Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու նոր փորձե՞ր
Նախորդ օրը երեկոյան հայտնի դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մեկօրյա այցով ժամանում է Հայաստան: Այցի, այսպես ասած, ինֆորմացիոն առիթի մասին հանրությանը որեւէ տեղեկատվություն չտրվեց: Նախագահ Սարգսյանի հրավերը պարզապես հետեւեց ՀԱՊԿ 20-ամյակի միջոցառումներին, այնտեղ տեղի ունեցած պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներին, ձեռք բերված պայմանավորվածություններին, ընդունված փաստաթղթերին: Իրանի նախագահի անակնկալ այցը նաեւ հետեւեց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, այդ առիթով ֆրանս-թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածության խորացմանը, ինչը էլ ավելի է խտացնում տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները: Արդյունքում ՀՀ նախագահը եւ ԻԻՀ նախագահը համատեղ հայտարարության մեջ, ի թիվս տնտեսական բազմակողմանի հարցերի, խոսել են նաեւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման խաղաղ ճանապարհի մասին, կարեւորել են զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը՝ հավատարմություն հայտնելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով երկու նախագահների հանդիպման, դրա արդյունքների տեսանելի եւ, այսպես կոչված, կուլիսային ասպեկտներին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նկատեց, որ այցի տեսանելի հատվածում, համաձայն համատեղ հայտարարության, Իրանը «գումար է առաջարկում Հայաստանին»: Այսինքն՝ ստորագրված համաձայնագրերը փաստում են, որ մեր հարեւանը ֆինանսական օժանդակություն եւ ներդրումներ է նախատեսում կատարել մեր երկրում, իհարկե՝ համապատասխան «եղանակի» առկայության պարագայում: Այդ համատեքստում է նաեւ առաջիկայում իրանցի զբոսաշրջիկների թվի նախատեսվող աճը՝ մինչեւ մեկ միլիոն մարդ: Ինչ վերաբերում է միջուկային զենքի խնդրին, մեր զրուցակցի համոզմամբ՝ Իրանն առիթը բաց չի թողնում աշխարհին հավատացնելու, որ ինքը խաղաղ միջուկային ծրագրի երկիր է, բայց, միեւնույն է, Իրանին այդպես էլ չեն հավատում, ավելին՝ լուրջ կասկածներ ունեն, որ Իրանն արդեն միջուկային զենք ունի:
Ինչ վերաբերում է այցի թերեւս ամենակարեւոր՝ «կուլիսային» մասին, Արամ Կարապետյանը մի քանի խնդիր է կարեւորում. «Իրանը ուզում է հասկանալ՝ հնարավո՞ր է առաջիկայում Հայաստանն ինչ-որ կերպ օգտագործվի որպես պլացդարմ՝ իր դեմ գործողություններում, թե՞ ոչ: Նաեւ՝ քանի որ Սերժ Սարգսյանը նոր է վերադարձել ՀԱՊԿ 20-ամյակի միջոցառումներից, Իրանն ուզում է անուղղակի ձեւով հասկանալ ռուսական ղեկավարության իրական ձգտումները»: Այս համատեքստում Արամ Կարապետյանն էլ հետաքրքրական է համարում «Նեզավիսիմայա գազետա»-ում վերջերս հրապարակված «արտահոսքը» (17.12.2011, «Առավոտ»), համաձայն որի՝ Հյուսիս-հարավ ստեղծված առանցքին, որտեղ ներառված են ՌԴ-ն, Իրանը, Հայաստանը, խանգարում է Վրաստանը: Իրանին հետաքրքրող մյուս հարցն էլ, ըստ Արամ Կարապետյանի, այն է, թե Հայաստանը որքանո՞վ կարող է ներքաշվել ամերիկյան Արեւմուտք-Արեւելք ծրագրի մեջ, որտեղ ներառվում են Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ այլն. «Այստեղ հետաքրքրական են դառնում Ֆրանսիայի կատարած քայլերը: Մինչեւ վերջ գնալու պարագայում արդյոք դրանք ճնշումնե՞ր են Թուրքիայի վրա, որպեսզի Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Այսինքն՝ նոր խա՞ղ է սկսվել, թե՞ դա Ֆրանսիայի գործողություններն են՝ ելնելով մարդու իրավունքների, Ֆրանսիայի ներքին խնդիրներից կամ տարածաշրջանում Հայաստանն «իրենով անելուց»: Եթե վերջիններս են՝ Իրանին չի անհանգստացնում, բայց հնարավո՞ր է, որ այս ամենը կատարվում են ԱՄՆ-ի դիրիժորությամբ եւ իր մեջ ներառում է նաեւ թուրքական սահմանը բացելը: Թուրքիան Իրանին թիկունքից մեծ հարված հասցրեց, երբ համաձայնեց հակահրթիռային պաշտպանության էլեմենտներն իր մոտ տեղակայել, ինչը Իրանի դեմ էր: Այս ամենում Իրանին նաեւ հետաքրքրում է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Թուրքիա-Վրաստան տնտեսական միությունը, որը բավականին ակտիվ է, եւ որին ինտեգրվում է նաեւ Հայաստանը: Այսինքն՝ Հայաստանը մի կողմից՝ ասում է, որ Իրանի հետ բարեկամ է, մյուս կողմից՝ քայլեր է անում, որոնք մտահոգում են Իրանին: Իրանին նաեւ կարեւոր է հասկանալ, թե հայկական գաղութը՝ Իրանում, Սիրիայում, Լիբանանում, կմնա՞ հավատարիմ մինչ այսօր դավանած արժեքներին եւ չի՞ օգտագործվի խժդժությունների համար»: Այս ուղղությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը մեր զրուցակիցը դրական է գնահատում: Մեր հարեւանին նաեւ մտահոգում են ղարաբաղյան ճակատում հնարավոր ռազմական գործողությունները, որոնք, իրենց կարծիքով, կարող են հրահրվել թե ՆԱՏՕ-ի կողմից, թե ՌԴ-ի, նաեւ՝ ՀԱՊԿ ընդունած որոշումը, համաձայն որի՝ երրորդ երկրներն իրավունք չունեն ռազմաբազաներ տեղակայել:
Հետաքրքիր է՝ ԻԻՀ նախագահը Հայաստանից գո՞հ է հեռացել, ստացե՞լ է իրեն հուզող հարցերի պատասխանները: Ըստ Արամ Կարապետյանի՝ ոչ. «Ահմադինեժադը հենց հայկական ֆակտորի հետ կապված չէ, որ չբավարարված է հեռացել: Պարզապես հայկական էլիտային չի հերիքում այդ մեծ խաղի մեջ ունենալ այն ինֆորմացիան, ստրատեգիան, անալիզը, դրանք հրամցնել մյուս երկրներին: Նա նեղացած է հեռացել, որովհետեւ ոչ մի կերպ չի հաջողում Հայաստանի հետ վարել այն քաղաքական կուրսը, որը փոխշահավետ կկարողանան օգտագործել՝ որպես լոբբինգ: Իրանը ՀՀ-ին կարող է լոբբինգ անել մահմեդական աշխարհում, իսկ Հայաստանը կարող է այդ լուրջ, քաղաքական խաչմերուկը հանդիսանալ: Ինչքան բացատրում ես, մերոնք վերջում էլի ասում են՝ բադամի կիլոն Իրանում թանկ է»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ