Խաբված բնակիչները հիասթափված են իրավապահների կայացրած որոշումներից
Նախօրեին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրներին վերաբերող խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուներին հորդորեց բարելավել ղեկավարած կառույցների գործունեությունը, քանի որ ըստ նախագահի՝ «արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների»: Նախագահի կարծիքով՝ նման որոշումների հետեւանքով հանրությունը կորցնում է վստահությունը իրավական համակարգի նկատմամբ: Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները, որոնց բնակարանները գտնվում են պատգամավորների եւ այլ անձանց ձեռքում, գտնում են, որ իրենք այսօր իրավական որոշ կառույցների կայացրած անօրինական որոշումների զոհ են: Նրանց ներկայացմամբ՝ այս գործով ՀՔԾ նախաքննությունն ավարտվել է, եւ մնացած բնակիչներն էլ նախաքննության ընթացքում հիմնավորված փաստերով կարող էին դատարանի վճռով հետ ստանալ իրենց բնակարանները: Սակայն տուժած բնակիչներից ոմանց համար քննիչի մի որոշում է փոխվել, ինչը իսպառ վերացրել է բնակարանները հետ ստանալու հավանականությունը: Ի դեպ, գործի էությունը փոխվել է դատախազությունում: Սույն որոշմամբ ոչ մի ցուցմունք չի հաստատվել, որն առկա է եղել ՀՔԾ քննիչի առաջին որոշման մեջ: Առաջին որոշման մեջ կոոպերատիվի տերերը՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լյովա Սամվելյանը, որոնք բնակարան հատկացնելու համար հարյուրավոր քաղաքացիներից հավաքելով հազարավոր դոլարներ՝ անհետացել էին, պարզ նշել էին, որ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանն իրենց տոկոսով փող է տվել, ինչի դիմաց որպես գրավ բնակարաններ է վերցրել, մինչդեռ հաջորդ որոշումը, չգիտես ինչու, հերքել է այս փաստերը:
Իրավական որոշ ատյաններից հիասթափված բնակիչները նամակով դիմում են ՀՀ նախագահին. «Հարց է առաջանում՝ որտե՞ղ է օրինականությունը, կամ մի՞թե օրենքը մեկնաբանելիս պարտադիր է սորտավորված մոտեցումը: Մեծարգո պարոն նախագահ, մեր համոզմամբ՝ որոշումը փոփոխվել է ոչ թե օրենքի պահանջներից ելնելով, այլ գործել են Հերմինե Նաղդալյանի թելադրանքով: Մի՞թե ԱԺ աղմկահարույց մեկ պատգամավորի համար արժեր ոտնահարել մոտ 20 ՀՀ քաղաքացու իրավունքը եւ սպանել բնակարան ստանալու՝ երկար տարիների նրանց հույսը: Մենք եկել ենք այն եզրակացության, որ ՀՀ-ն ի զորու չեղավ պաշտպանել իր քաղաքացիների օրինական շահերն ու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը, եւ այն զոհաբերվեց երկրի օրենքները ոտնահարող պատգամավորի պաշտոնին: Մտավախություն ունենք, որ նույն գործելակերպը շարունակվելու է ապագա ընտրություններից հետո, ուստի, մեզ զգալով լրիվ անպաշտպան, ավելորդ ենք համարում օգտվել ընտրություններին մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից եւ ցանկանում ենք օր առաջ լքել ՀՀ-ն՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից: Հարգելի նախագահ, հայտնում ենք ձեզ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մեր որոշման մասին եւ առաջիկայում դիմելու ենք օտարերկրյա դեսպանատներին՝ իրենց պետություններում մեզ համապատասխան կարգավիճակով ապաստան տալու խնդրանքով»:
Լ. Բ.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ