Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաթեւի ճոպանուղով փորձել են ոչխարնե՞ր տեղափոխել

Դեկտեմբեր 24,2011 13:04

Թե Տաթեւի գյուղապետը եւ թե ճոպանուղու տնօրենը հերքում են

«Տաթեւեր» ճոպանուղուց Տաթեւ գյուղի եւ Գորիս քաղաքի բնակիչները կարող են օրական 1 անգամ անվճար օգտվել: Այս արտոնությունը նրանց առիթ է տվել, որպեսզի ճոպանուղով տեղափոխեն նաեւ իրենց ընտանի կենդանիներին:

Օրերս Տաթեւ այցելության ժամանակ տեղեկացանք, որ որոշ գյուղացիներ դժգոհ են ճոպանուղու տնօրինությունից: Երբ փորձեցինք պարզել պատճառը՝ մեզ հետ զրույցում գյուղացիները հայտնեցին, որ իրենց որոշ հարեւաններ փորձել են անասուններին էլ օդային ճանապարհով տեղափոխել, ինչը, բնականաբար, արգելվել է: Չնայած սրան, «Առավոտի» հետ զրույցում Տաթեւի գյուղապետն ու ճոպանուղու տնօրենը հերքեցին՝ հավանաբար ամաչելով կամ մտավախություն ունենալով, որ անվճար երթեւեկելու իրավունքից կզրկվեն: «Տաթեւեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանի խոսքերով՝ ճոպանուղու շահագործման առաջին օրերին ընդհանուր առմամբ շատ դժվար է եղել մարդկանց կանոններին հարմարեցնելը. «Առաջին 1-2 ամսվա ընթացքում՝ ելնելով կառույցի առանձնահատկությունից եւ հաշվի առնելով այն, որ մարդիկ առաջին անգամ էին օգտվում կառույցից, խնդիրներ ենք ունեցել բոլորի հետ: Չեմ ուզում առանձնացնել համայնքի բնակիչներին, քանի որ այդ ամենը բոլոր քաղաքացիներին է վերաբերում: Խնդիրները կապված են եղել նրա հետ, որ մարդիկ ճոպանուղու տարածքում աղբ չթափեն ու չծխեն: Հիմա այդ խնդիրները լուծված են: Նրանք բարեխիղճ են եւ հետեւում են բոլոր կանոններին: Մինչեւ այսօր որեւէ բանավոր եւ գրավոր դժգոհություններ չեն եղել»: Իսկապես, մեր այցելության պահին ճոպանուղին եւ դրա ամբողջ տարածքը, կարելի է ասել, մաքրությունից փայլում էին: Ինչ վերաբերում է ոչխարների տեղափոխման հարցին, ապա Տ. Ղազարյանի կարծիքով՝ Գորիս եւ Տաթեւ համայնքների բնակիչները տեղեկացված են եւ նմանատիպ բան չէին փորձի անել: Տաթեւ գյուղի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն էլ ասաց, որ նման բան չի լսել. «Օրական մեկ անգամ անվճար գնում են ու գալիս: Ճոպանուղին տրանսպորտի միջոց չէ: Գնալ-գալու համար ճանապարհ էլ կա, որ ապրանք տեղափոխեն»:

Նշենք, որ ճոպանուղին ընդամենը երեկ է կրկին սկսել իր բնականոն աշխատանքը, մինչ այդ այն կանգնեցվել էր ձմեռային ռեժիմին անցնելու համար: Ըստ Տիգրան Ղազարյանի՝ ճոպանուղու մեխանիկական եւ էլեկտրոնային համակարգերը հարմարեցվել են Սյունիքի մարզի ձմեռային եղանակային պայմաններին՝ օդի ջերմաստիճանի փոփոխությանը, խոնավությանը եւ քամիների ուղղություններին. «Շվեյցարական ընկերության կողմից անցել է տեխզննում, եւ նրանց եզրակացությունն այն է, որ ճոպանուղին գերազանց տեխնիկական վիճակում է, ուստի արդեն սկսել ենք բնականոն աշխատել»:

Օգտվելով նրանից, որ ճոպանուղին արտասահմանցի զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, եւ նրանք հաճախ են այցելում այստեղ՝ Տաթեւի բնակիչները նոր բիզնես են զարգացրել իրենց մոտ. ովքեր տանը նորմալ պայմաններ ունեն, զբոսաշրջիկներին գիշերակացի տեղ են առաջարկում՝ օրը 3000 դրամով: Սա հաստատեց նաեւ գյուղապետ Մուրադ Սիմոնյանը. «Հա, կան մի քանիսը, որ նման բան են անում»: Նկատենք, սակայն, որ շուտով ճոպանուղու հարեւանությամբ ժամանակակից հյուրանոց է կառուցվելու, եւ այն հարվածելու է տաթեւցիների բիզնեսին:

Չնայած Տաթեւը եւ նրա հարակից բնակավայրերը տուրիզմի գոտի են հռչակել, սակայն գյուղում կան սոցիալական բավականին շատ խնդիրներ: Տաթեւի գյուղապետի ներկայացմամբ՝ իրենց մոտ մարդիկ աշխատանք չունեն, արտագնա աշխատանքի էլ այլեւս քիչ են մեկնողները. «Զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, բայց այս տարի եղանակային պայմանների պատճառով բերքը փչացավ, մանավանդ՝ ցորենը: Առաջ մարդիկ գնում էին Կապանի կոմբինատում աշխատելու, սակայն 3-4 տարի է՝ չեն գնում, շատ քչերն են մնացել իրենց աշխատանքում»: Գյուղում կա առողջության կենտրոն, սակայն այնտեղ չկա դիահերձարան: Պարոն Սիմոնյանի ներկայացմամբ՝ տաթեւցիները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերջին այցելության ժամանակ այս հարցը բարձրացրել են. «Նա էլ ասաց, որ ինչքան հնարավորություն կա՝ կօգտագործի»: Մեր այն հարցին՝ իսկ մինչ այդ ի՞նչ էին անում տաթեւցիները, երբ ինչ-որ մեկը մահանում էր՝ դին առանց հերձելո՞ւ էին թաղում, մանավանդ՝ ձմռան ամիսներին, երբ ճանապարհներն անանցանելի են դառնում, գյուղապետը պատասխանեց. «Ձմեռը ճանապարհը չի փակվում: Մեխանիզմ ունենք, տրակտոր ունենք, ձյունը մաքրում ենք, ճանապարհը՝ բացում: Հետո էլ չի կարելի առանց դիահերձման թաղել: 4-5 ամիս է տեւում այդ խիստ ձմեռը, մինչեւ հիմա շատ մեծ դժվարություններ չենք ունեցել: Բացի այդ, մարդ կա՝ դիահերձող, գալիս էր՝ դնում մեքենան, տանում, հերձումն անում, բերում»:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031