Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղերի եւ գյուղապետերի մասին

Դեկտեմբեր 24,2011 13:17

Ըստ ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի, ունենք իրենց դիրքորոշումը ունեցողներ, տեղական իշխանություն կրող զգացող գյուղապետեր, որոնց հաճախ պակասում է դոնորի հետ ուղղակի աշխատելու ունակությունը:

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվեց «Գյուղական համայնքների առաջին համաժողովը», իսկ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը արդեն 15 տարեկան է: Կան գյուղեր, ուր վերջին 20 տարում նույն ղեկավարն է. խորհրդային կոլտնտեսության նախագահը դարձել է գյուղապետ: Կան գյուղեր, ուր մինչեւ հիմա գյուղապետին խորհրդային տարիների տերմիններով դեռ նախագահ են ասում: Որոշ գյուղերում գյուղապետերը մատը մատին չեն խփում ոչ բյուջետային միջոցներ՝ դոնորներ գտնելու համար ու տեղական հարկերն էլ առանձնապես լավ չեն հավաքում: Գյուղեր էլ կան, որ հաջողությամբ կապեր են հաստատել ու դոնորների օգնությամբ գյուղի զարգացման ու գյուղացու օժանդակության ծրագրեր բերել գյուղ:

Բոլորն են ընդունում, որ Հայաստանում 866 գյուղը շատ է, համայնքների խորոշացումը քաղաքական անհրաժեշտություն է, փոքր բնակչությամբ գյուղերում ազգակցական-արյունակցական կապերի արդյունքում գյուղապետ, ավելի ճիշտ՝ «քյոխվա» է դառնում միշտ նույն մարդը՝ անկախ աշխատանքի որակից: Ու այս պարագայում գյուղական համայնքների առաջին համաժողովը անցկացվեց ՏԻՄ ձեւավորումից 15 տարի անց միայն: Կազմակերպիչները՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւ Հայաստանի համայնքների ասոցիացիան էին: Ինչո՞ւ 15 տարի անց: Մեր այս հարցին ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը ասաց. «հետաքրքիր հարց է ու պատմություն ունի: Մենք 4-5 տարի է՝ արդեն խոսում-քննարկում էինք Հայաստանի համայնքների ասոցիացիայի մեջ գյուղական համայնքների առանձին ֆորում կամ կառուցվածքային այլ թեւ ունենալու հարցը: Ինչքան էլ որ մեր քաղաքային համայնքները խոշոր չեն ու շատ քաղաքային համայնքներ բնակչությամբ մոտ են խոշոր գյուղական համայնքներին, այնուամենայնիվ, բնակչության կենցաղով, խնդիրներով, ավանդույթներով գյուղական համայնքները իսկապես տարբեր են ու գյուղական համայնքներին բնորոշ հիմնախնդիրների քննարկման հարթակ ունենալու մասին միշտ էլ մտածել ենք, բայց չենք ունեցել»:

Մեր զրուցակիցը ասաց, որ ՏԻՄ ձեւավորման 15-ամյակը ոգեւորեց եւ առիթ դարձավ, որ նման համաժողովը կազմակերպվի: «6-7 տարի առաջ գյուղական համայնքներում՝ հատկապես փոքր, մասնագետների ու աշխատակազմերի կորպորատիվ հետաքրքրություններ ու շահախնդրություններ այդքան էլ չկային, հիմա կային: Ֆորումը գերազանցեց մեր սպասումները: Մենք ունենք շատ ակտիվ գյուղապետեր: Բնականաբար, ես հեռու եմ այն մտքից, որ բոլոր 866 գյուղապետերը ունեն քաղաքացիական կամք, նույն որակի են, աշխատանքային աուրա ունեն, բայց որոշակի կրիտիկական մասսա կա: Համաժողովի բոլոր աշխատանքային սեղանները անցնում էին ակտիվ ու պատրաստված, շահագրգիռ ու շահախնդիր հարցադրումներ եղան ու դրանով հանդերձ՝ հանգիստ քննարկում եղավ: Իհարկե՝ մենք պարզաբանումներ տվեցինք, մեզ կոշտ հարցեր տրվեցին: Իհարկե եղան հարցեր, որոնց մեր տված պատասխանները միգուցե չհամոզեցին, բայց բաց խոսակցություն էր ու դա մեզ օգտակար էր, հասկացանք, թե որ մասով մեր գործընկերներին չենք կարող համոզել ու սա ազդանշան է, թե ինչ փոխենք: Համոզված եմ, որ գյուղական համայնքների ֆորումը կդառնա գործող հարթակ, մտադիր ենք ամեն տարի իրականացնել նման ֆորումներ»:

Ըստ Վաչե Տերտերյանի, մի քանի տարի ամենամյա ֆորումներ անկացնելուց հետո, կախված հավաքի ազդեցիկ ու գործնական դառնալու արագությունից եւ մակարդակից, կարելի կլինի գյուղական համայնքների հավաք կազմակերպել արդեն երկու տարին մեկ. «Այսօր համար մեկ խնդիրը՝ գյուղական համայնքները հայտնվեն մի տիրույթում, ուր կարող են խնդիրներ ներկայացնել, ինքնադրսեւորվել, շփվել թե ազգային մակարդակի գործիչների հետ, թե միջազգային կառույցների ու քաղաքացիական հասարակության:

Այստեղ է, որ կորպորատիվ գաղափարները օգտակար կլինեն: Համայնքների խնդիրները միշտ էլ քննարկվել են, բայց մեկը քաղաք է, մյուսը՝ գյուղ ու գյուղական համայնքի ղեկավարը կարող է իրեն առանձնացված զգալ, իսկ այս ֆորումը այն միջավայրն է, ուր բոլորը նույնն են՝ գյուղ»:

Վաչե Տերտերյանը չի բացառում մարզային մակարդակներով նման հավաքներ կազմակերպելու հավանականություն-հնարավորությունը: Եթե Հայաստանում 866 գյուղ կա, ապա մարզերում՝ շատ ավելի քիչ. Կոտայքում՝ 60, Վայոց ձորում՝ 41, Շիրակում՝ 116, Լոռիում՝ 105 եւ այլն: Մարզի մակարդակով գյուղական համայնքների համաժողով հրավիրելը ավելի հեշտ է, մեծ ծախսեր չեն ենթադրում: «Մարզի խորհրդի նիստերի մշակույթը արդեն ձեւավորվել է, կարող են այդտեղ բարձրաձայն, ազատ ռեժիմով խոսել, իրար լսել, քննարկել»,- ասաց Վաչե Տերտերյանը:

Գյուղական համայնքների առաջին համաժողովին նախարարությունը հրավեր է ուղարկել 10 մարզից 10-ական գյուղապետի, եւս մի 15-20 գյուղապետ սեփական նախաձեռնությամբ է եկել ու համաժողովին ներկայացված է եղել մոտ 120 գյուղ. «120 գյուղապետի երկու օր միասին պահելը, ՀՀ նախագահի ու վարչապետի, Հայաստանում աշխատող միջազգային կառույցների մասնակցությամբ հանրային գնահատված քննարկում-հավաք կազմակերպելը գյուղապետերի մոտ ինտրիգ առաջացրեց: Միջազգայինները ասելիք ունեն, իսկ գյուղապետերը հասկացան, որ այնպես չի, որ ոչինչ չկա: Կա, ուղղակի պետք է ճիգեր անել: Մի դեպքում ունակություն չունեն, օտար լեզու չգիտեն, այլ դեպքում՝ իրենց ուզածը հեռու է: Օգնել է պետք»:

Ինչպես ասվեց, Հայաստանում կան ներդրողների հետ աշխատելու հաջող փորձ ունեցող գյուղեր: Վաչե Տերտերյանից հետաքրքրվեցինք՝ համաժողովի մասնակից գյուղական համայնքները փորձեցի՞ն ուղղակի կապեր հաստատել, գիտակցո՞ւմ են փորձի փոխանակման եւ համագործակցած աշխատելու առավելությունները: «Հետաքրքիր հարց է: Միջազգային կազմակերպությունները գալիս են ու մեր գյուղապետերին սովորեցնում, թե ինչպես պետք է իրենց հետ աշխատել, փորձում են ձեւավորել դոնորի հետ աշխատելու ունակություն: Աշխատելը սկսվում է ինչպես զանգելուց: Մեր հասարակության մեջ տարածված է մտայնությունը, թե փող չկա: Աշխարհում ամենից շատը փողն է: Մեզ պակասում են այն գաղափարները, նախագծերը, որոնց տակ այդ փողը կդրվի: Իհարկե, եթե ես գամ եւ ուղղակի ասեմ փող տուր, դոնորը չի տա, որովհետեւ չգիտի, թե ինչի համար է, բայց եթե ես վստահելի ու արժեցող բան եմ ասում՝ դոնորը փող տալիս է: Միջազգային կառույցին, դոնորին ծրագիր գրելը ունակություն է: Ունակությունների զարգացման ծրագրեր արել ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ: Բացատրում են՝ ինչ է նշանակում ավելի շատ շահառուներ, շարունակականություն, թիրախայնություն: Այս համաժողովը հարթակ էր նաեւ այս ունակությունները զարգացնելու համար: Եթե կարողանայինք մեկ օր էլ պահել, որ իրար հետ զրուցեն, ավելի լավ կլիներ: Պատկերացրեք՝ ասենք սյունեցի մի գյուղապետ հանդիպում է իր տավուշցի համակուրսեցու, որը էլի գյուղապետ է: Զրուցում են, թե այս ծրագրերն եմ անում այս կամ այն դոնորի հետ, ահա այդ կազմակերպության տվյալները, այն մարդու հեռախոսահամարը, ում պետք է զանգել, կարող եմ ծանոթացնել… Գյուղապետը ոգեւորվում է, սկսում է մտածել՝ ոնց անեմ, որ մեր գյուղում էլ այդ ծրագիրը լինի, ոնց ծրագիր գրեմ, ոնց համաֆինանսավորեմ, գյուղի ակտիվ մարդկանց հետ է համագործակցում: Ու կարեւորը՝ չկա միջնորդ, որի վստահության-անվստահության հարց կարող է լինել, գյուղը անմիջապես դոնորի հետ կշփվի: Գյուղական համայնքների առաջին համաժողովի ամենամեծ արդյունքը այն էր, որ փորձի փոխանակման ու համագործակցության քայլեր արվեցին: Գյուղապետերը, այսպես թե այնպես, շփվում են, երբեմն միասին հաց են ուտում, բայց համաժողովում ուրիշ էր: Միասին քայլում էին, ճաշի էին գնում, նստում էին իրար կողքի, անկաշկանդ զրուցում: Մեր գյուղապետերը առաջվա անդեմ, խեղճ, պասիվ տեսակը չի: Իրենք իրենց տեսնում են եւ պետության, եւ դոնորների, եւ հասարակության արժանի գործընկեր: Հիմա կան իրենց դիրքորոշումը ունեցողներ, տեղական իշխանություն կրող զգացողներ»:

Համաժողովի կազմակերպիչները հայտարարել են, որ հավաքից ակնկալում են գործնական արդյունքներ, նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ: Մոտ երկու ամիս է անցել. նման արդյունքներ կա՞ն, եթե ոչ, ե՞րբ կլինեն: Մեր այս հարցին էլ ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Ակնկալել, որ գյուղական համայնքների ֆորումում կասվեր մի բան, որ ես, կամ մեր նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Աշոտ Գալոյանը, կամ նախարար Արմեն Գեւորգյանը չգիտեինք՝ քիչ հավանական է: Ֆորումը ակցիա է, բայց մեր աշխատանքը գյուղապետերի հետ ամենօրյա է: Մենք ունենք գյուղապետերից եկած բոլոր գաղափարները: Բայց ֆորումը այն հարթակն է, որ թույլ է տալիս հասկանալ՝ բարձրացված խնդիրը միայն մեկ մարզին է հուզում, թե բոլորին»: Նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները արդեն նախանշվել են, մշակվել է առաջարկների հինգ խումբ. գյուղական համայնքներում փոքր ու միջին ձեռներեցության զարգացում, բնապահպանություն եւ հանքարդյունաբերություն, գյուղերում զբոսաշրջության զարգացման հնարավորություններ, գյուղերում նոր տեխնոլոգիաների կիրառում, բանկային համակարգի հետ համագործակցություն:

Վաչե Տերտերյանը վստահ է, որ նման երկրորդ ֆորումը որակապես այլ կստացվի:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031