Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դալմայի հողօգտագործողին անտեսել են

Դեկտեմբեր 24,2011 13:09

Չնայած՝ տարիներով դիմել է, որ իր հողամասն իրեն վաճառեն

Դալմայի այգիների հողօգտագործողները դեռեւս իրենց հույսը չեն կորցրել եւ պայքարում են տասնյակ տարիներով մշակած հողերը սեփականացնելու համար: Եթե կառավարությունը որոշ հողօգտագործողների զրկեց այդ իրավունքից՝ տարածքը ճանաչելով հանրային գերակա շահ, ապա Տիգրան Սանասարյանի շուրջ 20 տարի տիրապետած ու պտղատու այգիներ ստեղծած հողատարածքը քաղաքապետարանն այս տարվա մարտին ուղղակի վաճառքով տրամադրել է «Ագրոսպասարկում» ընկերությանը:

«Մենք դեռեւս 1991 թվականից, երբ դեռ ոչ մի ծառ ու թուփ չկար, նախարարների որոշումով վարձակալական հիմունքներով օգտագործել ենք այդ հողատարածքը: Խաղողի վազեր ու 500-ից ավելի պտղատու ու դեկորատիվ ծառեր տնկել: Հողատարածքի մի մասը սեփականաշնորհեցի, իսկ մյուս մասի համար որքան էլ պայքարեցի՝ արդյունքի չհասա»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Տիգրան Սանասարյանը: Նրա ներկայացմամբ, Դալմայի այգիների «Նոյ» թաղամաս 10/5 հասցեի հողամասը սեփականաշնորհելու նպատակով պարբերաբար դիմել է քաղաքապետարան, սակայն նրան նախ՝ վստահեցրել են, որ «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը գտել է, որ նշված հասցեի տանը կից հողամասն ընդլայնման նպատակով ձեզ տրամադրելը հնարավոր չէ: Այն կարող է դառնալ քաղաքաշինական գործունեություն ծավալելու տարածք եւ օրենքով սահմանված կարգով տրամադրվել հրապարակային սակարկությունների միջոցով»:

Այս պատասխանից հետո էլ, երբ Տ. Սանասարյանը փորձել է գոնե վարձակալության պայմանագիրը երկարացնել, նրան մերժել են: Որոշ ժամանակ հետո Տ. Սանասարյանը պարզել է, որ իր հողատարածքը վաճառել են ինչ-որ ընկերության, այն էլ՝ առանց աճուրդի: Դա է վկայում Տ. Սանասարյանի հարցմանն ի պատասխան՝ կադաստրի պետական կոմիտեից ուղարկված նամակը, որում նշված է՝ «Նոյ» թաղամասի թիվ 10/5 հասցեի սեփականատերերի եւ գույքի չափերի վերաբերյալ հայտնվում է, որ Երեւանի քաղաքապետի թիվ 989-Ա որոշման եւ նոտարի 12.05.2011թ. թիվ 2273 ուղղակի վաճառքի պայմանագրի հիման վրա հողամասն ու որոշ շինություններ սեփականության իրավունքով պետական գրանցում են ստացել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի անվամբ»:

Տիգրան Սանասարյանի խոսքերով՝ «բազմաթիվ անգամ դիմել եմ քաղաքապետարան եւ փորձել պարզել, թե ինչու են ինձ մերժել եւ վստահեցրել, որ աճուրդով պետք է գնեմ, բայց, փաստորեն, այդ հողը մեկ ուրիշին տվել են ուղղակի վաճառքով: Քաղաքապետարանի աշխատակիցները նույնիսկ չեկան՝ տեղում ծանոթանալու, թե դա ինչ հող է եւ ում որ վաճառել են, իրականում ինչ նպատակով է տնօրինում: Ես վստահ եմ՝ այստեղ անօրինականություն է տեղի ունեցել, եւ պնդում եմ, որ իմ նամակները՝ ուղղված քաղաքապետարանին, ուսումնասիրվեն եւ ինձ հստակ պատասխան տան, թե ինչու ինձ վստահեցնում էին, որ աճուրդ պետք է լինի, բայց վերցնում ու վաճառում են մեկին, որը մի կաթիլ քրտինք չի թափել այդ հողի վրա»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031