Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ համակարգողը ուղղակի ստում է

Դեկտեմբեր 24,2011 12:48

Այսպիսի պատասխանատու հայտարարություն արեց Արարատ Զուրաբյանը

Երեկ ՀՀՇ վարչության նախկին նախագահ, իսկ այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր անդամ Արարատ Զուրաբյանը aravot.am-ում անդրադարձավ դեռ չորեքշաբթի օրը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կողմից իրեն ուղղված հարցադրումներին՝ ինչո՞ւ է Արարատ Զուրաբյանն այն միակ քաղբանտարկյալը, որն ազատ է արձակվել Սամվել Նիկոյանի հանձնաժողովի միջնորդությամբ, եթե այդպես է, ինչո՞ւ է դա գաղտնի պահվել, եւ ՀԱԿ-ում այդ մասին իմացել են WikiLeaks-ի շնորհիվ, եւ երրորդ՝ ինչո՞ւ է Արարատ Զուրաբյանը միակ քաղբանտարկյալը, որը չի դիմել Եվրոպական դատարան:

Բայց նա նաեւ անդրադարձավ Կոնգրեսի կողմից իր եւ ընդհանրապես ՀՀՇ-ից ավելի քան մեկուկես տարի առաջ հեռացածների դեմ Կոնգրեսի սկսած արշավի շարժառիթներին:

– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է Կոնգրեսը սկսել արդեն երկրորդ շրջափուլն անցնել ու էլի մի անգամ ձեզ ու ՀՀՇ-ից հեռացածներին դարձրել իր հիմնական քննադատության թիրախներից մեկը:

– Այն, որ ՀԱԿ-ում փորձում են սեւացնել, վարկաբեկել իրենց հետ երկար ու դժվարին ճանապարհ անցած մարդկանց՝ թողնում եմ իրենց խղճին: Դա միշտ էլ հատուկ է եղել միայն առանձին մարդկանց: Տվյալ պարագայում նույն Լեւոն Զուրաբյանի մասին իմ լավ բարեկամ եւ ընկեր Վանո Սիրադեղյանն է իր «Գյադաների ժամանակը» գրքում շատ դիպուկ անդրադարձել՝ «…այդ մանկական, վերկուսակցական խանդավառությամբ Լյովիկ Զուրաբյանը, որով նա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր սոցիոլոգ կարգեց կենսագրությամբ, խասյաթով, անատոմիայով, ուղնուծուծով սկաուտ եւ դաշնակցական Նաիրի Բադալյանին 96-ի ընտրական տարում…» ձեւակերպմամբ: Կարծում եմ՝ սրան այլեւս ոչինչ ավելացնել պետք չէ: Եվ նմանատիպ մարդկանցով շրջապատված Լեւոն Զուրաբյանը նույն տիպի մարդկանցով այսօր շրջապատել է նաեւ Տեր-Պետրոսյանին:

Նայե՛ք, թե ովքեր են խոսում իմ եւ ընկերներիս դեմ. մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի սպասարկուները: Կոնկրետ օրինակներ բերեմ՝ Վլադիմիր Կարապետյան: Ի՞նչ է ասում Վովան՝ մարդ, որը եղել է ԱԳՆ մամուլի խոսնակը եւ սպասարկել է Վարդան Օսկանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունն ու այդ ոլորտում նրանց «քաջագործությունները»: Կամ՝ Տեր-Պետրոսյանի բարեկամ Առաքել Սեմիրջյանը, որը ֆեյսբուքյան իր պատերին ինչ-որ հայհոյանքներ է հրապարակում: Բայց որեւէ մեկը հարցնո՞ւմ է՝ ո՞վ է Առաքել Սեմիրջյանը. մարդ, որն ԱԳՆ-ում աշխատել է որպես ԱԱԾ ներկայացուցիչ: Մարդ, որն ԱԱԾ ավագ սպա է, եւ եթե մենք տեղյակ ենք, որ նրան ԱԳՆ-ից մի շարք դիվանագետների թվում հեռացրել են, ապա որեւէ տեղ չենք ընթերցել, որ նրան հեռացրել են նաեւ ԱԱԾ-ից:

Ինչ վերաբերում է ինձ ուղղված մեղադրանքին: Նույն ժամանակահատվածում, եթե հիշում եք՝ նույն վիքիլիքսյան նյութերից, Դավիթ Շահնազարյանն ինչ-որ մի տեղ միջնորդավորված դիմել էր իշխանություններին՝ մնացած 75 քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Իմ նկատմամբ խափանման միջոցը փոխելու պահին 150 քաղբանտարկյալների կեսն արդեն այս կամ այն պատճառաբանությամբ կամ ձեւակերպմամբ ազատ էր արձակված, օրինակ՝ Գլխավոր դատախազի ցուցումով, ու այս պարագայում հիմա խոսել իմ ազատ արձակման պատճառների մասին՝ ուղղակի անհեթեթություն է: Այդ նույն տրամաբանությամբ ես էլ կարող եմ հարցնել՝ այդ ինչո՞ւ են Լեւոն Զուրաբյանն ու իր մերձավորագույն որոշ ընկերներ, որոնք այսօր էլ ՀԱԿ կենտրոնական գրասենյակում գործում են, որեւէ հարցով նույնիսկ հարցաքննության չեն կանչվել, էլ չեմ ասում՝ չեն հետապնդվել, նրանց տանը խուզարկություններ չեն անցկացվել, երեխաների ներկայությամբ ավտոմատներով սպեցնազն իրենց տուն չի մտել, կամ չեն կալանավորվել ու նստած չեն եղել ԱԱԾ մեկուսարանում: Գոնե ինձ համար ամեն ինչ պարզ է, եւ դրա համար ես այդ մարդկանց հետ ճանապարհ չունեմ անցնելու:

Բայց մյուս կողմից՝ ուզում եմ հիշեցնել իմ նախկին գործընկերներին. չգիտես ինչու, հենց այսօր բարձրացվեց այս հարցը, եւ բոլորը մոռացան, թե ինչ ցնծություն էին իրենք ապրում, երբ ես ազատ էի արձակվել, ինչքան էին ուրախ, եւ հետագայում միասին ինչքան ճանապարհ ենք անցել: Փորձեցին ներկայացնել, թե մենք Կոնգրեսի դեմ ենք աշխատել կամ դրա համար ենք ազատ արձակվել: Ուզում եմ հիշեցնել, որ իմ նկատմամբ խափանման միջոցը փոխելու օրը Կոնգրես դեռ գոյություն չուներ, ու դրա դեմ աշխատելու կամ չաշխատելու հարց չէր էլ կարող առաջանալ: Այն ժամանակ կար Համաժողովրդական շարժում, որի ակտիվ մասնակիցներից մեկն էլ ես էի:

Վատ չէր լինի նաեւ, որ նույն խանդավառությամբ իմ նախկին գործընկերներն անդրադառնային վիքիլիքսյան մյուս հրապարակումներին, որոնցում անդրադարձ կա հենց իրենց այսօրվա ղեկավար կազմին, եւ փորձեն պարզաբանումներ ստանալ դրա վերաբերյալ, որովհետեւ այնտեղ շատ ու շատ լուրջ տվյալներ կան, որոնք, եթե դատենք մի երկուսի տրամաբանությամբ, պետք է որ շատ լուրջ մտածելու տեղիք տան ՀԱԿ-ին: Բայց քանի որ նրանց մոտ արդար դատելու ազնվությունը կարեւորագույն մարդկային գիծ համարելը երկրորդական է, եւ ցանկացած եղանակով քաղաքական նպատակին հասնելը՝ առաջնային, նրանք դա լռության կմատնեն: Բայց միեւնույն է՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, դեռ շատ բաներ բացվելու են, նաեւ՝ ԱԱԾ արխիվները, որտեղ շատ բան է գրված լինելու այս ամենի մասին: Լավ կլինի, որ իմ նախկին գործընկերներն աջակցեն «Ժառանգություն» կուսակցության «Լյուստրացիայի մասին» նախաձեռնությանը: Հակառակ պարագայում նրանց վերաբերյալ մտորելու լուրջ հարցեր են առաջանում: Նա, ով կողմ չէ լյուստրացիային ու Շարժման ներկայացուցիչ է… ուզում եմ բազմակետեր դնել:

– Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ սուտն ասվեց:

– Ամեն ինչ շատ ակնհայտ է: Նախեւառաջ՝ երբ որեւէ մեկը հարվածում եւ սկսում է շանտաժի ենթարկել դիմացինին կամ ընդդիմախոսին, կամ փորձում է մրոտել նրան, մի անգամ գոնե պիտի մտածի՝ արդյոք կարո՞ղ է այս ճանապարհն անցնել, եւ դա հե՞շտ կլինի իր համար: Ես հակված եմ մտածելու, որ մեզ ուղղված հարվածների իրական նշանակետը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է: Առաջիկայում գումարվելիք կուսակցության համագումարում ես հատուկ կխնդրեմ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր դուրս են եկել ՀՀՇ-ից, եւ դուք կտեսնեք, թե նրանց իրական քանակը որքան է, եւ գուցե ավելի տեսանելի կլինի, թե ՀՀՇ-ից արդյոք ընդամենը 8 հոգի՞ է հեռացել, ինչպես հայտարարում են ՀԱԿ-ում: Բացի ՀՀՇ-ից հեռացածներից՝ «Ազատ դեմոկրատների» կայացման փուլում մեզ աջակցեցին նաեւ մեր բազմաթիվ ընկերներն ու համախոհները, որոնց հետ մենք ճանապարհ էինք անցել: Դրանք մարդիկ են, որոնք, ցավոք, մի ժամանակ ասում էին, որ ձեր կողքին կլինենք, բայց ՀՀՇ չենք մտնի, նաեւ երիտասարդներ են, որոնք նոր են մտնում քաղաքականություն, ու վերջապես անհատներ են, որոնք ուղղակի ազատական մտածողության տեր են, կարեւորում են իրական ժողովրդավարությունը: Հենց այս հանգամանքն էր, որ սկսեց մտահոգել ՀԱԿ-ի իմ նախկին գործընկերներին, եւ նրանք մտածեցին, որ պետք է անպայման ամեն ինչ անել, որպեսզի հասարակության ներսում «Ազատ դեմոկրատները» վարկաբեկված լինի:

– Այսինքն՝ ՀԱԿ-ում ձեզ մրցակի՞ց են համարում:

– Ցավոք, մի բան ակնհայտ է. ես ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնը թողնելուց հետո մեկուկես տարի որեւէ հրապարակային ելույթ չեմ ունեցել, որեւէ բան չեմ մեկնաբանել, թեեւ խոսելու շատ բան կար, եւ եթե հանկարծ խոսելու կամ Կոնգրեսին վնասելու ցանկություն ունենայի՝ հավատացած եղեք, որ շատ ասելիք կար: Ես այսօր էլ Կոնգրեսին հաջողություն եմ մաղթում իր քաղաքական պայքարում: Ի վերջո, այն մարդիկ, քաղաքական այրերը, որոնք հավաքվել են ՀԱԿ-ում, պետք է հասկանան՝ Հայաստանում ընդդիմությունն ու մեր հասարակությունը մի թիրախ ունեն՝ ապօրինի իշխանությունը, ավազակապետությունը, որից պետք է օր առաջ ազատվել: Եվ իմաստազուրկ է փորձել ջանք ու եռանդ չխնայելով ինչ-որ վհուկների որս կազմակերպել, այն էլ՝ 37 թվականի բովանդակությամբ եւ մեթոդներով, այն մեթոդներով, որոնք մեր դեմ օգտագործեց նույն իրավապահ համակարգը «Մարտի 1»-ից հետո՝ նույն տիպի եւ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով ինչ-որ մարդկանց, ինչ-որ երկրի հատուկ ծառայությունների կամ դեսպանատների «կոնտակտներ» անվանելով, առավել եւս, որ Կոնգրեսում բոլորը գիտեն, թե ով կամ ովքեր են 2008-ի մարտի 24-ից սկսած եղել իրական «կոնտակտները» եւ ինչու են այդպես կոչվում: Եթե նրանք փորձում են այս ճանապարհով գնալ, կարծում եմ՝ որեւէ շահեկան բանի չեն հանգելու:

– Կարծում եք՝ ՀԱԿ-ում երկա՞ր է շարունակվելու «վնասարարների» փնտրտուքը, մասնավորապես՝ նաեւ ձեր նորաստեղծ կուսակցության անդամների շրջանում:

– Որեւէ ցանկություն չկա ՀԱԿ-ի հետ պատերազմ սկսել կամ ինչ-որ բաներ բացահայտել, իրողություններ արձանագրել, որոնք բոլորին հայտնի են, բայցեւ վերստին հստակ արձանագրում եւ քաղաքական գնահատական են ուզում: Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: ՀԱԿ-ը մի միավոր է, որ պայքարում է Հայաստանում օրինական իշխանության կայացման համար, բայց նա պետք է նաեւ հաշտվի այն մտքի հետ, որ իրենից բացի՝ կան նաեւ քաղաքական այլ միավորներ, որոնք նույն նպատակն են հետապնդում, եւ միշտ չէ, որ նույն նպատակը հետապնդող քաղաքական միավորները կարող են իրար հետ համագործակցել՝ մասնավորապես այս ստոր զրպարտությունների պայմաններում: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա՝ իհարկե, ժամանակի մեջ կարող են եզրեր գտնվել նաեւ նրանց հետ համագործակցության համար: Առջեւում ընտրություններ են, դրանց օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելու գործում ցանկացած քաղաքական ուժ իր անելիքն ունի, այդ թվում նաեւ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ մյուսները:

Ի դեպ, տարին մոտենում է ավարտին, եւ օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել ինչպես «Առավոտի» աշխատակազմի եւ նրա ընթերցողների, այնպես էլ մեր ողջ հասարակության գալիք Նոր տարին եւ Սուրբ ծնունդը: Կարծում եմ՝ կհանդիպենք գալիք քաղաքական տարում եւ այդ ժամանակ կխոսենք ոչ թե մեր եւ ՀԱԿ-ի հակասությունների, այլ մեր ծրագրերի, հասարակությանը հուզող հարցերի մասին:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031