Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը՝ Հայաստանի արտակարգ դրության օրենքի մասին

Դեկտեմբեր 23,2011 22:47

Վենետիկի հանձնաժողովն իր 89-րդ նստաշրջանում, որը կայացել է դեկտեմբերի 16-17-ը՝ քննել է մեր տարածաշրջանի երկրների օրենսդրությանը վերաբերող մի քանի նախաձեռնություններ: Եզրակացություն է ներկայացվել Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների մասին օրենքի նախագծի եւ Վրաստանի «Ընտրական օրենսգրքի» եւ «Քաղաքացիների քաղաքական միավորումների» օրինագծի վերաբերյալ:

Եզրակացություններ են ներկայացվել նաեւ Հայաստանի այլընտրանքային ծառայության եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքների նախագծերի վերաբերյալ: Եզրակացությունները հաջորդող օրերին հրապարակվեցին Վենետիկի հանձնաժողովի կայքում:
Մասնավորապես՝ այլընտրանքային ծառայության մասին  օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացության մեջ նշված է, թե նախագիծը «ողջունելի է, քանի որ կարող է որոշ չափով խթանել օրենքի համապատասխանությունը միջազգային չափանիշներին», սակայն նաեւ արվել են մի շարք երաշխավորություններ՝ բարելավելու նախագիծը: Մասնավորապես՝ առաջարկվել է հստակորեն նշել, թե զինվորականները չեն ունենալու ամենօրյա վերահսկողական դեր նրանց նկատմամբ, ովքեր իրականացնում են այլընտրանքային ծառայություն, նաեւ ավելացնել դրույթ, որը հնարավորություն կտար զինվորական ծառայությունից անցնելու այլընտրանքայինի եւ այլն:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է. «Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում օրենքի գերակայության հիմնարար սկզբունքը պետք է գերակայի: Արտակարգ միջոցները եւ հիմնարար իրավունքների սահմանափակումները ընդունելի են միայն այն դեպքում, եթե արտակարգ վիճակը սպառնում է ազգի կենսագործունեությանը: Բացի այդ՝ այդ միջոցները պետք է լինեն համաչափ արտակարգ վիճակին եւ տեւեն միայն այնքան, որքան արտակարգ վիճակն ինքնին: Օրենքի գերակայությունից հետեւում է, որ պետական մարմինները պետք է գործեն օրենքի շրջանակում, եւ նրանց գործողությունները պետք է քննության առարկա լինեն անկախ դատարանների կողմից»:

Նշելով, թե տվյալ օրենքի նախագիծը պարունակում է դրական որոշ տարրեր՝ Վենետիկի  հանձնաժողովն արել է այն բարեփոխելու առաջարկներ, մասնավորապես՝ «Որպեսզի լիովին երաշխավորվի անհրաժեշտ ժողովրդավարական վերահսկողությունը գործադիր իշխանության նկատմամբ արտակարգ դրության պայմաններում, օրենքը պիտի նախատեսի դրույթ, ըստ որի սահմանվի պարտավորություն՝ ՀՀ նախագահի հրամանագիրն արտակարգ դրություն հայտարարելու մասին պետք է անմիջապես ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը»: Նաեւ առաջարկվել է հանել այն դրույթը, որն իշխանությանը վերապահում է կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու իրավունք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031