Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը քաջարանցիների եւ բնապահպանների հետ հանդիպման ժամանակ հարցին` դուք ռազմագիտորեն ինչքանո՞վ եք ճիշտ համարում, որ այս գյուղը դատարկվի, որովհետեւ մեր պոստերն ընդամենը 2-3 կմ են հեռու, այսպիսի պատասխան էր տվել. «Բայց պոստերը գյուղի հետ ի՞նչ կապ ունի: Եթե Հորադիզի հետեւի գյուղերը ապրող չկա, ուրեմն ի՞նչ է նշանակում, էդ պոստերը պիտի տա՞նք: Մենք էնքան սահմաններ ունենք, որ հետեւում գյուղ չկա: Մեղրիից սկսած` Արաքսի ափերից սկսած` սարերում էլ դիրքեր կան, էդ դիրքերի ետեւում էլ բնակավայր չկա, պահպանվում ա, չէ՞»: Բնապահպանի հարցին` որտե՞ղ է ավելի ամուր սահմանը` երբ մարդ կա՞, թե՞ երբ չկա` մարզպետը պատասխանում է` «Ամուրը նա ա, երբ ունենք հայրենասեր զինվոր, երբ որ գյուղացու հույսին էր` դրա համար էլ Ծովից Ծով Հայաստանը կորցրինք, հիմա երբ զինվորի հույսին ա, զինվորը պահելու ա»:
Aravot.am-ի հետ զրույցում՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանելով մարզպետի խոսքերը` դրանք բնութագրեց որպես «մտքի գոհարներ».«Ցավում եմ, բայց իր մտածողությունը շատ տիպական է այս կառավարության եւ այս իշխանության համար, որովհետեւ, ըստ էության, նրան երեւի թե պիտի շնորհակալություն հայտնել, որ բարձրաձայն ասաց այն, ինչը չի ասում այս կառավարությունը` ավելի բարձր մակարդակներով, բայց նույն կերպ մտածում է: Տեսնելով թե ինչպիսի անտարբերություն է տիրում սահմանամերձ գյուղերից արտագաղթի կապակցությամբ, ուղղակի հասկանում ես, որ այս մարդկանց համար գոյություն ունի փողի խնդիր: Կարծում են` եթե այն ժամանակ հանքարդյունահանող որեւէ ձեռնարկություն լիներ` ապա Ծովից Ծով Հայաստանը փրկելու էին: Իրականում երկիրը պահողը հայ մարդն է, գյուղացին, որովհետեւ նրանք ամենաքիչ բանն ունեն` այս երկիրը պահելու առումով: Կյանքը միշտ ցույց է տվել, որ հենց այդ տեսակն է պահպանում երկիրը»:
Պարոն Սաֆարյանը նաեւ ասաց, որ ինքը ծագումով սահմանապահ գյուղից է եւ տեսել է, թե հայ-ադրբեջանական սահմանային գոտում, որտեղ կան չեզոք տարածքներ, ինչպես է պահում գյուղացին սահմանները` այնտեղ անասուն արածացնելով, խոտ հնձելով ու վարուցանք անելով. «Զինվորը վստահ է լինում, որ իր հետ միասին այդ սահմանը պահող մարդիկ կան: Եթե այս կառավարությունը հույսը դրել է, որ սահմանները միայն պահելու է զինվորով, այն էլ` այնպիսի բանակով, որի հետ կապված համաժողովրդական անհանգստությունը հասնում է արդեն իր գագաթնակետին, ապա այս իշխանությանը ոչինչ չի մնում, քան լքել իր զբաղեցրած պաշտոնը, որպեսզի երկիրը կարողանան ղեկավարել այնպիսի մարդիկ, որոնք կհասկանան գյուղացու արժեքը, սահմանապահ գյուղի արժեքը եւ իրենց թույլ չեն տա նման մտքի գոհարներ շռայլել ողջ հասարակության առջեւ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ