Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբշամարտի ֆեդերացիան 2011-ին ամենից լավ է աշխատել

Դեկտեմբեր 24,2011 13:26

Այսօր հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը Ծաղկաձորում ավարտում է տարվա վերջին ուսումնամարզական հավաքը (ազատ ոճայինները վերադարձան երեկ) ու դրանով ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես եզրափակում է մրցաշրջան 2011-ը:

«Առավոտը» մարզաձեւի ղեկավարության եւ երկու ոճերի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներին խնդրեց ամփոփել անցնող տարին:

Հովիկ Սոֆոյան: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն: «Ճիշտ է, այս տարի մեր սպասելիքներն ավելի շատ էին, սակայն բոլոր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկների նվաճած 24 (սա ավելի է, քան անցած տարի) մեդալները եւ մարզիչների կատարած աշխատանքը գնահատում եմ «բավարար»: Ձեռքբերումները կամ լրիվ չիրականացված ծրագրերը հատիկ-հատիկ թվարկելու կարիք, կարծում եմ, չկա. ֆեդերացիան դրանք վերլուծել եւ էլի անդրադառնալու է:

Անցնող տարում հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Թուրքիայում նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ եւ օլիմպիական վարկանիշ ձեռք բերեց: Ստամբուլում Լոնդոնի ուղեգրի արժանացավ նաեւ ազատ ոճային Միհրան Ջաբուրյանը: Ասեմ, որ Արսենի այդ նվաճումը լավագույնն է Հայաստանում՝ բոլոր օլիմպիական մարզաձեւերի արդյունքների մեջ, իսկ Ռոման Ամոյանը Եվրոպայի չեմպիոն դարձած Հայաստանի միակ ներկայացուցիչն է: Եվ այն, որ Հայաստանի այս տարվա լավագույն տասնյակում չորս հոգին մեր ֆեդերացիայի ներկայացուցիչներ են, իսկ լավագույն մարզիկը Ռոման Ամոյանն է եւ երկրորդը՝ Արսեն Ջուլֆալակյանը, թերեւս, խոսում է այն մասին, որ մեր ֆեդերացիան 2011 թվականին ամենաարդյունավետ աշխատած ֆեդերացիան է: Իհարկե, չեմ ցանկանում թերագնահատել մյուսների աշխատանքը: Սա հնարավոր է եղել ոչ միայն մեր կոլեկտիվի միասնական ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ: Բայց դա էլ կապված է ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի անվան հետ, որովհետեւ այդ պատասխանատու պարտականությունն ստանձնելու առաջին իսկ օրվանից նա ամբողջ աշխատանքը պահում է իր հսկողության տակ ու հաջողությունները զարգացնելու համար բառացիորեն ոչինչ չի խնայում: Պարոն Կարապետյանի ներդրումները ըմբշամարտում տարեցտարի ավելանում են եւ մրցաշրջան 2011-ին կազմել են շուրջ $ 2 միլիոն: Բնական է, որ նման պայմաններում առաջընթացն անխուսափելի է: Չնայած, ինչպես սկզբում ասացի, գտնում եմ, որ նվաճումները պիտի ավելի շատ ու ծանրակշիռ լինեին:

2012-ն օլիմպիական՝ վճռորոշ տարի է, եւ մեր ըմբիշները դեռ ապացուցելու շատ բան ունեն: Նկատի ունեմ առաջին հերթին օլիմպիական վարկանիշները, որոնք, ըստ հավաքականների մարզիչների հավաստիացումների, երկու ոճերում միասին վերցրած պետք է առնվազն յոթը լինեն: Նպատակին հասնելու համար արվելու է ավելին: Դա նաեւ Սամվել Կարապետյանի պահանջն է:

Օգտվելով առիթից, ձեր «Առավոտի» միջոցով շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում, որ 2012 թվականը առողջության տարի լինի, իսկ մեր բոլոր մարզիկները հաղթանակներով ուրախացնեն ողջ ժողովրդին»:

Լեւոն Ջուլֆալակյան: Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: «Ընդհանուր առմամբ, 2011 թվականը մեզ համար վատ չդասավորվեց: Մեր մրցաձեւի ներկայացուցիչները աշխարհի, Եվրոպայի առաջնությունների բոլոր տարիքային խմբերում էլ ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճեցին: Դա, իհարկե, լավ է, բայց ես այնքան էլ գոհ չեմ: կարող էինք ավելին անել: Չստացվեց: Ինչ արած, սպորտ է ու սպորտում ամեն ինչ էլ լինում է: Եկող մրցաշրջանն ավելի լարված ու պատասխանատու է լինելու: Առջեւում Եվրոպայի առաջնությունն է (մարտի 6-11-ը՝ Սերբիայում), որին անմիջապես հաջորդելու են երեք վարկանիշային մրցաշարերը: Դրանք բոլորն էլ կարեւոր են. Եվրոպայի առաջնությունը՝ նոր մեդալներ նվաճելու, վարկանիշային մրցաշարերը՝ օլիմպիական ուղեգրեր նվաճելու առումով: Դե, հասկանալի է, 2012-ի գլխավոր մեկնարկը օլիմպիական խաղերն են, որոնց ոչ միայն ցանկանում ենք մասնակցել հնարավորին չափ մեծ կազմով, այլեւ պայքարել մեդալների համար: Առաջ Աստված»:

Արայիկ Բաղդադյան: Ազատ ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: «2011 թվականը մեզ համար ոչ լավ էր, ոչ՝ վատ: Կարելի է համարել՝ միջին: Այս տարի մեր պատանիները մեդալ չնվաճեցին, որի պատճառն այն էր, որ նրանք ցուրտ ու մութ տարիների սերունդն են: Երիտասարդները մեկ արծաթ եւ երկու բրոնզ ունեցան Եվրոպայում: Մեծահասակներից Միհրան Ջաբուրյանն օլիմպիական ուղեգիր նվաճեց, իսկ Մուսա Մուրթազալիեւը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Բայց նրա հետ աշխարհի առաջնությունում մրցավարները դաժան վարվեցին՝ ադրբեջանցու հետ գոտեմարտը նվիրելով մրցակցին: Ընդհանրապես, աշխարհի առաջնությունը մեր պլանավորածով չանցավ. տղաներին վնասվածքները շատ խանգարեցին, մրցավարության մասին արդեն ասացի: Ինչ վերաբերում է 2012 թվականին, խոստումներից եկեք ձեռնպահ մնանք: Բայց վստահ եղեք, որ արվելու է ամեն բան՝ այս տարվա պակաս մնացածը լրացնելու համար»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031