Քանաքեռավանի միջնակարգ դպրոցը հին է, հիմնադրվել է գյուղի հետ միասին: Դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է 1979 թվականին, այստեղ սովորում է 440 երեխա: Ինչպես «Առավոտին» հայտնեց դպրոցի տնօրեն Գոհար Կարապետյանը, մինչ օրս հիմնանորոգում չի իրականացվել եւ կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ՝ ժամանակ առ ժամանակ: Տիկին Կարապետյանը հավելեց, որ դպրոցի աշակերտները հետաքրքրված են ուսումնական ծրագիր մտցված շախմատ առարկայով, որը պարապում է մարզպետարանից հրավիրված մասնագետը:
Երեկ Քանաքեռավանի դպրոցում բացվեց հանգուցյալ ճարտարապետ, գործարար Մուրադ Սարգսյանի անվան դասարան: Նրա մասին «Ընդհատված թռիչք» գիրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու եւ գրող Արմեն Կարապետյանը հայտնեց, որ ճարտարապետի որակավորում ունեցող Մուրադ Սարգսյանի անունով դասասենյակներ ու լսարաններ կան այլ կրթական հաստատություններում եւս, այդ թվում՝ Տնտեսագիտական եւ Ագրարային համալսարաններում: Ըստ քանաքեռավանցի մտավորականի, ճարտարապետի որակավորում ունեցող Մ. Սարգսյանի ջանքերով ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում վերականգնվել է մի քանի պատմամշակութային հուշարձան (սուրբ Աստվածածին եկեղեցին Աղավնաձորում, Մոմիկի միջնադարում կառուցած մատուռը նույն տարածքում եւ այլն): «Հենց Մուրադ Սարգսյանի շնորհիվ էր ու Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի օրոք, որ ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Արարատ» սրճարանը չքանդվեց, ու ռուսական մամուլը գրեց, որ Արարատը երբեք այսքան մոտ չի եղել Կրեմլին»,- փաստեց նա:
Քանաքեռավանի դպրոցի նոր դասասենյակի բացումը ոգեւորել էր գյուղի բնակչությանն ու դպրոցի անձնակազմին, վերջինս նաեւ հուշ-ցերեկույթ էր կազմակերպել:
Գ. Հ.
«Առավոտ» օրաթերթ