Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենի ՀՀԿ-ական թեկնածուն պատրաստվում է խոպան մեկնել

Դեկտեմբեր 24,2011 13:19

Ըստ նրա, դպրոցի տնօրեն ընտրվելու դեպքում էլ հնարավոր չէ 100-120 հազար դրամ աշխատավարձով ապրել:

Օրերս Շիրակի մարզի ամենամեծ ու ամենադաշնակցականցված գյուղում՝ Ախուրյանում, Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի տնօրենի ընտրություններ էին: Այս պաշտոնին հավակնում էին 2 թեկնածուներ՝ դպրոցի հիմնադիր, դաշնակցական Խանում Պապիկյանն ու հանրապետական Ալեքսան Քոչարյանը: Նա եւս ժամանակին դպրոցի տնօրեն է եղել, ղեկավարել է նույն համայնքի գյուղակադեմիայի հենակետային վարժարանը, որը այս տարվա սեպտեմբերից օպտիմալացրել են՝ միավորելով Խանում Պապիկյանի ղեկավարած կրթօջախի հետ: Սա, ի դեպ, անչափ զայրացրել էր հանրապետական Ալեքսան Քոչարյանին, որը որոշել էր իր հին պաշտոնը վերագտնել. մասնակցել Խանում Պապիկյանի աթոռի համար հայտարարված մրցույթին: Երկու օր առաջ մրցույթը տեղի ունեցավ, սակայն հանրապետական թեկնածուն այդպես էլ չեկավ ու չմասնակցեց: Թվում էր, թե մրցույթն առանց մրցակիցների տխուր պիտի անցներ՝ զուրկ կուսակցական ինտրիգներից ու հետաքրքիր դրվագներից, սակայն դաշնակցական տիկինը այնպիսի մի շոու ցուցադրեց, դպրոցի զարգացման ծրագրի փոխարեն իրեն գովերգող հեռուստատեսային ռեպորտաժներ ներկայացրեց ու այնպես արտասանեց, որ մասնակիցներին մի պահ թվաց, թե ներկայացման են եկել:

«Առավոտի» հետ զրույցում այս մասին իր տպավորությունները կիսեց նաեւ մարզպետարանի աշխատակից, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Ստամբոլցյանը: Նա ափսոսանք հայտնեց, որ հանրապետական թեկնածուն չի եկել, այլապես այն ավելի բովանդակալից կանցներ, տարբեր ծրագրեր կլսեինք: Մեր ակնարկին՝ մի՞թե դաշնակցական տիկնոջ հետ հետաքրքիր չէ, Արմեն Ստամբոլցյանը ստիպված եղավ անկեղծանալ, որ սա իր տեսած մրցույթներից ամենաարտառոցն էր: «Որպես խորհրդի անդամ, արդեն քանիերորդ մրցույթին եմ մասնակցում ու որեւէ տեղ նման բան չէի տեսել, ոչ ավանդական էր, շատ հետաքրքիր էր»,- ասաց նա: Նշենք, որ հեռուստառեպորտաժներում դաշնակցական տիկինը գովազդում էր նաեւ իր կուսակցությանը՝ ՀՕՄ-ի ներկայացուցիչներին, ովքեր անտրտունջ՝ տարիներ շարունակ օգնում են դպրոցին: Մի խոսքով, ակնհայտ դարձավ, որ դպրոցը դաշնակցականացված է ոչ միայն Խանում Պապիկյանի շնորհիվ, այլ բարերարների: Մի՞թե սա է պատճառը, որ հանրապետական թեկնածուն իրեն ավելորդ զգաց ու չմասնակցեց ընտրություններին, մենք այս հարցը ուղղեցինք Ալեքսան Քոչարյանին: Սակայն վերջինս շատ ավելի տխուր պատասխան տվեց. այս մտավորականը այլեւս չի կարողանում յոլա գնալ հայրենիքում ու պատրաստվում է մեկնել Ռուսաստան՝ խոպան. «Ուզում էի մասնակցել տնօրենի մրցույթին, սակայն Վլադիվոստոկից խաբար ստացա ու պլաններս փոխվեցին, մտածեցի, եթե անգամ տնօրեն դառնամ՝ 100-120 հազար դրամ աշխատավարձը չի բավարարի իմ ծախսերը հոգալու համար: Ես դպրոցի տնօրեն աշխատում էի այն ժամանակ, երբ տղաներս փոքր էին, ծախսերս մեծ չէին, ձեռքի հետ էլ գյուղատնտեսությամբ էին զբաղվում: Հիմա, եթե անգամ տնօրեն դառնամ, չեմ հասցնի, տղաներս Գյուղակադեմիայում ուսանող են, ես ինչքան փող պետք է աշխատեմ, որ նրանց վճարը տամ: Եթե անգամ ամբողջ տարին աշխատեմ, չեմ կարողանա ուսման վարձից գլուխ հանել: Եթե տնօրեն աշխատելուն զուգահեռ բիզնես ունենայի, միգուցե հնարավոր լիներ հայրենիքում ապրել»: Իսկ ի՞նչ է աշխատելու Ռուսաստանում Ալեքսան Քոչարյանը, որը իր երկրում մտավոր աշխատանքով էր զբաղվում, պաշտոն էր զբաղեցնում, հարգանք վայելում: Ըստ նրա, ՌԴ-ում ապրող իր բարեկամները պահեստապետի աշխատանք են ճարել, բայց եթե հարմար լինի՝ այնտեղ նաեւ գյուղատնտեսությունը կզարգացնի: «Ես ուզում էի Նիկոլ Աղբալյանի դպրոցի տնօրեն դառնալ, որովհետեւ ինձ այնտեղ հեշտ էր աշխատել, իմ դպրոցից 30 երեխաներ հիմա այնտեղ են սովորում, ծնողներին ճանաչում եմ, հեշտ է շփվել, այնպես չէ, որ ես վատ զորավարի նման թողնում եմ իմ բանակին, բայց ես ստիպված եմ հեռանալ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հասկացնելով, որ այսուհետեւ գործ ենք ունենալու միայն կին ուսուցիչների հետ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031