող եք տեղեկանալ, որ վոլգոգրադցի բանաստեղծուհի Տատյանա Բրիկսինան այսինչ ու այնինչ թվականներին ավարտել է միջնակարգ դպրոցը, Վոլգոգրադի Մանկավարժական ինստիտուտն ու Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները, տարբեր տարիներին բանաստեղծական ժողովածուներ է հրատարակել եւ էսօրվա դրությամբ հանդիսանում է Վոլգոգրադի Գրողների միության նախագահը, ավելի ճշգրիտ՝ Ռուսաստանի Գրողների միության Վոլգոգրադի բաժանմունքի նախագահը,  իսկ ինչ վերաբերում է Բրիկսինա Տանյայի որբությանը, իմ համադասարանցի Գագոյի մեծահարուստ ընկեր Պավլիկի հետ Տանյայի ամուսնությանն ու բաժանությանը, էդ կարեւորագույն բաների մասին՝ ոչ մի խոսք. այսինքն, Բրիկսինա Տանյային առնչվող էդ կարեւորագույն բաները դուք կարող եք իմանալ եւ արդեն գիտեք իմ էս վեպի միջոցով, եւ էս փաստը չափազանց պերճախոս վկայում է, որ համակարգիչ կոչված էդ գերհզոր ու գերագույն երեւույթը ո՛չ միայն ահագին բան է մեզ հաղորդում մեր ու ամեն ինչի մասին, այլեւ ամեն ինչի մասին ահագին բան էլ ի վիճակի չի իմանալ, ու էս ասածս վերաբերում է ինտերնետում տեղ գտած բոլորին ու անձամբ Բրիկսինա Տանյային, իսկ ինչ վերաբերում է Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գագոյին եւ ինտերնետում ընդհանրապես տեղ չունեցող ուրիշներին, նրանց մասին կարող եք իմանալ եւ արդեն իսկ ահագին բան գիտեք իմ ու էս վեպիս շնորհիվ, որի ծավալից, ճիշտ է, շատերն են դիվոտվում, բայց որի ծավալն ինձ ու ձեզ հնարավորություն է տալիս ահագին բան իմանալ ոչ միայն Բրիկսինա Տանյայի ու Գագոյի, այլեւ Պավլիկի, Տիմոշենկոյի դպրոցի իմ համադասարանցի Հրուշի, Հրուշի բազմաչարչար եղբայր Նվերի եւ ինտերնետի ուշադրությանը չարժանացած շատ ու շատ ուրիշների մասին, որոնց էս վեպիս շրջանակներում անդրադարձել ու անդրադառնալու եմ եւ որոնց մասին դժվար թե որեւէ բան իմանայիք, եթե էս վեպս չլիներ, որովհետեւ ինտերնետն իր անսահման տարածքներում սովորաբար ու հիմնականում անդրադառնում է էն մարդկանց, որոնց մասին առանց ինտերնետի անդրադարձների էլ որոշ ու որոշակի բաներ գիտենք, բայց, այդուհանդերձ, սրանց անդրադառնալով հանդերձ, ինտերնետը սրանց մասին էլ է ընդամենը կցկտուր տեղեկություններ հաղորդում՝ մեզանից ու բոլորից խնամքով թաքցնելով սրանց վերաբերող ամենահետաքրքիր ու կարեւորագույն մանրամասները, եւ նույնիսկ անվանի ու նշանավոր մարդկանց մասին իմ էս վեպից կարող եք ավելի կարեւոր ու էական տեղեկություններ ստանալ, քան՝ ինտերնետից. օրինակ, եթե հիմա չասեմ, երբեւէ չեք իմանա, որ մեր նշանավոր ու սիրելի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն իր կյանքում որեւէ լիֆտից չի օգտվել. տարիներ շարունակ որեւէ լիֆտից եւ մասնավորապես իրենց իսկ շենքի լիֆտից չի օգտվել, եւ Տիգրանին վերաբերող էս հետաքրքիր ու էական տեղեկությունը ոչ թե ուրիշներից լսելով եմ հայտնում, այլ անձամբ ու բազմիցս եմ տեսել. այսինքն, Տիգրանի հետ անձամբ եմ իրենց շենքի հինգ թե վեց հարկերը ոտքով հաղթահարել, եւ իր հետ էդ հինգ ու վեց հարկերը բազմիցս ոտքով հաղթահարած՝ կարող եմ ձեզ հավատացնել ու հավաստիացնել, որ Տիգրանի ու լիֆտի անհամատեղելիությունը վախի հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ, եթե Տիգրանը վախեցողներից լիներ, տարվա մեջ մի քանի անգամ ինքնաթիռների ծառայությունից չէր օգտվի՝ ինչպես որ գեղանկարիչ Վարդանյան Վարուժը երբեւէ չօգտվեց, իսկ ինչ վերաբերում է անձամբ Մանսուրյան Տիգրանին, վերջինս միանգամայն հանգիստ խղճով ու առանց վախենալու ինքնաթիռներով ճամփորդում է, ընդ որում՝ տարվա մեջ մի քանի անգամ, եւ մի անգամ էլ ձեր խոնարհ ծառայի ընկերակցությամբ է ինքնաթիռով Երեւանից Միացյալ Նահանգներ թռել, եւ կարող եմ վկայել, որ ամբողջ կյանքում զանազան լիֆտերից խուսափած Տիգրանն օդանավում իրեն սովորականից էլ լավ էր զգում եւ սովորականից էլ ուրախ էր եւ սովորականից էլ շատ էր կատակներ անում, մինչդեռ լիֆտերից եւ մասնավորապես իրենց իսկ շենքի լիֆտից խուսափել ու խուսափում է եւ ամբողջ կյանքում իրենց իսկ շենքի հինգ ու վեց հարկերը ոտքով է հաղթահարել ու հաղթահարում, ու էս ասածս միանգամայն հավաստի տեղեկատվություն է բոլորիս կողմից սիրված կոմպոզիտորի մասին, եւ դուք ինձ չհավատալու ո՛չ իրավունք ունեք, ոչ էլ, մանավանդ, հնարավորություն, որովհետեւ ինտերնետն ու որեւէ մեկը ձեզ հակառակը չեն ասի, եւ, բացի այդ, ես ոչ մի շահ չունեմ ստելու թե՝ Տիգրան Մանսուրյանը երբեւէ լիֆտով չի բարձրացել իր կամ որեւէ մեկի տուն, ու էս ասածներիցս միակ կասկածելին Տիգրանի տան հարկն է, որովհետեւ ես վաղուց Տիգրանի տանը չեմ եղել եւ հիմա ճշգրիտ չեմ հիշում՝ իր բնակարանն իրենց շենքի հինգերո՞րդ հարկում է, թե՝ վեցերորդ, բայց երեւի դուք էլ եք հասկանում, որ հինգերորդ ու վեցերորդ հարկերի տարբերությունն առանձնապես էական չի.  էականն էն է, որ Տիգրանենց շենքը լիֆտ ունի, ու Տիգրանն էդ լիֆտից երբեւէ չի օգտվել, մինչդեռ ինքնաթիռներից լիուլի օգտվում է. այսինքն, Տիգրանինը ոչ թե բարձրությունից վախ է, այլ ավելի խորը եւ ավելի անբացատրելի իրողություն՝ մոտավորապես բջջային հեռախոսից խուսափելու պես մի բան, եւ հիմա որ էս ուղղությամբ շարունակում եմ մտածել, սկսում եմ հիշել, որ Տիգրան Մանսուրյանն էլ բջջային հեռախոս չի պահում, ավելի ճշգրիտ՝ մի քանի տարի առաջ չէր պահում, եւ իր էսօրվա մասին որեւէ ճշգրիտ բան չեմ կարող ասել, քանի որ վերջին մի քանի տարիներին Տիգրանին ընդհանրապես չեմ տեսել, որովհետեւ Տիգրանը տիկին Նոնային կորցնելուց հետո հազվադեպ է Հայաստանում ու Երեւանում լինում, մինչդեռ առաջներում չափազանց նստակյաց ու չափազանց հյուրընկալ կյանք էր վարում, եւ ես հաճախ էի իրենց տանը հյուրընկալվում եւ տիկին Նոնայի պատրաստած յուրահատուկ խորտիկները համտեսում, եւ հիմա որ մտածում եմ, սկսում եմ հիշել նաեւ, որ ես Տիգրանի ու Նոնայի հյուրընկալ օջախում գրեթե միշտ անակնկալ ու պատահաբար եմ հյուրընկալվել. այսինքն, իրենց տան շրջակայքում պատահաբար հանդիպել եմ Տիգրանին, եւ Տիգրանն ինձ իր տուն է հրավիրել, եւ, բնականաբար, մենք առանց լիֆտի օգնության՝ ոտքով բարձրանում էինք իրենց հինգերորդ թե վեցերորդ հարկ, եւ դրանք երանելի օրեր էին՝ ոչ միայն էն պատճառով, որ Մանսուրյան Տիգրանի հետ ընկերություն անելը չափազանց պատվաբեր ու չափազանց հաճելի էր, այլեւ էն առումով, որ էն ժամանակ էս ձախ ոտքիս ցավերը չկային, ու ես ոտքով թեթեւորեն բարձրանում էի իրենց հինգերորդ թե վեցերորդ հարկ, եւ մեծամտանալով ու հիշելով՝ հիշում եմ նաեւ, որ երբ ոտքով ու թեթեւորեն հասնում էինք իրենց հարկ ու մտնում էինք իրենց տուն, Տիգրանն իրենց ննջարանի ռոյալի վրա ինձ համար կատարում էր իր ամենավերջին ստեղծագործությունից որեւէ հատված, եւ հաճույքով լսելուց հետո՝ երբ հիացմունքս հայտնում էի, Տիգրանը մեկ այլ հատված էլ էր կատարում իրենց ննջարանի էդ, ուրեմն, ռոյալի վրա, եւ ննջարանի ռոյալ ասելով՝ ննջարանն ավելի եմ շեշտում, քան՝ ռոյալը, որովհետեւ Տիգրանը հանրահայտ ու սիրված կոմպոզիտոր լինելով՝ առանձին աշխատասենյակ չուներ, եւ իրենց էդ նեղվածք ննջարանում էին արարվում իր անզուգական ու անուշ մեղեդիները, եւ հետին թվով էս հանգամանքը հիշելով ու շեշտելով՝ հետին թվով հասկանում եմ նաեւ, որ ոչ միայն հայ գրողներն են անհարմար պայմաններում ապրել ու ստեղծագործել, եւ էսպես հիշելով՝ կարող եմ նաեւ վկայել, որ Տիգրանն իրենց էդ նեղվածք ննջարանում ոչ միայն իր անզուգական մեղեդիներն էր արարում, այլեւ հայ ու համաշխարհային պոեզիային էր առնչվում ու հաղորդակցվում, եւ ամեն անգամ՝ ինձ իր ամենավերջին ստեղծագործությանը հաղորդակից դարձնելուց հետո Տիգրանն իրենց ննջարանի գրապահարանից հանում էր որեւէ բանաստեղծի որեւէ գիրք եւ իր սիրած բանաստեղծությունն էր հիացմունքով կարդում ու վայելում, եւ հիմնականում Չարենցի գիրքն էր լինում, եւ մեծամտությանս վերադառնալով ասեմ, որ էդ ննջարանի էդ գրապահարանում իմ բանաստեղծությունների գրքերն էլ կային, եւ չնայած էդ գրքերս ինքս էի ստիպողաբար նվիրել Տիգրանին, մեծամտությունս շարունակելով՝ նաեւ պիտի ասեմ, որ Մանսուրյան Տիգրանն իմ ոտանավորներն էլ էր սիրում ու հավանում, ու հիմա անցյալ ժամանակով եմ էդ մասին ասում՝ ոչ միայն էն պատճառով, որ դրանք երանելի ու անցյալ ժամանակներ էին, այլեւ էն պատճառով, որ ձեր խոնարհ ծառան վաղուց բանաստեղծություններ չի գրում, եւ չնայած վաղուց բանաստեղծություններ չեմ գրում, հիշելով ու մեծամտությունս շարունակելով պիտի ասեմ, որ Տիգրանն իրենց ննջարանի գրապահարանից հանելով գրքերիցս որեւէ մեկը՝ սիրով ու հաճույքով ինձ համար կարդում էր բանաստեղծություններիցս որեւէ մեկը, եւ հիշելով նաեւ պիտի ասեմ, որ Տիգրանը գրքերիցս ամենից ավելի «Բախտն» էր հավանում, եւ իր հավանելու մասին էլ եմ էսպես անցյալ ժամանակով խոսում, որովհետեւ շուրջ տասը տարի է՝ իմ ու Տիգրանի մտերմությունն ընդհատվել է, ընդ որում՝ ոչ թե իմ ու իր կամքով, այլ ընդամենը՝ իմ ու իր կյանքի բերումով, ու էս պահի դրությամբ չգիտեմ՝ ինքն իմ էս արձակագրությունը հավանո՞ւմ է, թե՝ ոչ, եւ միգուցե անտիպոեզիաներս էլ հավանած չլինի, որովհետեւ եթե Տիգրանը գրածներիցս որեւէ բան հավանում էր, անպայման զանգում ու արտահայտվում էր, եւ, համոզված եմ, եթե էս նորերիցս որեւէ բան հավաներ, անմիջապես կզանգեր ինձ՝ թեկուզեւ Լոսից, ուր, ինչքան ինձ հայտնի է, տարվա մեծ մասն ապրում է աղջկա ու փեսայի տանը, եւ շատ հնարավոր է՝ անտիպոեզիաներս ու էս անվերջանալի արձակս կարդացած էլ չլինի՝ ոչ միայն էն պատճառով, որ էս նոր գրքերս իրեն չեմ նվիրել, այլեւ էն պատճառով, որ էս խոսակցականով գրածներս սփյուռքահայերը չեն հավանում եւ չեն ընդունում, եւ դա միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետեւ սփյուռքահայերը մեր արեւելահայերենը հազիվ են հանդուրժում, ուր մնաց՝ իմ էս խոսակցական ու փողոցային արեւելահայերենը հանդուրժեն, եւ եթե անտիպոեզիաներս ու վեպիս  հատորները Տիգրանին նվիրած էլ լինեի, շատ հնարավոր է՝ չհավաներ, որովհետեւ Տիգրանը ծագումով ու ճակատագրով սփյուռքահայ է, չնայած, ի տարբերություն շատ ու շատ սփյուռքահայերի, արեւելահայերենին ու արեւմտահայերենին հավասար հարգանքով է վերաբերվում, որովհետեւ երկուսն էլ հավասարապես սիրում ու երկուսին էլ հավասարապես տիրապետում է, ու երեւի էդ է պատճառը, որ Մանսուրյան Տիգրանի հավանելն ու չհավանելն էսպես ու էսքան կարեւորում եմ, եւ նույնը ծագումով ու ճակատագրով սփյուռքահայ մեր մյուս մաեստրոյի՝ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի մասին պիտի ասեմ, եւ եթե որեւէ մեկն ինձ ասեր, որ վարպետ Հակոբ Հակոբյանն ամեն շաբաթ կրպակից «Առավոտ» է առնում, որպեսզի էս վեպս կարդա, բնականաբար չէի հավատալու, բայց քանի որ վարպետն անձամբ է ինձ էդ մասին ավետել, իրեն չհավատալու որեւէ հիմք ու պատճառ չունեմ, եւ Տիգրանի մասին պիտի ասեմ նաեւ, որ ինքը ոչ միայն արեւելահայերենն է սիրում ու զգում, այլեւ արեւելահայ պոեզիան, եւ չիմացողների համար պիտի նաեւ ասեմ, որ Տիգրանն արեւելահայ պոեզիայի եւ ընդհանրապես պոեզիայի խոշոր գիտակ է, եւ պոեզիայի էդպիսի գիտակ ոչ մեր գրականագետների մեջ կա եւ ոչ էլ պոետների, եւ ահա նույն էդ Տիգրանը՝ որ բոլորիցս ավելի է պոեզիա սիրում ու հասկանում, ժամանակ առ ժամանակ գրքերիցս «Բախտն» իրենց ննջասենյակի գրապահարանից հանելով՝ անմիջապես բաց էր անում էդ գրքիս երեսունութերորդ էջն ու բարձրաձայն կարդում էր «Ծիծաղելով, փորս բռնած» բանաստեղծությունս, եւ չնայած էդ բանաստեղծությունս առանձնապես չեմ սիրում, Տիգրանի ընթերցումից հետո սկսում էի սիրել, եւ որպեսզի դուք էլ համոզվեք, որ էդ բանաստեղծությունս առանձնապես մի բան չի, հիմա մեր ննջարանի գրապահարանից կհանեմ էդ «Բախտս» ու ձեզ համար կարտագրեմ էդ սովորական ու հերթական ոտանավորս.

 

Ծիծաղելով, փորս բռնած՝

Ես անցա էս բարդ տեղերով։

Լուրջ մարդկանցից սրտնեղելով՝

Հորինեցի թեթեւ արկած։

 

Չեմ մտածել, որ մի օր էլ

Ի՛մ հոգնելու հերթը կգա։

Չեմ մտածել, Աստված վկա.

Դեռ մտածել չեմ սովորել։

 

Փորս բռնած, ծիծաղելով՝

Ճամփեցի իմ ակնթարթը։

Շրջանցեցի այն՝ ինչ բարդ էր։

Գոհ եղա իմ ծանծաղ դերով։

 

Չեմ մտածել ¥չհասցրի)։

Ես մտածել չեմ սովորել։

Չհասցրի։ Ու մի օր էլ

Ինձ թիկունքից թխկացրին։

 

Չեմ ասի թե՝ ես եմ եղել

Ազնվագույնը մեր միջի։

Չեմ ասի թե՝ մերոնց միջից

Ամենից շատ ե՛ս եմ շեղվել,

 

Եվ չեմ ասի թե՝ մեր ցեղից

Ամենից գեշ ինձ թխկացրին,

Քանզի կրկին ինձ վերկացրին

Ու ասացին՝ նորի՛ց եղիր։-

 

Ինձ վերկացրին ու ծաղրելով

Ասին՝ գիտե՞ս, դու շա՜տ շունն ես։-

Ես էդ դեպքը միշտ հիշում եմ

Փորս բռնած, ծիծաղելով։

 

Էս արտագրությունս ավարտելով ու մեծամտությունս շարունակելով՝ հիմա արդեն մտածում եմ, որ Տիգրանն ամենեւին էլ մեղավոր չէր, որ էս բանաստեղծությունս հավանում էր, ու էս արտագրությունիցս հետո արդեն հասկացա, որ էս բանաստեղծությունս իր մեջ ավելին է պարունակում, քան՝ ինքս եմ իր մեջ ներդրել, ու էս արտագրությունս սոսկ մեծամտության դրսեւորում չի, որովհետեւ բանաստեղծություն գրելը թարգելուց հետո ոմանց պես ինքս էլ եմ բանաստեղծություններս կարոտում, ու էս արտագրությունս էլ անտեղի չէր, որովհետեւ բանաստեղծությունս արտագրելով՝ փոքրատառով գրված Աստվածը մեծատառ դարձրի, եւ չնայած Հարությունյան Վարդանն էստեղ ու էնտեղ շարունակում է ասել թե՝ Շեկոյան Արմենն անկախությունից հետո է սկսել Աստված մեծատառով գրել, հիմա առիթից օգտվելով՝ ուզում եմ ձեզ հավատացնել, որ ես միշտ էլ Աստված մեծատառով եմ գրել, եւ գլավլիտն ու Պետհրատի սրբագրիչներն էին փոքրատառ դարձնում, եւ չնայած գիտեի, որ փոքրատառ են դարձնելու, միշտ մեծատառով էի գրում, որովհետեւ գլավլիտն ու սրբագրիչները երբեմն-երբեմն իրենց պարտականությունների մեջ թերանում էին, եւ երբեմն-երբեմն բանաստեղծություններիս մեջ Աստված մեծատառով էր գնում, եւ, դրանից էլ բացի, էս արտագրությունս անտեղի չեմ համարում, որովհետեւ, բանաստեղծություն գրելը թարգելով հանդերձ, գտնում եմ, որ արժե ժամանակ առ ժամանակ էսպես թռուցիկ կերպով վերադառնալ ու անդրադառնալ բանաստեղծություններիս, որովհետեւ բանաստեղծությունից արձակի անցնելուց հետո ազատ ժամանակ չեմ ունեցել եւ բանաստեղծություններիս գովազդով բացարձակապես չեմ զբաղվել, եւ բանաստեղծություններիս հարցում գրականագետներն ու գրաքննադատներն էլ են հնարավորինս զլացել ու թերացել, եւ, փաստորեն, էս արտագրությունս ամենեւին էլ անտեղի ու անիմաստ չի եւ ամենեւին էլ սկզբունքներիս չի հակասում, եւ մարդկային իմաստով նույնիսկ բնական էլ է, որովհետեւ ես իմ ու ձեր սիրելի կոմպոզիտորի կյանքից ինձ համար չափազանց շահավետ դրվագ հիշելով ու ներկայացնելով՝ չափազանց շահավետ վիճակում հայտնվեցի, ու էս հիշելս էնքանով է բնական ու տրամաբանական, որ ամեն մարդ եւ նույնիսկ ամեն բանաստեղծ՝ նախկին բանաստեղծներն էլ ներառյալ, իրենց կյանքի երկրորդ կեսն իրենց հուշերի ու հիշողությունների հետ են անցկացնում, եւ իրենց կյանքից ու իրենց անցյալից հատկապես հաճելի՛ հուշեր են պեղելով հանում ու ներկայացնում։

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031