Այս պահին Նալբանդյան 106/1 հասցեում բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ այդ տարածքում վերսկսված ապօրինի շինարարության: Բնակիչներն իրենց անհանգստությունն են հայտնում եւ զայրացած են: Նրանք եւ «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամներն այս պահին պարիսպ են կազմել: Ակցիային միացել է նաեւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: «Աշխատողները թողեցին հեռացան, նրանց վերադասները եկան, բայց տեսնելով, որ ժողովուրդը հավաքվել է, գնացին: Մեքենաները ներսում են, մենք ստիպեցինք, որ դատարկեն հողը, հետլիցք անեն, որովհետեւ հողաշինարարկան աշխատանքների իրականացման թույլտվություն գոյություն չունի: Ընդամենն իրենք ունեն փոքր շինությունների քանդման թույլտվություն, բայց երեկվանից փորում էին ծառերի հիմքերը: Մենք պահանջում ենք, որ վերադասներն՝ այսինքն նրանք, ովքեր հանձնարարել են այս աշխատողներին իրականացնել ապօրինի գործողություններ, ներկայանան այստեղ եւ բացատրություններ տան կոնկրետ փաստաթղթերով, թե ինչի հիման վրա են նրանք փոսորակը խորացնում»,- Aravot.am-ին ասաց «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը: Նա ասաց, որ գրավոր կերպով դիմել են տարբեր ատյաններ, բանակցություններն ընթացքի մեջ են:
Նշենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը դադարեցնել Նալբանդյան 106 /1 հասցեում կառուցապատվող օբյեկտի շինհրապարակում իրականացվող բոլոր տեսակի աշխատանքները: Մեզ հետ զրույցում Գ. Ղազարյանը հայտնեց, որ աշխատանքները կասեցվել են, կառուցապատող ընկերությունը պատասխանատվություն ստանձնեց եւ խոստացավ, որ ծառերի հիմքերը ցրտից պաշտպանելու նպատակով հողլիցք կանի:
Խնդրի մասին ավելի մանրամասն՝ այս տեսանյութում: