Այսօր ԿԳ նախարարությունում կայացած ասուլիսում հարց հնչեց՝ ինչպե՞ս է հետադարձ հայացքով նայելու դեպքում, վերաբերվում օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ իր դեմ հնչած մեղադրանքներին: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես դիմացա այդ քննադատությանը, անցավ այս մեկ տարին, բոլորը տեսան, որ այդ մտահոգությունների մի մասը
ա) պատվիրված էին եւ կեղծ,
բ) ազնիվ մասը իրական կյանքում տեղ չուներ, որովհետեւ օտարալեզու դպրոցների վերաբացման մասին երբեք խոսք չի գնացել, այդպես փորձել են գործընթացը պիտակավորել այն մարդիկ, որոնք փորձել են մեր կողմից իրականացվող նախաձեռնությունը վերածել հակառուսական արշավի:
Իսկ մենք իրականացրել ենք միջազգային կրթական ծրագրեր Հայաստանում անելու գործընթաց, եւ բացվել է «Քվանտ» վարժարանում IB (International Baccalaureate) դասարանը, որի դեմ զարմանալի է, անցյալ տարի ընդդիմախոսներ ունեինք, բայց ոչ մի հրապարակային քննադատություն գոնե ինձ հասանելի չեղավ»:
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ Ֆրանսիա կատարած այցի արդյունքներին եւ հայտնեց, որ հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի համագործակցության նախարարի, գիտության եւ կրթության ոլորտների տարբեր կազմակերպության հետ, քննարկվել են ֆրանսերենի դասավանդման խորացման եւ ընդլայնման ծրագրերը: Ըստ նախարարի, հնարավոր է առաջիկայում Հայաստանում առաջին Ֆրանսիական լիցեյը բացվի: Նրա խոսքով, նաեւ Հայաստանում, ֆրանսիական համալսարանի նոր զարգացման ծրագրի անհրաժեշտությունն է շեշտվել, որով այդ համալսարանը կդառնա տարածաշրջանային նշանակության ֆրանկոֆոն կենտրոն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ