Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ֆեյսբուքից» չենք ազդվել

Դեկտեմբեր 24,2011 13:24

Հարցազրույց ԳԱՏԱՀ-ի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանի հետ

Օրերս տեղի ունեցավ Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամի (CRDF Global) հերթական համատեղ «Աջակցություն Հայաստանի երիտասարդ գիտաշխատողների հետազոտություններին ԱՄՆ-ում եւ դրանց շարունակությանը Հայաստանում -2011» մրցույթի առաջին փուլի շնորհառու յոթ երիտասարդ գիտաշխատողների դրամաշնորհների փաստաթղթերի հանձնումը։ Մրցույթի առաջին փուլի շրջանակներում 14 հայտերից ընտրված 7 շնորհառուների ընտրությունը, ըստ ԳԱՏԱՀ հիմնադիր նախագահ Հ. Կարապետյանի, պայմանավորված է բացառապես մրցույթին ներկայացված նախագծերի գիտական արժանիքներով եւ երիտասարդ գիտաշխատողների կողմից դրանց իրագործելիության գնահատականով, որոնք բացահայտվել են նախագծերի ինչպես ԳԱՏԱՀ-ի, այնպես էլ ԱՄՆ ՔՀՄՀ–ի կողմից կազմակերպված անկախ գիտական փորձաքննության արդյունքներով։ Մրցույթի առաջին փուլի շրջանակում մոտ 8000 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն կտրամադրվի մինչեւ երեք ամիս տեւողությամբ ԱՄՆ հետազոտական լաբորատորիաներ այցելության եւ այդ լաբորատորիաներում մեր երիտասարդ գիտաշխատողների մրցույթին ներկայացված հետազոտական մտահղացումների իրականացման նպատակով։ Ինչպես նշեց պրն Կարապետյանն իր խոսքում, ծրագրի իրականացումը վաղվա գիտական լիդերներին (որոնք այսօրվա խոստումնալից երիտասարդ գիտաշխատողներն ու ճարտարագետներն են) հնարավորություն կընձեռի իրականացնել իրենց իսկապես մրցունակ գիտական մտահղացումները՝ օգտագործելով ամերիկյան լաբորատորիաների հնարավորությունները, ստեղծել նոր գիտական կապեր, ինչը կխթանի հայ-ամերիկյան գիտական հետագա համագործակցության եւ միջազգային գիտական համայնքի հետ ինտեգրման գործընթացներին, ավելի մոտիկից ծանոթանալ աշխարհում ամենազարգացած գիտական համայնքի աշխատանքային հարաբերություններին ու արժեհամակարգին։

Մրցույթի երկրորդ փուլի շրջանակներում առաջին փուլի 7 շնորհառուներն արդեն Հայաստան վերադառնալուց հետո եւ կախված առաջին փուլի արդյունքներից կարող են հայցել եւս 5000-ական ԱՄՆ դոլարի չափով աջակցություն՝ ԱՄՆ լաբորատորիաներում սկսած հետազոտական աշխատանքները հետագա մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու կամ զարգացնելու նպատակով։

Միջոցառումից հետո մի քանի հարց՝ ԳԱՏԱՀ–ի հիմնադիր նախագահին:

– Կարծիքներ կան, որ ԳԱՏԱՀ-ի այս ծրագիրը իր վրա ունի երիտասարդ գիտաշխատողների ֆեյսբուքյան՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ազդեցությունը։ Այդպե՞ս է արդյոք։

– Չթերագնահատելով ֆեյսբուքյան նախաձեռնությունը, որտեղ գիտության ներկա վիճակով նախանձախնդիր երիտասարդներն են հանդիսանում նախաձեռնության հիմնական շարժիչ ուժը, ակնհայտ է, որ մեր այս ծրագիրը կապ չունի նախաձեռնության հետ։ Քանի որ, ինչպես այս (ի դեպ, երրորդն է ԳԱՏԱՀ-ի արդեն 15 տարվա գործունեության ընթացքում), այնպես էլ այս տարվա մյուս ծրագրերի ֆինանսական ապահովվածությունը, որն իրականացվել է ԱՄՆ ՔՀՄՀ-ին ԳԱՏԱՀ-ի կողմից ներկայացված հայտերի հիման վրա, հաստատվել է ավելի քան մեկ տարի առաջ։ Ծրագիրը պարզապես ԳԱՏԱՀ-ի ընդգծված, կարելի է ասել, երիտասարդամետ քաղաքականության (ի դեպ, ոչ երիտասարդների կողմից շատ հաճախ քննադատության առիթ հանդիսացող) քայլերից մեկն է, որը բացահայտորեն որդեգրվել է 2003թ.-ից սկսած, երբ ԳԱՏԱՀ-ի բանկային ավանդներից գոյացած միջոցներով (կարծում եմ՝ առայսօր նախադեպը չունեցող Հայաստանում) աջակցություն ցուցաբերեցինք 12 երիտասարդ գիտաշխատողների միջազգային գիտաժողովների մասնակցության գործուղումներին։

– Բացի այս ծրագրից, էլ ի՞նչ ծրագրեր են իրականացվել ԳԱՏԱՀ-ի կողմից այս տարի։

– Իրականացվել եւ դեռեւս իրականացվում են ԳԱՏԱՀ-ի ավանդական՝ արդեն 11, թե՞ 12 տարիների պատմություն ունեցող՝ «Աջակցություն միջազգային գիտաժողովներին հայ գիտաշխատողների մասնակցությանը» եւ «Աջակցություն Հայաստանում կազմակերպվող միջազգային գիտաժողովներին» ծրագրերը։ Իսկ «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը՝ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի կողմից, ինչպես գիտեք, տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին։ Այս ծրագրի թե նախաձեռնողը եւ թե մինչ շնորհանդեսը իրականացնողը Հայաստանում հանդիսացել է ԳԱՏԱՀ-ը։

– Իսկ ո՞րն էր պատճառը, որ ի տարբերություն «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսին նախորդած մամլո հաղորդագրության՝ Thomson Reuter-ի վարկանիշային շտեմարանների ժամանակավոր, բայց անվճար հասանելիության հնարավորությունը գիտակրթական համայնքի համար հետաձգվեց։

– Չեմ կարող Ձեր այդ հարցին ստույգ պատասխանել։ Բայց կարող եմ հայտնել, որ այն բաց է ԳԱՏԱՀ-ի համար եւ պարունակում է, իմ կարծիքով, շատ արժեքավոր տեղեկություններ, որոնց հետ անվերջ կարելի է խաղալ եւ եզրահանգումներ անել։

– Իսկ Դուք պաշտոնական իրավունք ունե՞ք հրապարակելու տվյալներ այդ շտեմարաններից։

– Իհարկե՝ ունեմ եւ հաճույքով կանեմ, եթե ձեր օրաթերթը հնարավորություն ընձեռի։ Մնացածը, ինչպես ընդունված է ասել ՀՀ քաղաքական շրջանակներում, հաջորդ դասին։

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031