Քաջարանի տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու եւ բնակիչներին վերաբնակեցնելու մասին կառավարության որոշման դեմ այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության կազմակերպած քննարկումից հետո «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի անդամ «Իկոմոս» կազմակերպության ներկայացուցիչ Գագիկ Սուխուդյանն
Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին՝ Քաջարանից գերեզմանները տեղափոխելն իսկապե՞ս այնքան հեշտ է, ինչպես Սյունիքի մարզպետն է կարծում՝ ասաց. «Երբ մարդը տեղափոխություն է անում մի բնակարանից մյուս բնակարան՝ դա մեծ խնդիրների հետ է կապված՝ ընդամենը մի քաղաքի մեջ, իսկ այստեղ պիտի տեղահանվի ամբողջ գյուղը՝ իր հիշողություններով ու գերեզմաններով: Գյուղն ունի 300 տարվա պատմություն, ինչո՞ւ պիտի մարդ ուրիշի շահի համար մտածի նոր ապրելակերպի մասին: Հասկանալի է, որ նոր ապրելակերպ չի գտնի նա երբեք, ինչքան էլ ուզում է նրան գումար տան` չի կարող տեղափոխվել օտար տեղ, մանավանդ, որ այսօր բոլոր հողերը սեփականաշնորհված են: Նա պիտի դառնա քաղաքացի, պիտի դառնա տուն, իսկ կարգավիճակ փոխելը հեշտ չէ, գյուղացին շուտ չի դառնա քաղաքացի, մանավանդ, որ նա սովորել է իր ընտանի կենդանիներին, իր այգուն, ջրերին, տնամերձին: Գյուղին նորից հարված են հասցնում, այսպես թե այնպես մեր սննդի, ապրելակերպի շտեմարանը գյուղն է, այսինքն դա հակաժողովրդական որոշում էր: Եթե գալիս-ասում են` թող գնա, քո տակը ոսկի կա, դու մեզ չես հետաքրքրում, ոսկին է մեզ հետաքրքրում` սա է մեր գերակա շահը: Ես ձեզ տալիս եմ ձեր ասած թվից 10 անգամ ավելի` դուք կարո՞ղ եք այդ գումարով, օրինակ, Սեւան ստեղծել, կամ որեւէ գետ, աղբյուր, դա ձեր փեշակը չէ, դուք կարող եք ընդամենը մի ջրանցք ստեղծել, արհեստական ինչ-որ աղբյուր, մենք Արարիչի ստեղծածը չենք կարող ստեղծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ