«Գերասիմ Ալավերդյանից գյուղատնտեսության ոլորտը վերցրել եմ լիքը խնդիրներով, բայց չեմ ցանկանում անձնավորել»,- այսօր գյուղատնտեսության նախարարությունում տարեվերջյան ասուլիսի ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ոլորտի ի՞նչ խնդիրներով ստանձնեց նախարարի պաշտոնը, պատասխանեց նախարար Սերգո Կարապետյանը:
Ըստ նրա, այս տարի նախորդ տարվա համեմատ աճել է անասունների գլխաքանակը՝ խոշոր եղջերավորների, խոզերի, ոչխարների, բայց ցածր է մթերատվությունը. «Միջին կաթնատվությունը 2000 տոննա է , լուրջ քայլեր են պետք նաեւ արհեստական սերմնավորման մասով, որովհետեւ դաշտերում կերային բազա չկա, արոտավայրերը լիարժեք չեն օգտագործվում»: Նախարարի համար անցնող գյուղատնտեսական տարին կայունացման տարի էր: Գալիք տարին նա որակեց զարգացման տարի:
Տարվա ձեռքբերումներից նախարարը առանձնացրեց հացահատիկի արտադրության աճը եւ մթերման աշխատանքների բարեհաջող գործընթացը. «Առանց աժիոտաժի են կազմակերպվել, խաղողը մթերվել է 130 դրամով, իսկ վճարումները մոտ 28 տոկոսով է արվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ