Իմ բարեկամ Էդիկ Բաղդասարյանն ունի տեսություն, որի հետ ես համաձայն եմ 90 տոկոսով: Այդ տեսության համաձայն՝ իշխանությունը որեւէ երկրում, ըստ էության, չի փոխվում: Դրա վերաբերյալ ես ունեմ մի վերապահում. երբ մահանում են առավել դաժան, առավել արտառոց ռեժիմների առաջնորդները՝ Հիտլերը, Ստալինը, Ֆրանկոն, Պոլպոտը, իշխանությունն, այնուամենայնիվ, փոխվում է: Բայց սովորական, այսպես ասած՝ ընթացիկ իրավիճակներում ոչ մի բան էլ չի փոխվում՝ ոչ զարգացած, ոչ էլ թերզարգացած երկրներում: Այս տեսությունից ուղղակիորեն հետեւում է այն, որ որեւէ երկրում սպասել, թե տվյալ իշխանությունը իր կամքով որեւէ լավ բան կանի, նույնքան միամիտ է, որքան ակնկալել, թե այս իշխանությանը փոխարինելու կգա մեկ ուրիշը, որն ավելի «մաքուր մտադրություններ» չի ունենա: Իմ դպրոցական տարիներին պատմության դասագրքերում խիստ քննադատության էր ենթարկվում «բարի թագավոր» ունենալու հեռանկարի նկատմամբ հավատը: Պարզվում է՝ այդ քննադատության մեջ որոշակի դրական հատիկ կար:
Իհարկե, նրանք, ովքեր ուզում են իշխանության գալ, նման տեսությունը չեն ընդունի եւ կասեն՝ «ուրեմն հաշտվե՞նք այս խայտառակ իրականության հետ, ուրեմն ժողովրդի մեջ անտարբերություն, հարմարվողականություն եւ հուսալքությո՞ւն սերմանենք»: Իհարկե՝ ոչ: Բայց ինձ թվում է, որ պայքարը, եթե այն անկեղծ է եւ չի հետապնդում աթոռներին տիրանալու նպատակ, պետք է ուղղված լինի կոնկրետ խնդիրների լուծմանը եւ չպարունակի ընդհանուր, դեկլարատիվ, անիրատեսական կոչեր, օրինակ՝ «փոխարինենք ավազակապետությունը հրեշտակապետությամբ»: Այդ առումով հասարակական շարժումները, եթե դրանք սկզբունքային եւ հետեւողական լինեն, կարող են շատ խնդիրներ լուծել: Այն երիտասարդները, ովքեր այս ամռան եւ աշնան ընթացքում ակցիաներ էին կազմակերպում Թռչկանի ջրվեժի մոտ, ցույց տվեցին նման արդյունավետ պայքարի օրինակը: Այսօր նույն երեխաները Քաջարանում են. նրանք ոչ թե պայքարում են ինչ-որ վերացական «իշխանափոխության» համար, այլ պաշտպանում են կոնկրետ մարդկանց՝ իրենց սեփական հողի վրա ապրելու իրավունքը: Այստեղ պայքարն ավելի ծանր է լինելու, քան Թռչկանում, որովհետեւ մենք գիտենք, թե ում է իրականում պատկանում կոմբինատը: Բայց երիտասարդների մաքրությունը, ազնվությունը իրականում մեծ ուժ է: Այն պահին, երբ նրանք որեւէ ձեւով առնչվեն քաղաքականությանը, ցանկանան, օրինակ, պատգամավոր դառնալ, այդ պահին իրենց պայքարը կտապալվի:
Քաղաքական գործիչները ակնհայտորեն հոգնեցրել են հասարակությանը: Անձամբ ես որեւէ էական տարբերություն չեմ զգում 90-ականների Արշակ Սադոյանի եւ ՀԱԿ-ի այսօրվա առաջնորդների հռետորաբանության մեջ՝ նույն բառապաշարն է, նույն սոցիալական բնազդների խաղարկումը: Հասարակական, երիտասարդական շարժումները (իհարկե՝ իրական, ոչ վիրտուալ) կարող են որոշակի թարմություն մտցնել մեր կյանքում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ