Արթուր Գրիգորյանը երկրորդ նման փորձն է ձեռնարկել: Դատի է տվել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որը մեր թերթին տված հարցազրույցում պատմել էր, թե ինչպես է դարձել Արթուր Գրիգորյանի խաբեության զոհը: Ոչ միայն դատի է տվել իրենից դժգոհ քաղաքացուն, իր նախկին վստահորդին, այլև դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոց` 3 մլն դրամի արգելանք դնել Բագրատյանի գույքի ու դրամական միջոցների վրա և արգելել վերջինիս այս թեմայով խոսել` մինչև դատարանի վճիռն ուժի մեջ չմտնի: Այսինքն` առնվազն 6 ամիս: Եվ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավոր Ռ. Բունիաթյանը սիրահոժար բավարարել է նրա պահանջը` 3 մլն-ի արգելանք է դրել Բագրատյանի գույքի վրա և արգելել «հրապարակայնորեն` մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, ինտերնետ կայքերի և այլ հանրամատչելի եղանակներով որևէ տեղեկատվություն տարածել Արթուր Գրիգորյանի մասին»:
«Հրապարակ»