Դեկտեմբերի 23-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի օպերատիվ խումբը բացահայտեց այսօր Մասիսում տեղի ունեցած սպանությունը:
Այսօր առավոտյան, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից ստեղծվել էին երեք օպերատիվ խմբեր՝ Արարատի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Եգոր Անտոնյանի, Մասիսի ոստիկանության պետ Համլետ Ղամբարյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի պետ Թեմուր Ջնդոյանի գլխավորությամբ:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում քիչ առաջ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը, սպանություն կատարելու կասկածանքով, Մասիսի ոստիկանություն բերման ենթարկեց 27-ամյա Արմեն Քալաշյանին, որը ոստիկաններին մատնացույց արեց այն վայրը, որտեղ նետել է հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:
Ավագ քննիչ Սամվել Անդրեասյանի կողմից, ընթերականների ներկայությամբ, Մասիսի հիվանդանոցին հարակից տարածքից՝ մթերային խանութի հետնամասում առգրավվեց արյունոտ դանակը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ավագ քննիչի որոշմամբ Արմեն Քալաշյանը ձերբակալվել է:
Կարդացեք նաև
Դանակն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Սպանվածն ու նրան սպանած կասկածյալը հարազատ եղբայրներ են:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ