Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանցիների հետ վիճող «Քրոնիմետը» բարեգործական ծրագրեր կիրականացնի ոչ միայն Սյունիքում

Դեկտեմբեր 23,2011 16:40

Այսօր Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի երեխաների հյուրերը «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն էին, ովքեր Ծննդյան տոների կապակցությամբ խաղալիքներ, ձմեռային հագուստներ եւ այլ նվերներ էին բերել կրթօջախի սաներին:

Այս տարվա հունիսին ստեղծված հիմնադրամի առաքելությունն է աջակցել եւ օժանդակել անապահով խավերին, հատկապես` երեխաներին, առավելեւս՝ սահմանափակ հնարավորություն ունեցող երեխաներին:

«Քրոնիմետը» գերմանական ընկերություն է՝ Քաջարան քաղաքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետերը: Հիմնադրամի ստեղծումից առաջ՝ այս տարվա ապրիլից, կոմբինատը լուրջ հակասություններ ունի Քաջարան գյուղի բնակիչների հետ. ցանկանում է գյուղի հողերի հաշվին ընդլայնել հանքերը:

«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ղեկավարները որոշել են ակտիվ գործունեություն սկսել Սյունիքի մարզում` անմասն չթողնելով նաեւ մյուս մարզերը: Այսօր նրանք օգնում են Կապանի թիվ 3 հատուկ ու Սիսիանի թիվ 1 հատուկ դպրոցներին, Տավուշի մարզի Դիլիջանի խնամքի կենտրոնին: Միայն Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում, այսօր 143 երեխա կա, որից 79-ը հաշմանդամություն ունի:

«Այս պահին մենք եկել ենք նախնական այցով, արդեն կազմվել է որոշակի ծրագիր, կարծում եմ մյուս տարի կունենանք վերանորոգման աշխատանքներ, կտրամադրենք անհրաժեշտ կահույք, սարքավորումներ: Ծրագիրը ժամկետ չունի ու ժամանակային սահմանափակում չունի, մենք այն անվանում ենք մարզային սոցիալական օժանդակության ծրագիր, սակայն հատուկ անուն չենք մշակել: Հաշվի առնելով, որ մեր հիմնական գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ զարմանալի չէ, որ մենք Սյունիքում ակտիվ կլինենք: Դա չի նշանակում, որ մենք չենք աշխատելու նաեւ մյուս մարզերում: Ներդրումների չափը կախված է ներկայացվող ծրագրերից, այս պահին մեր այս ծրագրի բյուջեն տարեկան մոտ 200 միլիոն դրամ է: Ծրագրում կընդգրկվի նաեւ առողջապահությունը: Կրթական հարթությունում կաշխատենք ոչ միայն դպրոցների, այլ նաեւ բուհերի հետ: Կարծում եմ եկող տարի ծրագրերի շրջանակը կընդլայնվի», – Կապանում հայտարարեց «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանը:

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանը հիմնադրամին ներկայացրել է դպրոցի համար կարեւոր մի քանի ծրագրեր: Ամենաառաջնայինը սեփական անկյուն չունեցող, հատուկ կարիքավոր երեխաներին կացարանով ապահովելու ծրագիրն է: Նաեւ՝ դպրոցի վերանորոգումը, գույքով ապահովումը, տոն օրերին սաների համար թեկուզ փոքրիկ նվերներ ապահովելը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031