Aravot.am-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը տեղեկացրեց, որ իր փաստաբանը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ գործը կարճելու մասին որոշումը եւ գործի նյութերը ստանալու համար, սակայն ՀՔԾ-ն դեռ չի տրամադրել դրանք եւ, քանի որ բողոքարկման 10-օրյա ժամկետն էլ արդեն սպառվում էր, Սիլվա Համբարձումյանը բողոքարկել է ՀՔԾ-ի վճիռը:
Հիշեցնենք, որ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում նրա եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության արդյունքում ՀՔԾ-ն որոշել էր, որ. «Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը» եւ կարճել գործը:
Նկատենք, որ ՀՔԾ-ի վճռից հետո Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ ինքը բավարարված է այդ վճռով, քանի որ իր ընկալմամբ՝ այդպիսով Սուրիկ Խաչատրյանը նաեւ ներողություն է խնդրել իրենից: Ի դեպ, այդ ժամանակ Սյունիքի մարզպետը պարտավորվել էր վճարել նաեւ «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքից, Սիլվա Համբարձումյանի ձեւակերպմամբ, գողացած 102 միլիոն սարքավորումների գումարը: Այդ գործն արդեն մոտ երեք տարի է քննչական մարմիններում է:
Սիլվա Համբարձումյանը նաեւ տեղեկացրեց, որ քննչականում այդ գումարի մասով էլ Սուրիկ Խաչատրյանը «ցրողական է խոսում», նաեւ դա է նպաստել, որպեսզի բողոքարկի:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք` եթե Սուրիկ Խաչատրյանն, այնուհանդերձ փոխանցի այդ գումարը, Սիլվա Համբարձումյանը ետ կվերցնի՞ իր բողոքը. «Այո, միայն այն բանի համար, որ իրենից պրծնեմ, իր հետ էլ գործ չունենամ, իր անունն իմ մոտ էլ չտան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ