Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. Լեւոն Զուրաբյանը WikiLeaks-ի փոխարեն, թող մեկ-մեկ էլ «ՉԻ» կարդա

Դեկտեմբեր 23,2011 22:02

Այս շաբաթ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ ժամանակին ՀԱԿ-ը գնահատական չտվեց Արարատ Զուրաբյանի ՀՀՇ-ից հեռանալուն: Ի պատասխան ՀԱԿ ներկայացուցիչն ասել էր, թե ինքն այդ հարցը կմեկնաբանի, եթե լրագրողները Արարատ Զուրաբյանից ստանան իր երեք հետեւյալ հարցերի պատասխանները՝ ինչո՞ւ է Արարատ Զուրաբյանն այն միակ քաղբանտարկյալը, որն ազատ է արձակվել Սամվել Նիկոյանի հանձնաժողովի միջնորդությամբ, եթե դա այդպես է, ինչո՞ւ է դա գաղտնի պահվել, եւ ՀԱԿ-ում այդ մասին իմացել են WikiLeaks-ի շնորհիվ, եւ երրորդ՝ ինչո՞ւ է Արարատ Զուրաբյանը միակ քաղբանտարկյալը, որը չի դիմել Եվրոպական դատարան:

 «Առավոտի» հետ զրույցում ՀՀՇ վարչության նախկին նախագահ, իսկ այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանն այդ հարցադրումների առնչությամբ պարզաբանեց. «Նախ՝ մի պահ վերադառնանք այդ ժամանակաշրջան եւ վերհիշենք թե որտե՞ղ էի ես: Ես հուլիսի 23-ից հիվանդանոցում էի, առողջական խնդիրներ ունեի, եւ այդ ժամանակահատվածում հիվանդանոցում ինձ այցելել են ՀԱԿ-ից Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Բաբկեն Արարաքցյանը, առանձին այցելել են նաեւ ԱԺ մի քանի պատգամավորներ: Այդ նույն ժամանակահատվածում իմ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն էր հանդես եկել իմ նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ, որովհետեւ առողջական խնդիրներ ունեի: Հիմա, եթե Նիկոյանի հանձնաժողովն ինչ-ինչ պատճառներով ինքն էլ է միջնորդություն ներկայացրել՝ հավանաբար, պարզաբանումը պետք է ստանալ հենց Նիկոյանի հանձնաժողովից:

Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե ՀԱԿ-ում որեւէ մեկը տեղյակ չի եղել Նիկոյանի հանձնաժողովի միջոնդության մասին եւ միայն WikiLeaks-ից են դա իմացել: Սա ստախոսություն է: Ես միգուցե ասեի, թե դա ընդամենը թյուրիմացության արդյունք է, բայց դժվար է չնկատել մի բան. իմ խափանման միջոցը փոխելու խնդրին դեռ 2008-ի հուլիսի 29-ին անդրադարձել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, որոնցից՝ «Ա1+» եւ այլն, էլ չթվարկեմ, շեշտել էին նաեւ, որ  «Զուրաբյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու մասին: Նման միջնորդությամբ էին հանդես եկել մարտի 1-ի հանձնաժողովի անդամները՝ Արարատ Զուրաբյանին հիվանդանոց այցելելուց հետո»: Բայց այն, որ Լեւոն Զուրաբյանը տեղյակ չէ, որ իր ընտանիքին պատկանող «Չորրորդ իշխանություն» թերթում էլ է գրված եղել դրա մասին՝ տարակուսանք եւ զարմանք է հարուցում: Կարծում եմ, լավ կլիներ, որ Լեւոն Զուրաբյանը WikiLeaks  կարդալու փոխարեն մեկ մեկ էլ «ՉԻ» կարդար:

Ինչո՞ւ չդիմեցի Եվրոպական դատարան: Ինչ-որ բանից կառչելու ցանկություն ունեցողները սրանից էլ կփորձեն կառչել, բայց իրականությունն այն է, որ ես իմ գիտակցական կյանքում երազել ու պայքարել եմ, որ հայ մարդն ապրի իր երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում: Չեմ ուզում ներկա կամ նախկին ընկերներիցս որեւէ մեկին նեղացրած լինել, բայց ինձ համար սա սկզբունքային է եղել. Եվրոպական դատարանին ներկայացվող որեւէ գանգատ սկսվում եւ իմ դեպքում էլ սկսվելու էր՝ «Արարատ Զուրաբյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»: Ես երբեք չեմ պատկերացրել մի իրավիճակ, երբ ես լինեմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ինձ համար դա արտասանելը բավականաչափ բարդ է: Իմ պարագայում ԵԴ չդիմելը սրանով էր պայմանավորված, եւ ես դրա մասին բարձրաձայնել եմ, ու ՀԱԿ-ում էլ են բոլորը տեղյակ եղել, եւ հիմա թող կապիկություն չանեն: Պետք է հասկանալ նաեւ՝ ի՞նչ էր տալու ԵԴ-ն. մի քանի կոպեկ փոխհատուցում այն բանի համար, որ ես անցկացրել եմ ԱԱԾ մեկուսարանում: Ես դրա կարիքը չունեի:

Լինելու էր նաեւ արձանագրում, որ այս իշխանությունները ապօրինի գործողություններ են կատարել: Կարծում եմ, որեւէ գիտակից, քաղաքակիրթ ու նորմալ մարդու համար այդ հարցի շուրջ կասկածներ չկան: Եթե դա անհրաժեշտ էր եւս մեկ անգամ արձանագրել միջազգային ատյանում, տվյալ դեպքում՝ ՄԻԵԴ-ում, ապա՝ բազմաթիվ քրեական գործեր կան, որոնցով դա դեռ կարձանագրվի, բայց կառչել մի բանից եւ փորձել դրա մեջ ինչ-որ բան գտնել…

Ավելին, ես նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի ժամանակ փաստաղթղթի տակ իմ ստորագրությունը դնելիս կողքին հավելում եմ արել, որ նույնիսկ նա «պետք է դատվի միայն Հայաստանի Հանրապետությունում»:

Ի դեպ, ես էլ եմ ուզում մի հարց ուղղել Լեւոն Զուրաբյանին. լինելով Տեր-Պետրոսյանի մերձավորագույն անձանցից մեկը, լինելով Համաժողովրդական շարժման եւ նախագահական ընտրությունների ժամանակ գործող շտաբի առանցքային անդամներից մեկը՝ ինչո՞ւ իրեն չեն կալանավորել: Տվյալ ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանը կարող էր չկալանավորել, ենթադրում եմ՝ երկու պատճառաբանությամբ. կամ՝ եթե տվյալ անձը Համաժողովրդական շարժման մեջ լինելով սպասարկում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շահերը, ու, իրենց լեզվով ասեմ՝ գործակալ էր, եւ կամ՝ ինքը զրոյական ազդեցություն ունեցող քաղաքական այր էր, իսկ զրոյին կարող էին ձեռք չտալ, որովհետեւ զրոն չի կարող որեւէ ազդեցություն ունենալ որեւէ գործընթացում: Զուրաբյան Լեւոնը թող ինքը որոշի, թե այս երկուսից ո՞րն է իրեն ավելի հատուկ: Բայց լավ կլինի, որ մի հարցում էլ ուղարկի ԱԱԾ-ին եւ Գլխավոր դատախազությանը, եթե, իհարկե, այս իմ ենթադրած երկու տարբերակներից որեւէ մեկն իր համար ընդունելի չեն լինի, եւ հարց բարձրացնի՝ ինչո՞ւ իրեն նույնիսկ հարցաքննությա՛ն չեն կանչել»:

 Արարատ Զուրաբյանի հարցազրույցի այլ մանրամասները՝ կարդացեք «Առավոտի» տպագիր համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031