Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.30-ի սահմաններում Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Գազ 66» մակնիշի ավտոմեքենաները:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի քննիչները: Վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»–ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը եւ «Գազ 66»-ի վարորդը տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց:
Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարները վնասված «Ֆորդ Տրազիտ»–ի միջից փորձում են դուրս բերել մահացածի դին: Ոստիկանությունը ձեռնարկում է քննչական միջոցառումներ՝ պարզելու համար մահացածի և վիրավորի ինքությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոճանապարհն ամբողջովին ծածկված է մերկասառույցով։
Կարդացեք նաև
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության Ապարանի բաժնի ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի LXL 971 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով տեղում մահացել էր, հանդիսանում էր Վրաստանի քաղաքացի 41-ամյա Գուբուլի Շալվան, իսկ նրա ուղևորը նույնպես Վրաստանի քաղաքացի 35-ամյա Խոցելավա Կախակիշվարտովիչն ու «Գազ 66» մակնիշի 389 ՍՏ 15 համարանիշի վարորդ Ապարանի բնակիչ Ապարանի պանրի գործարանի աշխատակից 49-ամյա Աշոտ Ավագյանը տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց: Երկու ավտոմեքենաները տեղափոխվում են Ապարանի ոստիկանության բաժնի տուգանային հրապարակ: