ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմը օրեր առաջ հանգուցյալ Ռիմա Վարդումյանին էր ուղարկել նոյեմբերի 17-ի դատական նիստերից մեկի որոշումը: Իսկ դեկտեմբերի 19-ին այդ որոշումը տրամադրել էր իրական հասցեատերերից մեկին՝ Ջեմմա Բառնասյանին:
Այս գործով ծանուցագրեր էին ստացել միաժամանակ մի քանի հանգուցյալներ՝ Պետրոս Ուզունյանը, Աղավնի Սահակյանը, Արթուր Ավետիսյանը, Հեղուշ Կարաքեշիշյանը, Ռիմա Վարդումյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Թամարա Բակմանովան: Գործն առնչվում էր Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի 33 շենքի նկուղաշարքի տիրապետման հետ:
Շենքի նախկին բնակչուհին՝ Ժաննա Խաչատրյանը, սեփականության վկայականով փորձել է տիրանալ 29.6 քմ մակերեսով տարածքին: Նա դատարան էր դիմել եւ պահանջում էր պատասխանողներ Անահիտ Գիրգորյանին, Սուրեն Խազարչյանին եւ Ջեմմա Բառնասյանին վտարել նշված տարածքից եւ նրանցից բռնագանձել իրեն պատճառված վնաս 454 000 ՀՀ դրամը:
Պատասխանողները՝ նկուղատերերն իրենց հերթին ներկայացրել էին հակընդդեմ հայց, պահանջել էին անվավեր ճանաչել անշարժ գույքի կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանման եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նշյալ բազմաբնակարան շենքի, շինությունների սեփականատերերի ընդհանուր ժողովի («Արեւիկ» համատիրության սեփականատերեր), ինչպես նաեւ Ժ. Խաչատրյանի անվամբ նկուղի սեփականության իրավունքի գրանցումը եւ հօգուտ իրենց բռնագանձել 200 000 ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով բավարարվել է հակընդդեմ հայցը, իսկ Ժաննա Խաչատրյանի հայցապահանջը մերժվել է: Նա դիմել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Ժ. Խաչատրյանը վերաքննիչ բողոքում նշել էր, թե ընդհանուր իրավասության դատարանը «ծաղկաքաղ» է արել եւ «երրորդ անձ» ներգրավվել են «հայցվորների համար ցանկալի որոշ անձինք»: Չենք կարծում, թե «ծաղկաքաղը» վերաբերում էր նշյալ հանգուցյալներին: Հանգուցյալներից ի՞նչ «ծաղկաքաղ»: Նա նաեւ պնդել էր, թե համատիրության ժողովը եղել է օրինական, եւ այն հայտարարությունն էլ, թե բնակիչներից շատերը չեն մասնակցել նշյալ ժողովին եւ համաձայնություն չեն տվել Ժ. Խաչատրյանին նկուղային տարածքն իրենով անելու՝ ճիշտ չէ:
Դատարանն արձանագրել էր. «Ինչ վերաբերում է շենքի սեփականատերերին, նրանց իրավունքները եւս ոտնահարվել էին խնդրո առարկա որոշման կայացմամբ, ապա բոլոր սեփականատերերը ներգրավվել են որպես երրորդ անձ եւ պատշաճորեն ծանուցվել դատական նիստի վերաբերյալ, սակայն դատարան է ներկայացել եւ մասնակցել գործի քննությանը միայն Նինա Հովհաննիսյանը»: Ես քաղաքացիական դատավարության որեւէ նորմի ծանոթ չեմ, թե ինչպես է հանգուցյալը պատշաճ ծանուցվում. ծանուցագիրը ուղարկվո՞ւմ է գերեզման, գերեզմանի ադմինիստրացիան կնի՞ք է դնում ծանուցագրի վրա, թե՞ մի այլ բան: Չկա նման նորմ:
Սեփականատերերից Արմեն Զուրաբյանի ստորագրությունը կեղծված է, քանի որ այս անձի ազգանվան դիմաց գրվել է Զոհրաբյան, Գեորգի Փիրումովը ընդհանուր իրավասության դատարանում հայտնել էր, որ իր ստորագրությունը դրվել է ամերիկաբնակ Ռաֆայել Տեր-Մկրտչյանի անվան դիմաց, Նինա Հովհաննիսյանը ասել էր, թե տեղյակ չէ իր ստորագրության մասին, իր եւ աղջկա ստորագրությունները կեղծ են: Բնակիչներից Արեւիկ Ուզունյանը հայտնել էր, որ արդեն մահացած ամուսնու անվան դիմաց դրված ստորագրությունը կեղծ է, Անահիտ Գիրգորյանն էլ ասել էր, թե համատիրության ժողովի չի մասնակցել, քանի որ նման ժողով իրականում չի եղել:
Այս պատմությունն ավարտվել է նրանով, որ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը վերաքննիչ դատարանը բեկանել է եւ գործն ուղարկել է Արաբկիր վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ի դեպ, նախագահող Դանիել Խաչատրյանի փոխարեն նիստն էլ նախագահել է Ս. Միքայելյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. ՀՀ դատական դեպարտամենտին ահազանգելուց հետո միայն պատասխանող Ջեմմա Բառնասյանը ստացավ վերաքննիչ դատարանի որոշումը:
«Առավոտ» օրաթերթ