Դեկտեմբերի 22-ին Avant-Garde Folk ակումբում տեղի ունեցավ Մարիամ Պետրոսյանի և «Imagine Band» խմբի բարեգործական համերգը, որի ողջ հասույթը տրամադրվեց ԱՀԱ Սուրբ Երրորդություն եկեղեցում գործող խուլ ու համրերի համայնքին:
«Imagine Band» -ը երեք տարվա պատմություն ունի: Նվագախմբի բաս կիթառահար Հովհաննես Հարությունյանն ասում էր, որ դա երրորդ համատեղ համերգն է Մարիամի հետ: Ծրագրում ներառված էին նաև «Imagine Band» խմբի և Մարիամի հեղինակային գործերից:
Բարեգործական միջոցառմանը հրավիրված էին նաև խուլ ու համրերի համայնքի երիտասարդներից:
Նրանց թարգմանիչ Զուբեիդա Մելիքյանն ասում էր, որ երիտասարդները ոգեւորված են նման հրավեր ստանալու և իրենց ուշադրության արժանացնելու համար:
Զուբեիդան համերգի ընթացքում ժեստերի լեզվով թարգմանում էր երգերն ու երաժշտությունը: Վերջում նրանք երգչուհի Մարիամի հետ իրենց լեզվով երգեցին «Նույն արեւի տակ երգը»: Զուբեիդան ասում է . «Նրանք ականջներով չեն կարող լսել, բայց լսում են աչքերով: Ես նրանց համերգի ընթացքում հարցրեցի, թե ինչ են զգում, Գոհարն ասաց. «Ես զգացի տակտերը, ես երաժշտության մեջ էի, զգացի հանդարտություն, սփոփանք, ես պատկերացնում էի այն»: Երիտասարդներից մեկն էլ արտահայտվեց այսպես. «Նայում եմ ձեզ, դուք բոլորդ ձայնով եք խոսում, ես ժեստերով, ես ամեն ինչ կարող եմ բացի խոսելուց, միայն այդքանը, դա այնքան էլ վատ չէ: Ես կուզեի, որ մեզ հավասարի պես վերաբերվեիք: Ես տեսա, որ բոլորդ մեզ պես եք ողջունում` մեր ժեստով` ձեռքերը վեր բարձրացրած, շնորհակալ եմ դրա համար»:
Զուբեիդան և երիտասարդները պատրաստվում են իրենց նվիրաբերած գումարից հատկացնել նաև CD թողարկելուն, որում կլինեն ժեստերի լեզուն սովորեցնող հոլովակներ: Այդպիսով բոլոր ցանկացողները կկարողանան հաղորդակից լինել խուլերի աշխարհին:
Լիլիթ Շարբաթյան